Աղբյուրի հրապարակման մասին դատական որոշումը հետ գցեց երկիրը մամուլի ազատության սանդղակում

Աղբյուրի հրապարակման մասին դատական որոշումը հետ գցեց երկիրը մամուլի ազատության սանդղակում

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հերթական զեկույցը աշխարհի 180 երկրներում մամուլի ազատության մասին հակասական մեկնությունների տեղիք է տալիս հայրենական մամուլում: Իշխանամետ ԶԼՄ-ներն այս տարվա իրավիճակը մեկնաբանում են լավատեսական շեշտադրմամբ: Ընդգծում են, որ տարածաշրջանում մամուլի ազատության ինդեքսով առաջատարը Հայաստանի Հանրապետությունն է, որն ըստ զեկույցի, 78-րդ տեղում է: Համեմատությունն արվում է Վրաստանի հետ, որը 84-րդ հորիզոնականում է, եւ 150-րդ հորիզոնականն զբաղեցնող Ադրբեջանի, որ մենք բազմակարծության, գրաքննության, օրենսդրական դաշտի, մի շարք այլ չափորոշիչների սանդղակով առաջ ենք ռուսներից, ղազախներից, տաջիկներից, ուզբեկներից, ղրղզներից, Ուկրաինայից, Բելառուսից: Անգամ այն հանգամանքը, որ անցյալ տարվա համեմատ 4 կետով ցած ենք, դրական տեսանկյունից է մեկնաբանվում, քանի որ անցյալ տարի էլ են այս երկրները, նաեւ Թուրքիան եւ Իրանը, մեզնից ցածր տեղ զբաղեցրել ազատության ինդեքսով: Մյուս կողմից, չի կարելի չնկատել, որ Իրանը, օրինակ, աղյուսակում նշված է սեւ գույնով, ինչը նշանակում է, որ այս երկրում «շատ վատ» իրավիճակ է: Սակայն իրավապաշտպանները, մամուլի վիճակով զբաղվող վերլուծաբանները միջազգային կազմակերպության պատրաստած զեկույցն օբյեկտիվ են համարում եւ գտնում են, որ այն վատ է բնորոշում հայաստանյան իրավիճակը:



«Ես համաձայն եմ զեկույցում գրանցված Հայաստանում մամուլի ազատության վիճակի մասին հետընթացին,- ասաց մեր հարցմանն ի պատասխան «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան եւ լրագրող Ժաննա Ալեքսանյանը:- Չմոռանանք, որ այս տարի արձանագրվել են 6 կամ 7 լրագրողի նկատմամբ բռնության դեպքեր, որոնցից եւ ոչ մեկով ոստիկանությունն արդյունավետ քննություն չի կատարել, ավելին՝ հարուցված քրեական գործերը փակվել են: Հատկանշական է, որ այդ դեպքերը գրանցվել են ոչ թե քաղաքական լարված իրավիճակում կամ ընտրական փուլում, ինչպես դա սովորաբար տեղի է ունենում: Կարծում եմ, որ մամուլի վիճակը Հայաստանում էլ ավելի կվատանա, եթե Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրի Մաքսային միություն մտնելու պայմանագիրը: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ռուսաստանյան մամուլի հետ, կոնկրետ Ուկրաինայի դեպքերը Մոսկվան ներկայացնում է գլխիվայր շուռ տված, ուղղակի վերահսկողություն է սահմանված մամուլի նկատմամբ: Մեզ մոտ դա դեռ չկա: Մեզ հետ համեմատելու մյուս երկիրը Ադրբեջանն է, որտեղ լրագրողները դաժան ծեծի են ենթարկվում ու նետվում բանտախցեր: Այս ֆոնի վրա մամուլը Հայաստանում կարելի է ազատ համարել»: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը դեռեւս մի քանի ամիս առաջ կանխատեսում էր արել, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում Հայաստանի ինդեքսն իջնելու է: «Այդպես էլ եղավ»,- գրել է վերլուծաբանն իր ՖԲ էջում, հիմնական պատճառը համարելով տեղեկատվության աղբյուրի բացահայտման վերաբերյալ վերջին դատական վեճը: «Հիմնական պատճառը  լրատվության աղբյուրների գաղտնիության իրավունքի խախտումն է դատարանի որոշմամբ:



«Հրապարակ» եւ «Իլուր» պարբերականների դեմ դատական հայցի քննության արդյունքում դատարանը պարտավորեցրել է այս երկուսին բացահայտել լրագրության գաղտնի աղբյուրները: Սա խիստ բացասական նախադեպ է Հայաստանի համար»,- վստահ է Շուշանիկ Դոյդոյանը: Այս զեկույցը մեկ անգամ եւս փաստում է, թե ինչ խայտառակ են մեր երկրում ազատ մամուլի պայմանները: Նույնիսկ այնպիսի պետություններ, ինչպիսիք Հաիթին, Նիգերիան, Թայվանը, Բուրկինա Ֆասոն են, Հայաստանից շատ ավելի լավ վիճակում են: Անհավանական է, սակայն անգամ Հարավային Կորեայում, որը ճանաչված է որպես տոտալիտար, հակաժողովրդավարական երկիր, մամուլն ավելի ազատ է, քան Հայաստանում: Զեկույցում Հարավային Կորեան 57-րդ տեղում է եւ 21 կետով առաջ է Հայաստանից: Նույնիսկ ավտորիտար ռեժիմ ունեցող Տոգոն, Արեւելյան Թիմորը, Բենինը եւ Տանզանիան ավելի ազատ մամուլ ունեն: