Մի շարք ղեկավարներ ազատվել են աշխատանքից
Հոկտեմբերի 7-ին Շորժայի մոտակայքում տեղի ունեցած վթարի պատճառը տեխնիկական էր: Այս մասին երեկ հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից: «Վագոնների գծից դուրս գալու պատճառը տեխնիկական բնույթ է կրում: Տեղի էր ունեցել վագոնի անիվային զույգի առանցքի վզիկի տաք կոտրվածք (горячий излом шейки оси колецной пары вагона)»,- հայտնեցին մեզ ընկերությունից: «Հրապարակը» նաեւ այլ հարցեր էր ուղղել երկաթուղու ղեկավար Վիկտոր Ռեբեցին, որոնց պատասխաններն ստացանք գրավոր:
- Ճի՞շտ է, որ վթարված վագոնները 6 ամիս առաջ նորոգված են եղել Վրաստանում, եւ երկաթուղու ղեկավարությունը գտնում է, որ մեղավոր են վրացի վարպետները:
- Իսկապես, վագոնների գծից դուրս գալու պատճառ հանդիսացող անիվային զույգն անցել է զննում Վրաստանի տարածքում:
- Ս.թ. սեպտեմբերի 8-ին Սպանդարյան կայարանում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով մահացել է 47-ամյա վարպետ Արայիկ Նիկոլյանը: Նա մահացել է տեխնիկական անվտանգության կանոնների խախտման պատճառով: Խնդրում ենք պարզաբանել, թե ինչ հանգամանքներում է նա վայր ընկել, եւ ճի՞շտ է, որ նա մահացել է վերանորոգման աշխատանքներ կատարելիս, որի համար երկաթգծի ղեկավարությունը նախկինում 2 ժամով էր հոսանքազրկում երկաթուղու տվյալ հատվածը, իսկ այժմ՝ մեկ ժամով: Մեր տեղեկություններով, վարպետը ցած է ընկել եւ վնասվածքներ է ստացել շտապողականության պատճառով: Եթե ոչ, ապա ո՞րն էր արտադրական տրավմայի պատճառը:
- Ցավոք սրտի, Սպանդարյանում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետեւանքով անցկացվել էր ծառայողական հետաքննություն՝ մեղավոր անձանց պարզելու համար: Քննության արդյունքներով, մի շարք ղեկավարներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, տեղափոխվելով ավելի ցածր պաշտոնների: Տարբեր մակարդակի ղեկավարներ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել: Դժբախտ պատահարի հիմք էր հանդիսացել անվտանգության կանոնների խախտումը: Վախճանված Ա. Նիկոլյանի ընտանիքին Հարավկովկասյան երկաթուղու կողմից ցուցաբերվել էր նյութական օգնություն, չնայած մենք հասկանում ենք, որ ոչ մի նյութական բարիք չի լրացնի այս ծանրագույն կորուստը:
- Խնդրում եմ, եթե հնարավոր է, նշեք, թե որքան աշխատավարձ են ստանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ռուսաստանցի աշխատակիցները, եւ որքան են ստանում հայաստանցիները, եւ ինչպես է ձեւավորվում միջին աշխատավարձը:
- «ՀԿԵ» ՓԲԸ-ն երբեք չի տարբերակում իր աշխատողներին սեռի, ազգության, քաղաքացիության կամ ցանկացած այլ սկզբունքներով: Ընկերությունում չկան «ռուսաստանցի» կամ «հայաստանցի» մասնագետներ, ընկերությունում աշխատում են երկաթուղայիններ՝ «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցներ: Իսկ ինչ վերաբերում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից նույն «ՌԵ»-ի 100%-անոց դուստր ձեռնարկություն (որը եւ հանդիսանում է ՀԿԵ-ն) աշխատանքի ուղղված մասնագետներին, ապա նրանց աշխատավարձը ձեւավորվում է մայր-ընկերության չափանիշներով: Միեւնույն ժամանակ կարող ենք նշել, որ օգոստոսի արդյունքներով միջին ամսական աշխատավարձն ընկերությունում, որտեղ աշխատում է մոտ 3,6 հազ. աշխատող, կազմել է 203 հազ. դրամ, ինչը 5,4%-ով գերազանցում է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Համեմատելու համար նշենք, որ 2014 թվականի օգոստոսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմում էր մոտ 173,1 հազ. դրամ:
Կարծիքներ