Նազարբաևն առկախեց ԵՏՄ-ն մինչև տարեվերջ

Նազարբաևն առկախեց ԵՏՄ-ն մինչև տարեվերջ

Վաղը Մինսկում գումարվելու են ոչ միայն ԱՊՀ-ի եւ Մաքսային եռյակի գագաթնաժողովները, այլեւ լուծարվելու է ԵվրազԷՍ կոչված կառույցը` այն պատճառաբանությամբ, թե դրան գալիս է փոխարինելու Եվրասիական տնտեսական միությունը: Օրինաչափ հարց է ծագում` այդ պարագայում ինչո՞ւ նույնկերպ չի լուծարվում Մաքսային միությունը, երբ ԵՏՄ-ն գալիս է փոխարինելու հատկապես Մաքսային միությանը: Սակայն ամբողջ հարցն էլ հենց այն է, թե արդյոք գալի՞ս է: Այստեղ էլ թաղված է շան գլուխը:



Բանականությամբ օժտված ցանկացած մարդ (ինչն անշուշտ չի վերաբերում ռուսներին եւ պրոռուսներին, քանի որ վերջիններս, Պուտինին Հերակլես պատկերացնելով ու պատկերելով, արդեն մատնել են սեփական ցնորվածության չափը) գիտակցում է, որ որպեսզի ԵՏՄ-ն չմնա թղթի վրա, պետք է դրա հիմնադրման պայմանագիրը վավերացվի առնվազն ԵՏՄ հիմնադիրների` ՌԴ-ի, Ղազախստանի եւ Բելառուսի կողմից: ՌԴ-ն, հասկանալիորեն, պայմանգիրը վավերացրել է, իսկ ահա Ղազախստանը վավերացումը թողել է ինչ-որ ժամանակվա` 2014-ի դեկտեմբերի կեսից հետո: Այն էլ` եթե վավերացնի:
Ղազախստանում օրենսդրության ստեղծման ճանապարհն անցնում է Մեջլիսի հաստատում-Սենատի հաստատում-նախագահի պրոմուլգացիա ընթացակարգով: Հոկտեմբերի 3-ին Ղազախստանի Մեջլիսը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն է տվել ԵՏՄ պայմանագրին եւ այն ուղարկել է Սենատ (վերին պալատ), որոշման կայացումը թողնելով դեկտեմբերի 12-ին: Սենատում պայմանագիրը քննարկվելու է նոյեմբերի վերջին օրը` 30-ին: Վերջապես, եթե անգամ Ղազախստանի խորհրդարանը վավերացնի ԵՏՄ պայմանագիրը, դա կպատահի միայն դեկտեմբերի կեսին, եւ ով գիտե՝ դեռ որքան ժամանակ էլ կանցնի, մինչեւ Նազարբաեւը վավերացման օրինագիծն ստորագրի:



Բելառուսն էլ ցանկություն է հայտնել Ղազախստանին զուգահեռ շարժվել, ինչը նշանակում է, որ մինչեւ դեկտեմբերի վերջը ԵՏՄ-ն կճոճվի օդում, եթե, իհարկե, Արեւմուտքի պատժամիջոցներն ու նավթային գների անկումը մինչ այդ անդունդը չգլորեն թե ՌԴ տնտեսությունը, թե դրան ասոցացվող ԵՏՄ-ն: