Հիմա ինչ եք Դուք ասում՝ մենք անտարբե՞ր մնայինք

Հիմա ինչ եք Դուք ասում՝ մենք անտարբե՞ր մնայինք

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանից այսօր խորհրդարանում Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչու է ԲՀԿ-ն հունիսի 20-ին կողմ քվեարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, իսկ հիմա դեմ է արտահայտվում նույն օրենքին։



Մելքումյանը տվեց հետևյալ պատասխանը․«Մենք երբ որ նախաձեռնել էինք, փաստաթղթավորում չկար։ Հիմա Դուք ասում եք՝ կողմ եք քվեարկել։ Օրենքն ունի երկու բաղադրիչ, մենք կողմ ենք եղել, որ բեռը իջնի։ Մենք չէինք կարող բեռի իջեցմանը դեմ լինել: Պայմանով ենք կողմ քվեարկել, որ եթե չփոխեք, երկրորդ ընթերցման ժամանակ կողմ չենք քվեարկելու։ Եվ էդպես էլ արել ենք, երկրորդ ընթերցման ժամանակ մենք բոյկոտել ենք և չենք մասնակցել։ Ժողովուրդը չէր հասկանա, եթե մենք դեմ քվեարկեինք, որովհետև կստացվեր, որ մենք դեմ ենք հարկային բեռի նվազեցմանը։



Մեր մյուս դիտարկմանը, թե ակցիայի մասնակից առևտրականները կարծես թե ԲՀԿ-ի բերած ժողովուրդն է, քանզի հավաքվածներից շատերն իրենց խոսքում ԲՀԿ-ի անունն են տալիս, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Մենք հեռուստատեսությամբ տեսել ենք, որ ժողովուրդը գնացել է սկզբից կառավարություն, բայց քանի որ կառավարությունում ասել են, որ օրենք փոխողը իրենք չեն, նրանք եկել են Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներ, ուստի մենք չէինք կարող անտարբեր նայել, թե ինչ է կատարվում։ Մենք մոտեցել ենք, ժողովրդի հետ խոսել ենք՝ քառյակի շրջանակներում, ու ասել ենք, որ մենք այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք։ Հիմա ինչ եք Դուք ասում՝ մենք անտարբե՞ր մնայինք։ Դե թող Դեմիրճյան փողոց դուրս գային քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները»։