Աղբյուրի բացահայտման դեպքերը ծանրագույն դեպքերում են լինում

Աղբյուրի բացահայտման դեպքերը ծանրագույն դեպքերում են լինում

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ որպես փոխնախարար ու ՀՀ քաղաքացի, ծանոթ է դատական այն որոշմանը, որով պահանջում են «Հրապարակ» օրաթերթից ու ilur.am կայքից աղբյուր բացահայտել: Հիշեցնենք, որ խոսքը Գյումրիում տեղի ունեցած միջադեպին է վերաբերում, երբ տեղի ոստիկանապետ Վ. Նադարյանը բռնություն էր գործադրել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եւ նրա եղբոր նկատմամբ: Պարոն Մկրտչյանը, սակայն, ծանոթ չէ փաստերին որպես իրավաբան, հետեւաբար, դժվարանում է որեւէ գնահատական տալ: «Ցանկացած դատական գործընթացի» փաստերին ծանոթ լինելը նաեւ չի մտնում արդարադատության փոխնախարարի պաշտոնական պարտականությունների մեջ:



- Այդուհանդերձ, այդ դեպքին ծանոթ եք եւ գիտեք, որ լրատվամիջոցից պահանջում են աղբյուր բացահայտել: Դուք՝ որպես արդարադատության համակարգի պաշտոնյա, ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը, որ այսօր Հայաստանում լրատվամիջոցից պահանջում են աղբյուր բացահայտել:



- Աղբյուրի բացահայտման վերաբերյալ կան Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպեր, որոնք տալիս են չափանիշներ: Միանշանակ պատասխան Ձեր հարցը չունի, որ չի կարող չբացահայտվել աղբյուրը, աղբյուրի բացահայտման դեպքեր կան, բայց դրանք ծանրագույն դեպքեր են լինում, եւ հակառակը, թե ինչ կանոններ, ինչ փաստական հիմքեր կան մինչ այդ աղբյուրի բացահայտման պահանջը ներկայացնելը:



- Ըստ Ձեզ, Հայաստանում մամուլի ազատության խնդիր ունե՞նք, թե՞ ոչ, եւ ինչքանո՞վ է մամուլն ազատ մեզանում:



- Ըստ իս՝ մամուլի ազատությունը Հայաստանում գտնվում է բավարար մակարդակում, մենք ունենք ազատ մամուլ, առանձին դեպքերում վերցրած՝ շատ ավելի ազատ մամուլ, քան անհրաժեշտ է մեր հասարակությանը, համենայնդեպս, մամուլի ազատության ցուցիչի առումով ես չեմ տեսնում որեւէ բացասական ազդեցություն այս փուլում, որ մամուլի ազատությունը կարող է որեւէ ձեւով վտանգված լինել, նաեւ միջազգային գնահատականներն են խոսում այն մասին, որ մեզ մոտ մամուլի ազատությունը գնալով աճում է:



- Իսկ նման դեպքերը՝ մամուլին ճնշելու, դատի տալու, աղբյուր բացահայտելու պահանջ ներկայացնելու, արդյոք չե՞ն կաշկանդում մամուլի ազատությունը:



- Ես կարծում եմ՝ հարցի ճիշտ պատասխանը պետք է նայել հիմնարար իրավունքների շրջանակում, եթե մենք ճիշտ հասկանանք իրավունքները, իրավունքի կրողը մարդն է, մամուլի ազատությունը մարդու խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու իրավունքն է, մյուս կողմից՝ մարդու մեկ այլ իրավունքներ գոյություն ունեն, որոնք նույնպես անհրաժեշտ է պաշտպանել, եւ միշտ բնական բախումներ են տեղի ունենում այդ իրավունքների առումով, եւ դրա համար է քաղաքակրթությունն ստեղծել դատական համակարգ, որ իրավունքների բախման ժամանակ, կոնկրետ փաստերն ստուգելով տեսնել, թե որ իրավունքի է պետք տալ առավելություն: Դրա համար ճիշտ պատասխանը որոնելիս ես խորհուրդ կտամ հարցը նայել մարդու ազատությունների շրջանակում:



- Այս դեպքից հետո անընդհատ քննարկվում է այն հարցը, որ սա մամուլի դեմ ուղղված քայլ էր:



- Ես կարծում եմ, որ պետք չէ անմիջապես հետեւություններ անել, որ սա հենց մամուլի դեմ ուղղված քայլ էր: Պետք է ավելի խորքային նայել հենց կոնկրետ իրավիճակը՝ փաստական կազմով: Ավելին, Ձեր հարցի մեջ ինձ մտահոգում է նաեւ այն, որ դատարանին փորձում եք տեսնել մամուլի դեմ, այսինքն՝ մամուլ-դատարան հակամարտություն: Դուք ոչ թե պետք է դատարան-մամուլ հարաբերությունները նայեք, այլ դատարանում հանդես եկող կողմեր-մամուլ հարաբերությունները նայեք եւ հետեւեք դատարանի որոշումներին, թե դատարանն այս փուլում այս փաստերին ինչպիսի գնահատական տվեց:



- Այդուհանդերձ, կրկնելով հարցս, Ձեր կարծիքով, եթե այս հարցում դատարանի պահանջը բավարարվի, այն է՝ բացահայտել աղբյուրը, սա արդյոք վատ նախադեպ չի՞ լինի Հայաստանում մամուլի համար:



- Ես կարծում եմ, որ դատական ակտի հետեւանքով, եթե վերջնական օրինական ուժի մեջ մտած ակտ կա, պետք է բոլորս հետեւություն անենք, որ ա, բ, գ, դ փաստերի լույսի ներքո կա հետեւանք, որի վերաբերյալ օրենքի մեկնաբանությունն այսպիսին է: Եվ շատ կարեւոր են այստեղ փաստերը: Արդարադատություն իրականացնող դատարանների որեւէ դատական ակտ շատ լայն, ազատ մեկնաբանել չի կարելի, որովհետեւ փաստի լույսի ներքո է լինում դատարանի մեկնաբանությունը: Ինչ վերաբերում է նախադեպ լինելուն, ապա նույնական փաստերի հաջորդ դեպքում այդ դատական ակտը, այո՛, կունենա նույն ազդեցությունը: Մեր դատական օրենսգիրքն ի՞նչ է ասում՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վկայակոչելու նույնական փաստերով այլ դատական ակտը: Այդ այլ դատական ակտը հիմք կհանդիսանա մյուս նույնական փաստերի դեպքում վկայակոչելու եւ պահանջելու դատարանից, որպեսզի նույնական մոտեցում դրսեւորի: