Աշտարակում օդը ջրի տեղ են վաճառում

Աշտարակում օդը ջրի տեղ են վաճառում

Աշտարակի բնակիչները միշտ էլ բողոքել են, որ քիչ են ջուր ստանում: Բայց մեկ տարի առաջվա գրաֆիկը՝ մեկ ժամ առավոտ, մեկ ժամ երեկոյան, այսօր նրանց արքայություն է թվում: Օրեր առաջ ընդհանրապես ջուր չի եղել, եւ փողոցներում ցիստեռնով ջուր են վաճառել: «Ցիստեռնով բերում են, Թամազյան փողոցում բաժանում են,- «Հրապարակին» պատմեց Սմբատ Շահազիզ փողոցի 122 տան բնակիչ Սիմոն Տեր-Սիմոնյանը:



- Աշտարակում փողոցներ կան, որ շաբաթներով ջուր չեն ստանում: Իսկ երբ ջուրը գալիս է, մեզ ջրի գնով օդ են վաճառում»: Խորհրդային շրջանում Սիմոն Տեր-Սիմոնյանը կոմունալ գրասենյակի պետ է աշխատել եւ լավ ծանոթ է քաղաքի առանձնահատկություններին: «Օդ՝ ջրի փոխարեն» խարդախության բանաձեւը նա բացատրում է Աշտարակի ռելիեֆով: «Աշտարակը թեք հարթության վրա է, եւ երբ ջրամատակարարումը դադարեցվում է, խողովակները մինչեւ վերջին ջրի կաթիլը դատարկվում են, եւ դրանց մեջ օդ է լցվում: Երեկոյան, որ ջուրը տալիս են, խողովակաշարի ամբողջ օդը, որը հազարավոր խորանարդ մետրեր է կազմում, դուրս է գալիս, պտտեցնելով մեր հաշվիչները: Նոր սրանից հետո ջուր է գալիս»: Այսպես, անջրդի թաղամասերի առանց այդ էլ ժամով ջուր ստացող բնակիչները ջուրը միացնելուց հետո մի 20 րոպե ստիպված են «օդ» խմել, օդով լողանալ կամ լվացք անել: «Օդով ավելի արագ է պտտվում հաշվիչը»,- պատմում է նախկին խորհրդային չինովնիկը: Նրա հարեւանները եւս հաստատեցին սա: Նաեւ ցույց տվեցին մեզ Շահազիզի փողոցի դիտահորը, որում տեղադրված էր Սիմոն Տեր-Սիմոնյանի ջրաչափը, ավելի ճիշտ՝ այն տեղը, ուր նախկինում դիտահոր կար: «Սիմոն պապի ջրաչափը գտնվում էր փողոցի դիտահորի մեջ,- կատակով պատմեցին նրանք,- ասֆալտապատողները եկել են, ասֆալտապատել են, եւ հաշվիչն արդեն 10 տարի է՝ լույս չի տեսել, մնացել է գետնի տակ»:



Ծերունին անընդհատ բողոքել է ջրմուղ, նամակներ է գրել ֆրանսիացիներին, որ գան-բացեն դիտահորը, որպեսզի ինքն իմանա, թե ինչքան ջուր է սպառում եւ, ի վերջո, հաշվիչով վճարի: Նրան խոստացել են շտկել վիճակը, բայց չեն եկել եւ ամեն անգամ ինչ-որ մոտավոր թիվ են գրել, որի համար էլ ջրի վարձ են գանձել: Անցյալ ամիս, սակայն, այդ թիվը գերազանցել է ծերուկի սպասելիքները. 6 հազար լիտր՝ մեկ ամսում: «Ես մենակ եմ բնակվում, կինս վաղուց մահացել է, լողանում եմ հիմնականում աղջկաս տանը: Ես օրը մեկ-երկու դույլ օգտագործեմ, թե չէ»,- գանգատվում էր նա: Նա 15 օրը մեկ նամակներ է գրում «Հայջրմուղկոյուղու» տնօրեն Պատրիկ Լորենին: Արդեն երեք նամակ է ուղարկել եւ, անպատասխան մնալով, լավատես ծերուկը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ վերահսկողական միջամտություն պահանջելով: