Այսօր ԵԴ դատավորի թեկնածուների եռյակը պարզ կլինի

Այսօր ԵԴ դատավորի թեկնածուների եռյակը պարզ կլինի

Արդեն երկու օր է՝ ընթանում է Հայաստանից ներկայացվող Եվրադատարանի դատավորի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը: Հայտ ներկայացրած 13 հոգուց պետք է հարցազրույցի միջոցով ընտրվեն երեքը, որոնցից էլ արդեն Եվրադատարանում կընտրեն ամենաարժանավորին: Դեռ մրցույթն ու հարցազրույցը չանցկացված՝ արդեն իսկ խոսվում էր օբյեկտիվության խնդրի, ծանոթ-բարեկամական կապերի ու իշխանությունների կողմից այս կամ այն թեկնածուին աջակցելու մասին: Խոսակցություններ կան, որ իշխանությունների ֆավորիտը նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանն է:
Հայտնի իրավաբան, իրավապաշտպան Արա Ղազարյանն արդեն մասնակցել է հարցազրույցին, սակայն օբյեկտիվության առումով որեւէ խնդրահարույց բան չի նկատել ո՛չ հանձնաժողովի անդամների կողմից, ո՛չ իրեն ուղղված հարցերի մեջ: «Իմ կարծիքով, լավ է անցել, որեւէ խնդիր չկար»,-ասաց նա՝ առաջարկելով, որ ինքներս դիտենք հարցազրույցի ընթացքը, որը տեսագրվել է, որպեսզի հասկանանք, թե ինչ հարցեր են տվել, ինչու են տվել եւ այլն. «Ես խորհուրդ կտամ Ձեր կարծիքը կազմեք եւ գրեք՝ տեսանյութը ինքներդ նայելուց հետո»: Դիտարկմանը, թե արդեն շրջանառվում է այն տեսակետը, որ իշխանություններն Արմեն Հարությունյանին են աջակցում, Արա Ղազարյանն ասաց. «Դրանք ենթադրություններ են, իմ մասին էլ են նման բան ասել, այնպես որ, այդ ենթադրություններին չեմ ուզում որեւէ մեկնաբանություն անել»: Նա նաեւ չցանկացավ մյուս թեկնածուների վերաբերյալ որեւէ բան ասել, թե ում է տեսնում իրեն մրցակից, կամ ովքեր կարող են ընդգրկվել եռյակում: «Քանի դեռ մրցույթն ընթացքի մեջ է, ես չեմ ուզում որեւէ մեկին ասել՝ նա ավելի լավն է, քան մյուսը, որովհետեւ դրանով ես, փաստորեն, անհարգալից վերաբերմունք կցուցաբերեմ մյուսների նկատմամբ, մրցույթը որ ավարտվի՝ նոր: Հիմա դեռ ընթացքի մեջ է, թույլ տվեք ձեռնպահ մնալ գնահատականներից»,-ասաց Ա. Ղազարյանը: Երեկ երեկոյան, ժամը 19-ի սահմաններում հարցազրույցն ընթանում էր վերջին թեկնածուի՝ Նորա Կարապետյանի հետ: Վաղն արդեն կհրապարակվեն հարցազրույցի փուլի արդյունքները:



Նշենք, որ թեկնածուների թվում են Հակոբ Ղարախանյանը, ով մինչեւ 2013 թվականն աշխատել է ՀՀ դատախազությունում՝ Լոռու մարզի դատախազ, Նելիկ Հարությունյանը՝ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ, Դավիթ Խաչատուրյան՝ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, դասախոս, Վիգեն Քոչարյանը՝ ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս, Եղիշե Կիրակոսյանը՝ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, Արմեն Մելքումյանը՝ «Ֆիդելիթի Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ, Արայիկ Ղազարյանը՝ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս, Դավիթ Հակոբյան՝ Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն` իրավախորհրդատու, Լիզա Գրիգորյանը՝ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր, Վահե Գրիգորյանը՝ փաստաբան, Արմեն Հարությունյանը՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, Արայիկ Մելքումյանը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր, Նորա Կարապետյանը՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: