Մարդիկ գոչում էին՝ «հիմա», իսկ Ծառուկյանը հրաժարվեց ելույթից

Մարդիկ գոչում էին՝  «հիմա», իսկ Ծառուկյանը հրաժարվեց ելույթից

Երեկ Ազատության հրապարակը հիմնականում լցրել էին Երեւանն ու Կոտայքը: Առավոտից բողոքներ էինք ստանում, որ մայրաքաղաք եկող մարզային տրանսպորտը չի աշխատում: Բազմության մեջ, ի տարբերություն 2008-ի եւ 2013-ի ցույցերի, շատ էին արեւածաղիկ չրթողները: Թե Երեւանը, թե Կոտայքը սպասում էին երկու ելույթի՝ Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Մինչ այդ նրանց զբաղեցրին Արամ Մանուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, «Ազատամարտիկների դաշինք»-ից Ռազմիկ Պետրոսյանը, որը հայտարարեց, որ 600 ազատամարտիկ ժողովրդի հետ է: Երբ Ծառուկյանն իր լուսասփյուռ ժպիտով հայտնվեց հարթակում, բոլորը սուլեցին եւ ուժգին ծափահարեցին: «Ես այսօր այստեղ եմ, ձեր հետ, ձեր կողքին կանգնած եմ եւ դրա համար ես շատ հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ, ձեր կողքին կանգնած եմ»,- արտասանեց Ծառուկյանն իր հեղինակած ոտանավորը: Ասաց, որ երբեք չի եղել, որ «ինքը հայտարարություն անի ժողովրդին եւ իր հայտարարությունից հետ կանգնի», ապա խոստացավ, որ այսօր այստեղ ինչ ասի, կատարելու է: Ցավոք, ոչինչ չասաց, քանի որ հաջորդ պահին հրաժարվեց ելույթից: Միայն ասաց, որ թիմակիցները կխոսեն իր փոխարեն, իսկ ինքը ելույթ կունենա հաջորդ հանրահավաքին, այսինքն՝ «հաջորդ դասին»: Այսքանը: Մի մասն ուրախ դեմքերով ժպտացին ու ծափահարեցին, իրար հասկացնելով, թե տեսա՞ք, ինչ խորամանկորեն տակից դուրս եկավ մեր թագավորը: Մյուսների դեմքին տարակուսանք կար, եւ այդ պահին երեւաց, թե ով է ՀԱԿ-ի համար Օպերա եկել, իսկ ում՝ Ծառուկյանն է բերել: «Լա՞վ եք, ժողովուրդ»,- հարցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ նրա ձայնը, ինչպես միշտ, բոլորից բարձր լսվեց հարթակից: Նրանից շատ հեռու կանգնած մի խուլ պապիկ, որ մինչ այդ ձեռքն ականջից չէր իջեցնում, ինքն իրեն ասաց. «Որ լավ լինեինք, ստեղ խի՞ պետք ա հավաքվեինք»: Տեր-Պետրոսյանը կրկնեց պապիկի բառերը, կարծես լսել էր նրան. «Եկեք ճիշտ խոսենք, վատ ենք: Վատ որ չլինեիք, տուն-տեղ, այգի, դաշտ թողած՝ այստեղ չէիք հավաքվի»: Ապա հայտարարեց համաժողովրդական շարժման սկիզբը, որը, բացի երեք խորհրդարանական ուժերից, գլխավորում է նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: «Մինչ այժմ քառյակն ընդամենը ընդդիմադիր ուժերի դաշինք էր: Իսկ այսօրվանից քառյակի ծրագրած հանրահավաքային գործընթացին միացել են հսկայական զանգվածներ, ընդդիմադիր խորհրդարանական ուժերի համագործակցությունն ինքնըստինքյան վերածվում է համաժողովրդական շարժման»,- ասաց առաջին նախագահը: ՀՅԴ-ի հասցեին սուր քննադատություն չհնչեց: Առաջին նախագահն ընդամենը նշեց, որ Դաշնակցությունն «ինչ-ինչ նպատակներով հարմար չի համարել մաս կազմել համաժողովրդական շարժմանը», բայց շարունակում է համագործակցել երեք ուժերի հետ խորհրդարանական մակարդակում: «Կազմի փոփոխությունից հետո էլ հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույնչափ հրաշալի քառյակ»,- ասաց նա, եւ բոլորը ծափահարեցին:



Առանձին կետով ՀԱԿ առաջնորդը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւ «Օրինաց երկիրն» այս շարժման հետ որեւէ առնչություն չունեն, եւ «եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի հետ, թող պայքարեն, ավելին, նույնիսկ շնորհակալ կլինենք նրանցից»: Աշխարհաքաղաքական խնդիրների վերաբերյալ ասաց, որ շարժումն իր առաջ դրանք չի դնում եւ առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում չի անդրադառնալու սրան. «Իրականում Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր գոյություն չունի, որովհետեւ, ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում, Հայաստանի անդամությունը Եվրասիական միությանն այլեւս անշրջելի իրողություն է, իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ նրանք մարդկանց մտքերը պղտորելուց բացի ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»: Տեր-Պետրոսյանը խոստացավ, որ շարժումը բացառապես խաղաղ է լինելու եւ մնալու է սահմանադրության եւ օրենքների շրջանակում, հակառակ գործողությունները գնահատվելու են որպես սադրանք վարչակազմի կողմից, իշխանության ներկայացուցիչների հասցեին անձնական վիրավորանքներ չեն լինելու, սակայն իրերը կոչելու են իրենց անուններով: «Եթե գող են, ասելու ենք գող, եթե կաշառակեր են, ասելու ենք կաշառակեր, եթե մարդասպան են, ասելու ենք մարդասպան»,- ասաց Տեր-Պետրոսյանը, շարունակելով այս շղթան, եւ ինչ-որ բանով հիշեցրեց Սերժ Սարգսյանի ճառերը: «Քառյակն այնքան միամիտ չէր, որ կարծեր, թե կառավարությունը կատարելու է իր պահանջագրի 12 կետերը: Քառյակի նպատակն ընդամենը ապացուցելն էր, որ վարչախումբը պատրաստ չէր թեկուզ ամենաչնչին հարցում ընդառաջ գնալ հասարակության պահանջներին, ինչի հաստատումը հանդիսացավ նշված կետերի վերաբերյալ կառավարության ամբարտավան եւ խայտառակ պատասխանը: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա մամուլի, վերլուծաբանների եւ քաղաքական ուժերի հարյուրավոր արձագանքներից հետո միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է ոչ թե սեփական իշխանությունը հավերժացնելու նկատառումով, այլ միայն ու միայն, բացառապես, իր հոր արեւ երկրի ու ժողովրդի բարօրության համար»,- ասաց Տեր-Պետրոսյանը, եւ մարդկանց դուր եկավ նրա հումորը: Բայց, ընդհանուր առմամբ, մարդիկ անկիրք էին հետեւում հանրահավաքին: Եվ այս անտարբերությունը կարծես ժողովրդի պաշտպանական ռեակցիան լինի անպտուղ խոստումների, երկար սպասման, իր համբերության չարաշահումների դեմ: Մի պահ միայն, երբ Րաֆֆին իր ելույթում առաջարկեց շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին եւ ասաց՝ ամեն մեկդ մասնակից եք լինելու մեր հաղթանակին, մարդիկ գոռացին՝ «հիմա, հիմա», եւ դա հանրահավաքի ամենաջերմ պահն էր: