«Հարավկովկասյան երկաթուղին» թաքցրել է հայ վարպետի մահը

«Հարավկովկասյան երկաթուղին» թաքցրել է հայ վարպետի մահը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ պարծենալով նկատել էր, որ իր օրոք ավելի շատ եւ ավելի արագ է կառուցվում հայկական երկաթուղին, քան նույնիսկ խորհրդային շրջանում, այսինքն, Արարատ Խրիմյանի եւ Սիմոն Ղանդիլյանի օրոք: Թեեւ վթարների մասին երկաթուղու ղեկավարը չի սիրում խոսել, բայց դրանց գծով նա իրոք անգերազանցելի է: Վերջին դեպքը, որի մասին իմացանք պատահաբար, տեղի էր ունեցել հոկտեմբերի 7-ի երեկոյան՝ ժամը 21:30-ի սահմաններում: Զոդից Արարատ հանքանյութ տեղափոխող 26 վագոնների մի մասը Շորժայի մոտակայքում դուրս էր ընկել գծերից, մյուս մասն էլ շրջվել էր, իսկ ոսկու հանքանյութը թափվել էր գծերի վրա: Հատուկ հանձնաժողովն առայժմ քննում է դեպքը, պատճառները դեռ պարզված չեն, սակայն տեղեկացված աղբյուրը հաղորդում է, որ վթարված վագոնները մի քանի ամիս առաջ նորոգվել էին Վրաստանում, եւ այժմ ՀԿԵ ղեկավարությունը հակված է մեղադրել վրացական կողմին: Սակայն վերանորոգումներ իրականացրած կազմակերպությունը չի ընդունում այդ մեղադրանքները, փաստարկելով, որ եթե վագոններն անսարք էին, ինչո՞ւ է «Երկաթուղին» ընդունել իրենց աշխատանքը: Դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն տարածվեց միայն մեր հրապարակումից հետո, ի պատասխան լրագրողների հարցումներին: Հաղորդվեց, որ լուրջ կորուստներ չկան: Չի բացառվում, որ եթե չլիներ մամուլի հետաքրքրությունը, հանրությունն այս խոշոր վթարի մասին ոչինչ չէր իմանալու: Այդպես եղավ, օրինակ, անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած մեկ այլ վթարից հետո, երբ նույն Զոդից հանքաքար էին բերելիս եղել Արարատի կողմը: Այն ժամանակ Ագին-Անի կայարանների արանքում 12 վագոն շարքից դուրս էր եկել, որից 5-ը վթարից հետո հնարավոր չէր եղել անգամ վերանորոգել, եւ դուրսգրման ենթակա էին դարձել, այսինքն՝ այդ վթարից հետո շահագործման համար ոչ պիտանի: Սակայն ամենաողբերգական դեպքը, որը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ցանկացավ լռության մատնել, տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 8-ին, Սպանդարյան կայարանում:



Արտադրական տրավմայի էր ենթարկվել 47-ամյա վարպետ Արայիկ Նիկոլյանը: Նա վայր էր ընկել 8 մետր բարձրության վրա աշխատելիս, վթարված կոնտակտային էլեկտրական գծերը փոխելիս: Նման աշխատանքների ընթացքում, անվտանգության կանոնների համաձայն, երկու ժամ «օկնո» են տալիս, այսինքն՝ 2 ժամով գծերը հոսանքազրկում են: Վարպետ Նիկոլյանին ընդամենը մեկ ժամ են տվել: Երկաթուղայինները պատմում են, որ նրան նաեւ շտապեցրել են, եւ այդ շտապողականությունն է պատճառ դարձել, որ նա կորցրել է հավասարակշռությունը: Վարպետը կոտրվածքներ է ստացել ողնաշարի եւ գլխի շրջանում եւ 7 օր անց մահացել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հանգուցյալ վարպետի գործընկերները պատմում են, որ կասկածներ կան, թե վթարի պատճառն անսարք սանդուղքը եւ անվտանգության կանոնների կոպիտ խախտումներն են եղել: Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ Արայիկ Նիկոլյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել Քրօր. 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: «Արայիկ Նիկոլյանը մահացել է սեպտեմբրեի 16-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում, ինչի առթիվ ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ սեպտեմբերի 17-ին հարուցվել է քրգործ, դատաբժշկական եւ դատատեխնիկական փորձագիտություններ են անցկացվում, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել: Դեպքի իրական հանգամանքները պարզելու եւ ականատես անձանց հայտնաբերելու համար հանձնարարություններ են տրվել ոստիկանության Մաշտոցի բաժնին: Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում են նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներ»,- ասաց խոսնակը: «Արմենիա» բժշկական կենտրոնից էլ ուղղակի պատասխանեցին, որ հանգուցյալը Սպանդարյան կայարանում բարձրությունից վայր է ընկել: Չնայած հաճախակի միջադեպերին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մինչեւ վերջերս հույսեր ուներ տեղափոխվելու ավելի լավ աշխատանքի: Մամուլում նույնիսկ լուրեր պտտվեցին Ռեբեցի հնարավոր առաջխաղացման մասին, որը կապված էր Մոսկվայի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնանկության հետ: Վերջինիս ազատել էին աշխատանքից հաճախակի դարձած վթարների պատճառով, եւ Ռեբեցը հիմնական հավակնորդներից էր համարվում: Անհասկանալի է, թե ինչու պետք է հենց Ռեբեցին տանեին Մոսկվա, ավելի բարձր պաշտոնի, այն դեպքում, երբ այստեղ վթարների հետ կապված իրավիճակը նույնչափ մտահոգիչ է, ինչ Ռուսաստանում: Մեր տեղեկություններով, սակայն, «Ռուսաստանյան երկաթուղի» ԲԲԸ նախագահ Յակունինը փոխել է իր կարծիքը Վիկտոր Ռեբեցի մասին, քանի որ Հայաստանից բողոքներ են գնացել այս պաշտոնյանի վատ աշխատանքի մասին: Բողոքներում մասնավորապես նշված է եղել, որ ներդրումները, որոնք իրականացվում են Հայաստանում, չեն ծառայում գծերի նորացմանը կամ այլ բարի նպատակների, այլ թալանվում են: Ի դեպ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ռուսաստանցի մոտ 18 աշխատողներն ահռելի աշխատավարձեր են ստանում՝ ամսական 7-15 հազար դոլարի հասնող: Նրանց աշխատավարձի ֆոնդն ամսական 53 մլն դրամ է կազմում, եւ սա այն դեպքում, երբ տեղացիները 120-130 հազար դրամ են ստանում, իսկ դատարաններում ձեռնարկությունը մոտ 1 մլն 200 հազար դոլար ընդհանուր գումար է պարտվել գործարարներին: Մեր դիտարկումների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից, որի պատասխանին դեռ սպասում ենք եւ կհրապարակենք ստանալուն պես: