ՀՀ իշխանություններն աջակցելո՞ւ են Արմեն Հարությունյանին

ՀՀ իշխանություններն աջակցելո՞ւ են Արմեն Հարությունյանին

Արդեն առաջիկա աշխատանքային օրը՝ հոկտեմբերի 6-ին, վճռաբեկ դատարանում կկայանա Եվրադատարանի դատավորների ընտրության երկրորդ փուլը: 13 թեկնածուներից հարցազրույցով կընտրվեն երեքը, եւ ՀՀ նախագահի հաստատելուց հետո այդ անձինք, որոնցից մեկը կին է լինելու, կներկայացվեն Եվրախորհուրդ, որն էլ կընտրի մեկին: ՄԻԵԴ նոր ընթացակարգերով դատավորի թեկնածուներ կարող են դառնալ ոչ միայն պետության, այլեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հարցազրույցի փուլն անցած 13 թեկնածուների թվում, բացի դատախազներից, դատավորներից, այլ չինովնիկներից, կան հայտնի իրավապաշտպաններ եւ փաստաբաններ՝ Վահե Ղազարյանը, Վահե Գրիգորյանը, իրավապաշտպան, «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հակոբյանը: Վերջինս ուսանել է Անգլիայում եւ Ֆրանսիայում, եւ նրան երաշխավորել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Թեմայի շուրջ այս օրերի արձագանքներից երեւում է, որ հանրությունը չի հավատում հանձնաժողովի օբյեկտիվությանը, քանի որ մրցութային հանձնաժողովում բացառապես ՀՀ դատական եւ դատախազական վերնախավն է՝ ՍԴ նախագահը, գլխավոր դատախազը արդարադատության նախարարը, վճռաբեկ դատարանի նախագահը, որոնք մարմնավորում են ժողովրդի վստահությունը կորցրած համակարգը:



Երեկ արդարադատության համակարգին մոտ շրջանակներում լուր էր շրջանառվում, որ ԵԴ դատավորի հաղթող երեք թեկնածուներից մեկը, որին ՀՀ իշխանությունները ցանկանում են ներկայացնել ԵԽԽՎ-ում, լինելու է նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Իշխանության միջանցքներում արդեն հիշում էին նրա մականունը՝ Դոլար Արմեն, որը նա վաստակել է դեռեւս ԵՊՀ-ում աշխատելու տարիներին: Կատակում էին, որ այս մականունը, ինչպես եւ Արմեն Հարությունյանի կարիերան, աճել է: Քանի որ նա հիմա ոչ թե հասարակ դասախոս է, այլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն է, ուստի նրա մականունը ոչ թե Դոլար Արմեն է, այլ Եվրո Արմեն:



Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը նաեւ Սլավոնական համալսարանում դեկան է աշխատել, հետո զբաղեցրել է Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնը, իսկ 2006թ. փետրվարի 20-ից մինչեւ 2011թ. փետրվարի 1-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է եղել, ապա ընդգծված ընդդիմադիր շեշտադրումներով զեկույց ունենալուց հետո, որտեղ առանձին անդրադարձ կար մարտի 1-ի իրադարձություններին, նա այլեւս տեղ չունեցավ Հայաստանի իշխանական էլիտայում: Նրա մասին Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ «իմ ամենաանհաջող կադրը»: Ինչեւէ, այս տարիներին նա ոչ մի թթու խոսք չի ասել ՀՀ իշխանությունների հասցեին, ոչ մի հարցազրույց չի տվել եւ գլուխը կախ պաշտոնավարել է միջազգային կազմակերպություններում: Կարելի է ասել, նա իր բաժին աքսորն արդեն կրել է եւ այժմ ցանկալի թեկնածու կարող է լինել ՀՀ իշխանությունների համար, քանի որ, լինելով իրենց մարդը, այնուամենայնիվ, նրան հաջողվեց որոշակի ընդդիմադիր իմիջ ձեռք բերել: Իհարկե, 13 թեկնածուների ցուցակում շատ ավելի ազատ եւ ժողովրդական համարում վայելող կերպարներ կան, ինչպես, օրինակ, միջազգային իրավունքի գիտակ, իրավապաշտպան Արա Ղազարյանը կամ փաստաբան Վահե Գրիգորյանը, ով ԵԴ-ում մի շարք գործեր է շահել, սակայն այս պահի դրությամբ ոչ ոք չի հավատում նրանց հաղթանակին: Ցուցակում նաեւ Գեւորգ Կոստանյանի երկու աշխատակիցները կան՝ Հակոբ Ղարախանյանը, ով ընդգծված Աղվանի մարդկանցից էր, սակայն Գառնիկիչի ղեկավարած քննչական կառույցում նրա համար տեղ չեղավ, եւ Նելիկ Հարությունյանը՝ ռուսախոս կին, ով նույնպես Աղվան Հովսեփյանի կադրերից է: Նրա պաշտոնանկության մասին մի պահ ակտիվ խոսեցին, սակայն նա պահպանեց իր տեղը: Վերջինը ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչն է եւ միակն է, ով, կարելի է ասել, ոչ մի բանով աչքի չի ընկել, թերեւս, միայն միջազգային իրավունքի վերաբերյալ իր հեղինակած ուսումնական ձեռնարկով: Երիտասարդ եւ ջերմոցային իրավաբան-թեկնածուների շարքը շարունակում են Դավիթ Խաչատրյանը, որին կյանքի սանդուղքով միշտ ուղեկցել է նրա հանրաճանաչ հայրը՝ հայտնի իրավագետ, վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանը: Նաեւ Եղիշե Կիրակոսյանը, որն այժմ խորհրդական է ՍԴ-ում, իսկ ոչ հեռու անցյալում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղակալն էր, այն «կիսաերեխա-կիսապատանիներից», որոնք Հրայրի շրջանում մեծ քանակով պտտվում էին նախարարության միջանցքներում եւ նախարարի ընդունարանում:



Դատավորներից էլ ցուցակում է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա Կարապետյանը, որը երկար աշխատել է ՀՀ դատական համակարգում, եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը, որը հաճախ է հայտնվել ԶԼՄ-ների թիրախում եւ իր աշխատավարձի համեմատ անհամաչափ հարստության պատճառով զարմացրել է լրագրողներին, իսկ ընդունած որոշումներով եւ ինքնավստահ կեցվածքով՝ փաստաբաններին: