Իսկ իշխանությունը պատրա՞ստ է «փափուկ վայրէջքի»

Իսկ իշխանությունը պատրա՞ստ է «փափուկ վայրէջքի»

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը չի բացառում, որ հնարավոր է իշխանափոխության պահանջ դրվի, բայց նախ պետք չէ շտապել, պետք է սպասել, տեսնել, թե ժողովուրդն ինչ է ասում, իսկապես ուզո՞ւմ է իշխանափոխություն, թե՞ ոչ: Բացի այդ, ըստ Մելքումյանի, իշխանափոխության համար համապատասխան պայմաններ են հարկավոր, որ անցնցում, անցավ անցնի ամեն ինչ: Իսկ թե ինչքան սպասենք, գուցե մինչեւ հաջորդ ընտրություննե՞ր, ու եթե այդ պահանջն էլ հանկարծ դրվի, ինչպե՞ս պետք է իրականացվի, ԲՀԿ-ական պատգամավորը չի ցանկանում հստակ պատասխան տալ. գաղտնիք է:



«Քաղաքականության մեջ հետեւյալն է. հենց որ դա կլինի, կձեւակերպենք դա տեղում, փաստացի, նոր մեր քայլերը կանենք: Ինչի՞ պիտի մենք նախօրոք մեր սցենարը ձեզ անպայման ներկայացնենք: Դուք ասում եք՝ կսպասեք մինչեւ 2017 թիվ, գիտե՞ք ինչ, կյանքն է դա ցույց տալու: Եկեք չշտապենք»,- հորդորեց Մ. Մելքումյանը՝ ընդգծելով, որ իրենց քաղաքական օրակարգում չկա մի հարց, որ տաբու լինի ԲՀԿ-ի համար: Իսկ գուցե իրենք իշխանության համար փափուկ վայրէ՞ջք են ցանկանում ապահովել, որ առանց ցավի թողնեն իշխանության ղեկը, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Փափուկ վայրէջքի խնդիրը չի, երբ որ էդ պահանջը կձեւակերպվի, եւ հանրային պահանջը կլինի… ասեցինք արդեն, որ տաբուներ չկան մեզ համար»: Իսկ մինչեւ հիմա չկա՞ր այդ հանրային պահանջը: «Գիտե՞ք ինչ, պետք է ճիշտ հաշվարկել ամեն ինչ, եթե պահանջը լիներ, կլիներ, եթե բնականոն պտուղը հասունանում է, չի՞ լինում, լինում ա, չէ՞»: Իսկ արդյոք իշխանությունը համաձա՞յն է այդ «փափուկ վայրէջքին»: Մելքումյանն այստեղ որեւէ բան չի բացառում, սակայն այդպիսի իշխանություն չկա, որ ինքնակամ ցանկանա հրաժարվել իշխանության ղեկից: «Այսինքն՝ դու պետք է էնքան ուժեղանաս, քո ռեսուրսը հաշվես, էնպիսի վիճակ առաջանա, որ բնականոն լինի: Պետք չի, էլի, մտասեւեռվել մի բանի վրա, որն էս պահին դու պետք ա տեսնես՝ ռեա՞լ ա, թե՞ չէ: Էս վայրկյանին ռեալ չի»,- ասաց նա:
Փորձեցինք իշխանությունից էլ ճշտել, թե իրենք պատրա՞ստ են արդյոք «փափուկ վայրէջքի», ու ո՞ր դեպքում իշխանությունը տեղի կտա ընդդիմության պահանջներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք ընդդիմության կամ մյուսների կամքը, պահանջները կատարող չեն, իրենք նայում են, թե ինչ իրավիճակ է, ժողովրդին ինչ է անհրաժեշտ, եւ եթե կառաջանան խնդիրներ այդ հանրահավաքների ժամանակ կամ ընդհանրապես, եւ կտեսնեն, որ կա օրհասական խնդիր, որին պետք է լուծում տալ, իրենք այդ հարցի լուծումները կքննարկեն: «Մենք պահանջները չենք ընդունում, մենք առաջարկություններն ենք ընդունում եւ պատրաստ ենք քննարկել»,- ասաց Վ. Բաղդասարյանը:



Իսկ իր կարծիքով, եռյակն իշխանափոխություն ուզո՞ւմ է, թե՞ ոչ, ինքն ի՞նչ տպավորություն է ստացել եռյակի ուժերի պահանջներից: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ եռյակի բոլոր ուժերն էլ առանձին-առանձին ուզում են, բայց երբ գա այն պահը, որ նրանք սկսեն բաժանել այդ իշխանությունը, այդ ժամանակ կարող է արդեն էլ եռյակ չտեսնենք: Բայց Բաղդասարյանը դեռ լիարժեք վստահ չէ՝ եռյակը միասնական իշխանափոխության ձգտո՞ւմ է, թե՞ ոչ: «Ո՞վ է կազմակերպել էդ հանրահավաքը, եռյա՞կը: Բա իրենք չե՞ն կողմնորոշվում ինչ են ուզում: Մի հատ իրենց ասա՝ հավաքվեք, որոշեք ինչ եք ուզում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը նրանցից բան չի հասկանում, մի օր մի օրակարգ են դնում, հաջորդ օրը լրիվ այլ ելույթներ են ունենում հանրահավաքների ժամանակ. «Առանձին-առանձին գիտեմ՝ բոլորը իշխանություն են ուզում, բայց միասնական՝ չգիտեմ ինչ են ուզում, որովհետեւ իրենք գիտեն, որ միասնական չեն կարող իշխանության գալ, որովհետեւ որ պահին դրեցին արդեն կադրային խնդիրները՝ ով որտեղ պետք է լինի, չկա այլեւս եռյակ»:
Բայց ՀՀԿ-ն «մեծահոգի» է: «Ես իմ աջակցությունը կունենամ եւ կաշխատեմ, որ իրենց նորմալ ընդդիմություն դարձնեմ՝ համախմբված, այն էլ չի ստացվում. քառյակը եռյակ է դառնում, եռյակը կամաց քայքայվում է, չի ստացվում, բայց պետք է աշխատել, որ այդ ընդդիմությունը պահենք: Առողջ ընդդիմությունը մեզ օգուտ է»,-եզրափակեց իշխանական խմբակցության ղեկավարը: