Բնակարանի առքուվաճառքն ավարտվեց գնորդի կալանավորմամբ

Բնակարանի առքուվաճառքն ավարտվեց գնորդի կալանավորմամբ

Արփինե Մայսուրյանն ընդամենը ցանկանում էր բնակարան ձեռք բերել Խանջյան փողոցում, այն վարձով տալ եւ մեկնել ծնողների մոտ՝ Ուկրաինա: Սակայն անշարժ գույքի ձեռքբերման գործարքն աղջկա համար ավարտվեց ստորացուցիչ հարցաքննություններով, հոգեբանական խոշտանգմամբ եւ, ի վերջո՝ կալանավորմամբ, քանի որ բնակարան վաճառողը նրան մեղադրում է խարդախության մեջ: Նա մինչ օրս չի կարողանում մարսել իր հետ կատարվածը, ամենի համար մեղադրում է դատախազության աշխատակից Կարեն Բադիկյանին, որը, ըստ աղջկա, անառողջ սեւեռում ունի եւ ամեն գնով ցանկանում է իրեն նստեցնել: Այս պատմության երկրորդ կողմը՝ Խանջյան 31 շենքի 25 բնակարանի նախկին սեփականատեր Զարուհի Պողոսյանի հարազատները, վստահեցնում են, որ երիտասարդ կինն իր սիրեկանի՝ Արմենակ Հովհաննիսյանի հետ ուզում էր հիշողությունից թույլ եւ բազմաթիվ հիվանդություններով տառապող տիկին Զարուհուց խարդախությամբ խլել նրա բնակարանը: Ըստ գործի նյութերի, Արմենակ Հովհաննիսյանը 20 հազար դոլար է վերցրել Զարուհի Պողոսյանից, պարտավորվել է վերադարձնել 24 հազար, սակայն չի վերադարձրել: Այժմ նա հետախուզման մեջ է: Ոստիկանության քննչական վարչությունն արդեն երեք տարի է, քննում է խարդախության գործը: Այս ընթացքում սույն գործով երեք քննիչ է փոխվել, երեք դատախազ: Երկու անգամ գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով եւ կրկին բացվել:



Արփինե Մայսուրյան․«Նոտարն արդարադատության նախարարի քույրն էր» 

Արփինե Մայսուրյանը պատմում է, որ բնակարանը ձեռք է բերել 2011 թվականին՝ Քոչարի փողոցի տան շուկայից: Այստեղ էլ առաջին անգամ տեսել է Զարուհի Պողոսյանին՝ հայտարարությունը դոշին կանգնած: 30 հազար դոլարով մեկ սենյականոց Խանջյանի վրա՞: «Հասցեն արդեն իսկ տարօրինակ էր, բայց ասեցի գնամ տեսնեմ տունը, ասեց՝ վարձով ապրողներ կան, բայց երբ հարմար է, ձեզ ցույց կտամ: Ընդհանուրը 37 քմ տուն էր, ահավոր վիճակում. պարկետը՝ կիսաքանդ, պատերը՝ վատ, ջուր էր կաթացել ու չէր սարքվել, տանիքը վերանորոգված չէր, անօրինական կցակառույց կար»,- հիշում է Արփինեն: Զարուհին 2 հազար «իջել» է, եւ «բարիշել» են 28 հազարով: Հետագայում կադաստրում հարցում անելով իմանում է, որ Զարուհի Պողոսյանն այս բնակարանը մի քանի անգամ վաճառել է տարբեր մարդկանց եւ կրկին հետ է վերցրել, գումարային խնդիրներ է ունեցել գնորդների հետ, դատի է տվել նրանց: Գնորդներից մեկին էլ՝ ոմն Ներսեսի, բանտ է նստեցրել:
Գործարքը ձեւակերպվել է Տերյանի վրա գտնվող նոտարական գրասենյակում, նոտար Մարինե Մանուկյանի ձեռքով, որն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի քույրն է: «Ինձ սենյակից հանեց Մարինեն, նրա հետ խոսեց, հետո ինձ ասեց՝ աղջիկ ջան, ներս արի: Իրեն հարցրեց՝ դու բնակարանը վաճառո՞ւմ ես: Ինքը պայուսակը գրկեց, ասեց՝ հա, բալա ջան, փողը մոտս ա, ու դոշին թափ տվեց: Մարինեն ասեց՝ շնորհավորում եմ, մատյանում գրեց, ինքն ստորագրեց: Ամեն ինչն օրինական է կատարվել»: Արփինեն, գործարքից գոհ, սկսել է կարգի բերել նոր բնակարանը: Բայց մոտ 7 ամիս անց նրան զանգահարել է Զարուհի Պողոսյանի հարազատներից մեկը՝ Վրեժ Դանիելյանը: «Ասաց, որ ինքը Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից է, որ հենց հիմա կգա, ականջներս քաշելով՝ կտանի Աբովյանի նոտար»: Վրեժ Դանիելյանը պահանջել է, որ Արփինեն գնա Աբովյան քաղաքի նոտարի մոտ եւ գրի, որ եւս 7 հազար դոլար պետք է տա Զարուհի Պողոսյանին, որը ոչ թե 28, այլ 35 հազարով է վաճառել իրեն բնակարանը: Սպառնալիքները շարունակվել են, բայց Արփինեն չի կատարել պահանջը: Զարուհի Պողոսյանն իր հարազատների դրդմամբ դատի է տվել Արփինե Մայսուրյանին՝ պահանջելով բնակարանի առքուվաճառքի գործարքն անվավեր ճանաչել եւ վերջինիս վտարել բնակարանից, սակայն երեք դատական ատյաններում էլ պարտվել է: Հետագայում չարաբաստիկ բնակարանի տերերը դիմել են ոստիկանություն՝ Արփինեին մեղադրելով խարդախության մեջ: Այսքանը՝ ըստ Արփինեի:



Վրեժ Դանիելյան․«Ես Ծառուկյանի անունը չեմ տվել»



Արփինեի դեմ ոստիկանություն է բողոքել քիմիայի ուսուցիչ Վրեժ Դանիելյանը: Զարուհի Պողոսյանը նրա քեռակինն է եւ, ըստ Դանիելյանի, խաբված է Արփինեի կողմից: «Արմենակն իրա սիրածն ա: Քեռակինս շեղված ա, հիշողություն-բան կորցրել է: Հիմա նա միայն իր աղջկան է ճանաչում: Ստորագրել են տվել մի քանի թուղթ, որպես մեծ կին: Խաբել են, մի տարի-երկու տարի էդ տանը մնացել են, վստահություն են ձեռք բերել, հետո ասել են՝ գրանցեք մեր վրա, գրավ դնենք, երեք օրից փողը վերցնենք, տանք ձեզ: Բայց մինչեւ էսօր ընդամենը 500 դոլար են տվել»,- պատմում է Վրեժ Դանիելյանը: Նա ասում է, որ նույնիսկ ձայնագրություն ունի, որից պարզ երեւում է, որ Արփինեն եւ Արմենակ Հովհաննիսյանը մտերմական հարաբերությունների մեջ են, եւ այս ձայնագրությունը հիմնական ապացույցն է նրանց խարդախության սխեմայի: Արփինե Մայսուրյանի փաստաբան Ամալյա Ավագյանը, սակայն, վստահեցնում է, որ իր վստահորդի եւ Արմենակի միջեւ կապի ոչ մի ապացույց չկա, եւ սա ուղղակի բամբասանք է: Արփինեն չի ճանաչել Արմենակ Հովհաննիսյանին եւ նրա հետ ծանոթացել է Զարուհի Պողոսյանի միջոցով, երբ արդեն գնել էր նրա բնակարանը եւ տվել էր գումարը:



Արփինեին ոստիկանները 3 օր պահել են մութ սենյակում



Քննիչ Աշոտ Մխիթարյանը օգոստոսի 12-ին Արփինե Մայսուրյանին կանչել է ոստիկանություն՝ ասելով, որ նա չգա փաստաբանի հետ: «Աշոտ Մխիթարյանը եւ Հայկ Ավագյանը տարան ինձ պետի մոտ: Պետը՝ Մակինյանը, ասեց՝ գրի, որ տան փողը չես տվել, հենց հիմա տուն կգնաս: Ես չգրեցի: Պետն ասաց՝ վերջացրու ցինիզմդ, հենց հիմա տարեք սենյակ, թող գրի, որ տուն գնա: Ես ընկա հիստերիայի մեջ: 3 օր ինձ պահեցին մութ սենյակում: Լացում էի, հոգեբանը գալիս էր, ասում էր՝ ես տեսնում եմ քո վիճակը, ես կմնամ, մինչեւ դու դզվես, ինձ անընդհատ դեղեր էին տալիս, Աստվածաշունչ էր կարդում հոգեբանը, ուտելիքներից հրաժարվել եմ: 3 օրից տարան քննիչի մոտ: Աշոտ Մխիթարյանն ասեց՝ գրո՞ւմ ես: Ասեցի՝ 10 տարի էլ պահես, չեմ գրելու: Նա կալանավորման որոշում գրեց, տարան դատարան, դատավոր Պապոյանը, որը 2013 թվականին լավագույն դատավորն է ճանաչվել, բավարարեց միջնորդությունը, եւ ինձ տարան Աբովյան»: Այստեղ կինը 46 օր է մնացել: «Ինձ դեղեր էին սրսկում որոնցից վատանում էի: Բուժաշխատողին, որը գալիս էր, ասում էի՝ սա ի՞նչ դեղ է: Ասում էր՝ չենք կարող ասել»:



ՀԳ. Մենք զանգահարեցինք Աշոտ Մխիթարյանին, որպեսզի ճշտենք տեղեկությունները, սակայն նա ասաց, որ այլեւս չի զբաղվում այս գործով, եւ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Մենք ուշադրության կենտրոնում կպահենք այս մութ պատմությունը, սպասելով նախաքննության ավարտին եւ առայժմ զերծ մնալով եզրակացություններից: Արփինե Մայսուրյանի կալանավորմանը չէինք անդրադառնա, եթե այս պատմությունն այնքան ճանաչելի չլիներ եւ բնորոշ մեր ոստիկանության վարքին: Ի դեպ, վերաքննիչ դատարանը կալանքի որոշումը համարեց չհիմնավորված եւ փոխարինեց գրավով: