Ազգային կինոյի «Կինոաշուն»

Ազգային կինոյի «Կինոաշուն»

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս». այսպես է կոչվում հոկտեմբերի 7-ից Հայաստանի ազգային կինոկենտրոնի մեկնարկած ծրագիրը, որը տեւելու է մինչեւ նոյեմբերի 7-ը: Այս տարի ծրագիրը նվիրվում է հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: «Կինոաշունը» մեկնարկել է Վանաձորից՝ «Փարաջանով» խաղարկային լիամետրաժ կինոնկարի եւ Վանաձորի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը միաժամանակ կմեկնարկի Երեւանի վարչական տարածքներում եւ Հայաստանի մարզերում, ուր մեկ ամիս շարունակ կցուցադրվեն հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր: «Կինոաշնան» շրջանակներում կնշվեն Առնոլդ Աղաբաբով-85, Բագրատ Հովհաննիսյան-85, Արման Մանարյան-85, Գենադի Մելքոնյան-70 հոբելյանները, որոնց առիթով կկազմակերպվեն հայ մեծանուն կինոգործիչների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, մարզերում եւ Երեւանի վարչական շրջաններում կանցկացվեն հոբելյանական երեկոներ, իսկ բուհերի ուսանողների մասնակցությամբ կանցկացվի կլոր սեղան՝ «Մեր մեծերը» խորագրով: «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի նաեւ գրախոսականների մրցույթ: «Կինոաշնան» շրջանակներում հատուկ ծրագիր կներկայացվի հայկական բանակի եւ Արցախյան ազատամարտի թեմայով, որը կներառվի ե՛ւ հիմնական կինոցուցադրումների ծրագրում, ե՛ւ կներկայացվի մի շարք զորամասերում, սահմանամերձ գյուղերում եւ բնակավայրերում: