Ծառուկյան-Վարդանյան թշնամության զո՞հ

Ծառուկյան-Վարդանյան թշնամության զո՞հ

Վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերության եթերից աննկատ կորավ սպորտային մեկնաբան Վարդան Թադեւոսյանը: Նա վարում էր «Վերադարձող ակնթարթ» եւ «Խաղից դուրս» հաղորդումները, որոնք սիրված էին ոչ միայն մարզասեր հեռուստադիտողի կողմից: Առաջինը հայկական սպորտի փառահեղ էջերն էր ներկայացնում, իսկ երկրորդը՝ «Խաղից դուրս»-ը, հայտնի մարդկանց մարզական վիճակը, նրանց սպորտային նախասիրությունները: Հեռուստատեսային շրջանակներում տեսակետ է շրջանառվում, թե Վարդան Թադեւոսյանը Գագիկ Ծառուկյանի եւ սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանի թշնամության զոհն է: Բանն այն է, որ 2013 թվականին Յուրի Վարդանյանը «Արարատ-73»-ին նվիրված միջոցառում էր անցկացրել եւ, որպես հաղորդավար, հրավիրել էր Վարդան Թադեւոսյանին, որը «Կենտրոն» հեռուստաընկերությունում էր աշխատում: Սա այնքան էլ դուր չէր եկել ԲՀԿ ղեկավարությանը, եւ 2014 թվականին, Յուրի Վարդանյանի պաշտոնանկությունից մեկ ամիս անց, Վարդանի երկու հաղորդումներն էլ հանվեցին եթերից: Մինչ օրս Վարդան Թադեւոսյանը նույնիսկ ընկերական շրջապատում որեւէ կերպ չի մեկնաբանում իր հեռանալը «Կենտրոն»-ից:



Բայց վերջերս Հանրային հեռուստաընկերությունն սկսեց Կարեն Գիլոյանի «Խաղից դուրս» նախագիծը, որը, փաստորեն, կրկնում է Թադեւոսյանի գաղափարը եւ նույնիսկ վերնագրով չի տարբերվում: Հավանաբար, այս ակնհայտ «եթերագողությունը» դրդեց մեր գործընկերոջն անկեղծանալ: Նա պատմեց մեզ, որ «Կենտրոն»-ի ղեկավարությունը, առանց որեւէ հիմնավորման, որոշել է փակել հաղորդումները, որոնք բարձր ռեյտինգ ունեին: «Սկզբից փակեցին «Վերադարձող ակնթարթ»-ը, ասելով, որ այն լավը չէ: Մի ամիս հետո էլ ասեցին, որ «Խաղից դուրս»-ն էլ են փակում, քանի որ ղեկավարության դուրը չի գալիս հաղորդումը: Ես էլ հիշեցրի, որ ես ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանն եմ ստացել անցյալ տարի՝ Հրանտ Շահինյանի մեդալը: 98 թվին էլ նույն ֆորմատի հաղորդման համար մրցանակ եմ ստացել նախագահից՝ լավագույն սպորտային հաղորդման համար»,- պատմեց Վարդան Թադեւոսյանը:



Նա փորձել է հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ, ով նրան անձամբ է հրավիրել «Կենտրոն» հեռուստաընկերություն: Այն ժամանակ Վարդան Թադեւոսյանը դուրս էր եկել «Շանթ»-ից եւ հայտարարել էր, որ պատրաստվում է արտագաղթել երկրից: «Նա ինձ հրավիրեց, ասեց, որ ոչ մի տեղ էլ չես գնալու: Ասեց՝ դու մնալու ես, քո հաղորդումն ինձ դուր է գալիս: Հիմա հանկարծ ինձ ասում են, որ պրոյեկտներս լավը չեն: Բայց այդ ֆորմատի հաղորդում չկար: Ես ուզում էի հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ, բայց դեռ չի ստացվել»,- ասաց Վարդան Թադեւոսյանը: «Հնարավո՞ր է, որ քո պրոյեկտների փակումը կապված լինի «Արարատ-73»-ին նվիրված միջոցառումը վարելու հետ»,- հարցրինք Վարդանին: «Ես չգիտեմ՝ դրա հետ կապված էր, թե չէ, ինձ բան չեն ասել: Միջոցառումն անցյալ տարի մայիսին էր: Յուրի Վարդանյանը նոր էր նշանակվել նախարար: Իմ հաղորդումները երկուսն էլ փակվեցին նրա հեռանալուց մեկ ամիս անց»: