Կրեմլը փորձում է խաղի նոր կանոններ ներմուծել

Կրեմլը փորձում է խաղի նոր կանոններ ներմուծել

Եվրասիական մաքսային միությունը Հայաստանի համար մնում է, ինչպես ռուսներն են ասում, «պարկի միջի կատու», այն էլ՝ սեւ կատու: Մի քանի տնտեսական հարցերից բացի, որոնց թվում 900 անուն ապրանքների մասով հարկման դրույքաչափերի մեզ տրված արտոնություններն են, ոչինչ հայտնի չէ: Անդամակցության գործընթացը շարունակում է մնալ «կուլիսային», որի քաղաքական բաղադրիչը՝ ԼՂՀ-ի հետ մաքսային սահմանի լինել-չլինելու հարցը, այս պահին ամենաշատն է հուզում հանրությանը: Ռուս փորձագետ, «Ռեգնում» գործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին, որում նա ասել էր, որ մաքսակետեր Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ, այնուամենայնիվ, լինելու են, ալեկոծեց կրքերը: Երեկ հայ պաշտոնյաները հերքում էին Կոլերովի ասածը, կրկնելով այն, ինչ ասում էին մինչեւ հոկտեմբերի 10-ը: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ճեպազրույցի ժամանակ հայտնեց. «Պայմանագրում այդպիսի կետ չկա, որ դրվելու է մաքսակետ», եւ նույնիսկ խորհուրդ տվեց լրագրողներին «այդ հարցին ավելի զգուշավոր մոտենալ»: Իսկ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Արմենիայի» եթերում հստակ հայտարարել է, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել. «ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրում պարզապես նշվում է շատ տրամաբանական մի ձեւակերպում, որ պետությունների մաքսային տարածքը դա իրենց տարածքն է: Ընտրովի մոտեցում Հայաստանի Հանրապետությունն իր նկատմամբ, բնականաբար, չէր կարող ընդունել, եւ որպեսզի ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցը փակենք, ասեմ, որ մենք հաստատել ենք այն մոտեցումը, որ Հայաստանն ի սկզբանե ունեցել է անկախացման օրերից, այսինքն՝ Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության մի մասը, մենք մեր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ՝ չճանաչելով դե յուրե, եւ մեր հարաբերությունները հորիզոնական են»: Բայց ինչո՞ւ է Կրեմլին մոտ կանգնած ռուս վերլուծաբանը, այնուամենայնիվ, հակառակը պնդում:



ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը, որը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բանակցությունների ակունքում է եւ դրանց «մայրն» է համարվում, պատասխանելով «Հրապարակի» այս հարցին, ասաց. «Մեր արտգործնախարարությա՞նն եք հավատում, թե՞ ինչ-որ լրագրողի: Ես խորհուրդ եմ տալիս հավատալ մեր արտգործնախարարության ներկայացուցչին, այսքանը»: Դժվար չէ նկատել, սակայն, որ մեր բոլոր պաշտոնյաներն իրենց պնդումներն անում են ներկա ժամանակով, իսկ ռուսաստանցի վերլուծաբանը խոսել է ապառնիով. «Մաքսային ծառայության ներկայացուցիչն էլ անպայման լինելու է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ արդեն գոյություն ունեցող սահմանին»: Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց իրավիճակը. «Կրեմլը փորձում է չպայմանավորված խաղի կանոններ ներմուծել, ինչին համաձայն չէ Երեւանը»: Ըստ նրա, անցած ամիսներին հնչած հայտարարությունները մտահոգիչ պատկեր էին ստեղծում, եւ կասկածելի էր, թե ինչպես է լուծվելու մաքսակետի խնդիրը, որի վերաբերյալ կողմերը նույնատիպ հայտարարություններ չեն արել: «Բոլորը հայտարարել էին, որ Հայաստանն անդամակցում է միջազգայնորեն ընդունված իր սահմաններով, բայց մաքսակետի խնդրով որեւէ հայտարարություն չէր հնչել, ճիշտ հակառակը՝ հնչել էր միայն պաշտոնական Երեւանի հայտարարությունը, որ մաքսակետ չի լինելու: Այժմ նկատելի է, որ Մոսկվան Կրեմլի փորձագետների շուրթերով փորձում է հակառակ հայտարարություններն անել: Նշանակում է, որ կոնֆլիկտը նորից ժայթքում է մակերես եւ ինչ լուծումներ կստանա, դժվար է ասել, քանի որ մենք չունենք պաշտոնական Մոսկվայի որեւէ այլ ուղղակի արձագանք»: