Վերադասավորումներ ԼՂՀ-ում
ԼՂՀ-ում կադրային փոփոխություններ են տեղի ունենում, ավելի ճիշտ՝ փոխատեղումներ («ռակիրովկաներ»), որոնք քաղաքական ենթատեքստ ունեն եւ իշխանության ներսում նոր վերադասավորումների են բերելու: Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 9-ին, երբ ԱԺ նիստի ժամանակ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մոսիյանը հրաժարական տվեց: ԼՂՀ չինովնիկական շրջանում սպասում են Արթուր Մոսիյանի նոր նշանակմանը: Վերնախավում կարծիք է տարածված, որ նա շուտով կզբաղեցնի ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնը, թեեւ ոչ ՎՊ նախագահը, ոչ էլ գլխավոր դատախազն օրենքով չեն կարող որեւէ կուսակցության անդամ լինել: Ինչեւէ, Արթուր Մոսիյանի նոր նշանակումը, անշուշտ, կամրապնդի Ղարաբաղում իշխանական ուժ հանդիսացող ՀՅԴ ազդեցությունը: Վերջապես իրականություն կդառնա ՀՅԴ՝ ձեռքի տակ ուժային կառույց ունենալու երազանքը:
Եթե հաշվի առնենք, որ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւս դաշնակցական է եւ ահռելի ազդեցություն ունի ԼՂՀ կառավարությունում, ապա ակնհայտ է, որ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելով, ՀՅԴ դիրքերն էապես ուժեղանում են: Արթուր Աղաբեկյանի վերաբերյալ քաղաքական շրջանակներում երկու կանխատեսում կա՝ որ նա ԼՂՀ վարչապետի ամենալուրջ հավակնորդն է, եւ երկրորդ՝ որ նա նախագահական ամբիցիաներ ունի: Ներկայիս գլխավոր դատախազ, նախկին ոստիկան, պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Արշավիր Ղարամյանին, ըստ իշխանության ներսում շրջանառվող լուրերի, եւս վառ հեռանկար է սպասվում: Նա նախագահ Բակո Սահակյանի մտերիմ մարդկանցից է Արցախում, եւ վարկած է պտտվում, թե Բակո Սահակյանը, ով 2017 թվականի նախագահական ընտրություններում այլեւս առաջադրվելու իրավունք չունի, հենց Արշավիր Ղարամյանին է տեսնում իր իրավահաջորդի կարգավիճակում: Իսկ մինչ այդ Ղարամյանը կարճ ժամանակով նշանակվելու է ԱԱԾ տնօրեն: Ղարամյանը Բակո Սահակյանի տեղակալն է եղել, երբ վերջինս ԼՂՀ գլխավոր ոստիկանապետն էր, իսկ պատերազմի ժամանակ ենթարկվել է ԼՂՀ նախագահի հիմնական «ընդդիմությանը»՝ Վիտալի Բալասանյանին: ԱԱԾ այսօրվա ղեկավարը՝ Վիկտոր Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի բարեկամն է, ըստ ամենայնի, դառնալու է Անվտանգության խորհրդի քարտուղար, սակայն նա ԼՂՀ իշխանական շրջանում էական ազդեցություն չունի: Ըստ ԼՂՀ վերնախավում տարածված կարծիքների, ՀՅԴ թեւն ուժեղացնելով, Բակո Սահակյանը նպատակ ունի թուլացնել իր հակառակորդին՝ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ով 10 տարի ղեկավարել է Ղարաբաղը եւ ղարաբաղյան Օլիմպոս վերադառնալու մեծ ջանքեր է գործադրում: 2017 թվականի ընտրություններում նա նախագահի հիմնական թեկնածուներից է լինելու, սակայն ՀՅԴ-ն նրան չի տեսնում նախագահի աթոռին, եւ, բացի այդ, այսօր նա էական դեր չի խաղում արցախյան քաղաքական գործընթացներում: Անգամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունում, որն այստեղ հիմնական իշխանական ուժն է, եւ որը ժամանակին Արկադի Ղուկասյանի քաղաքական հենարանն էր, նրա ազդեցությունը սասանվել է: Քանի որ Արկադի Ղուկասյանի «աստեղային ժամերը» համընկել են Ռոբերտ Քոչարյանի վերջին նախագահության տարիների հետ, ձեւավորված կարծիք կա, որ նոր ընտրություններում նա, հնարավոր է, Քոչարյանի ֆավորիտը լինի: Մյուս կողմից, մարդիկ հիշում են, որ ժամանակին Արկադի Ղուկասյանին նախագահ դարձրեց Սամվել Բաբայանը, մինչդեռ Քոչարյանն այդ ժամանակ, 1997 թվականին, ջանում էր իշխանության բերել Լեոնարդ Պետրոսյանին, ինչը չստացվեց, եւ Քոչարյանը նրան բերեց Երեւան, նշանակելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
Ինչեւէ, այսօր դժվար է կանխատեսել, թե ում է Քոչարյանն աջակցելու 2017 թվականի նախագահական ընտրություններում: Մեր տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահն անձնական հանդիպումներ է ունենում եւ քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում Ղարաբաղի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բացի Արկադի Ղուկասյանից: Չի բացառվում, որ այսկերպ առայժմ քողարկվում է նրա բարեհաճ վերաբերմունքն ապագա իշխանական թեկնածուի հանդեպ:
Կարծիքներ