Փոստանջյանը հույս ունի, որ հայտարարության նախագծով բան կփոխվի

Փոստանջյանը հույս ունի, որ հայտարարության նախագծով բան կփոխվի

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից սեպտեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանն առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:



Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում, հիշեցնելով պատգամավորի լիազորությունների մասին, որ պատգամավորն իրավունք ունի ներկայացնել օրենքի, որոշման եւ հայտարարության նախագծեր, ասաց, որ այս նախագծի նպատակն է դատապարտել այդ որոշումը եւ խորհրդարանում դնել քննարկման: «Ազգային ժողովը, Դուք էլ հասկանում եք, որ այն հարթակն է, որտեղ պետք է ընդունվեն նաեւ քաղաքական որոշումներ եւ քաղաքական գնահատականներ պետք է տրվեն այս կամ այն երեւույթին, իսկ այս արատավոր երեւույթը, կարծում եմ, Ազգային ժողովում պետք է քննարկման առարկա դառնա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է քննարկում ծավալեն Լիսկայի վարքագծի վերաբերյալ, ինչպես նաեւ տան հստակ գնահատական Սերժ Սարգսյանի եւ նրա ձեւավորած կառավարության քայլերին: Հայտարարության նախագիծը դեռ պետք է դրվի քննարկման հանձնաժողովներից մեկում, ամենայն հավանականությամբ՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, եթե ընդունվի, կքննարկվի նաեւ խորհրդարանում՝ նիստի ժամանակ:



Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ պետք է պայքարել, որ ինչ-որ բան փոխվի: «Դուք այսօր երեւի ականատես եղաք, թե ինչպես էին հանրապետականներից արդեն բարձրաձայնում, թե ինչպես պետք է «Շրջանառության հարկի մասին» օրենքը փոխվի: Ասում էին՝ «եկե՛ք տղամարդավարի հավաքվենք եւ փոխենք», ուզում եմ ասել՝ այդպես միանշանակ պետք չէ ընդունել, որ չպետք է պայքարենք, անկախ նրանից՝ իրենք մեծամասնություն են, թե՝ ոչ»,-ասաց Փոստանջյանը՝ նկատի ունենալով գեներալ Սեյրան Սարոյանի «էքսկլյուզիվ» ելույթը՝ «ժողովրդի սրտից» բխած: Իսկ ինքը վստա՞հ է, որ գեներալ պատգամավորը գիտեր, թե ինչի մասին է օրենքը, Փոստանջյանն ասաց. «Կարծում եմ՝ այո, որովհետեւ այս օրենքն իրենց էլ է հասել, չեմ կարծում, որ իրենք անտեղյակ են, ինչ-որ չափով նրանք այս հասարակության անդամներն են, եւ բողոքը, երբ զանգվածային է, հնարավոր չէ իրենց չանհանգստացնի»: