Հարկայինի նախկին աշխատողը հարցաքննվել է «Շառլոտի» գործով

Հարկայինի նախկին աշխատողը հարցաքննվել է «Շառլոտի» գործով

Օրերս հարցաքննության են կանչել «Շառլոտ» գիշերային ակումբում օգոստոսի 26-ին տեղի ունեցած բուռն ծեծկռտուքի գլխավոր հերոսներից մեկին՝ Կարեն Կարապետյանին, որը Կենտրոնի հարկային տեսչության պետն էր եւ աշխատանքից ազատվել էր անմիջապես դեպքից հետո: Այս մասին մեզ հաղորդեց իշխանության մոտ կանգնած աղբյուրը:



Կարեն Կարապետյանը նաեւ նախկին զինկոմի տեղակալ Գագիկ Կարապետյանի որդին է եւ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի զարմիկը: Այդ օրը, ինչպես հայտնի է, նա եւ մյուս պաշտոնյաները՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը, ԱԱԾ նախկին աշխատակից Արսեն Ղազարյանը, զվարճացել են «Շառլոտ» գիշերային ակումբում, ապա դրա տերերի հետ կոնֆլիկտի մեջ մտել, իսկ երբ խաղաղ կարգավորման բոլոր տղայական միջոցներն սպառվել են, փակել են դռները, եւ ծեծկռտուք է սկսվել ակումբի տերերի ու այս պաշտոնյաների միջեւ: Եվ Կարեն Կարապետյանին, եւ ԱԱԾ նախկին աշխատակցին դեպքին հաջորդող օրերին ազատեցին աշխատանքից, առանց, սակայն, պաշտոնական հայտարարությունների: Հանրությունը ենթադրեց, որ պատճառը «Շառլոտի» դեպքն էր, որի հիմնական հրահրողը, ըստ ԶԼՄ-ների, հենց Կարեն Կարապետյանն էր: Ոստիկանությունը խուլիգանության հոդվածով գործ հարուցեց, սակայն ծեծկռտուքին մասնակցելու կասկածանքով բերման ենթարկեց միայն ակումբի տերերին՝ Ռոբերտ Կ.-ին, որը վնասվածքներ էր ստացել եւ ասել էր, որ ընկնելուց են դրանք առաջացել, Սուրեն Ղ.-ին, Գարիկ Մ.-ին եւ Ջանիբեկ Մ.-ին:



Հայտնի պաշտոնյաների մասին որեւէ խոսք չեղավ: Եվ ահա, երեկ տեղեկանում ենք, որ Կենտրոնի հարկայինի նախկին պետը, այնուամենայնիվ, կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, որը վարում է այս գործը, եւ հարցաքննվել: Սակայն վաղ է եզրակացնել, որ նա կպատժվի, կամ որ իրավապահները որոշել են անաչառ նախաքննություն կատարել: Կարեն Կարապետյանի կարգավիճակը պարզ չէ: Մեր աղբյուրը հաղորդում է, որ Կարապետյանը հարցաքննվել է: Մյուս աղբյուրը, որն իրավապահ մարմիններից է, հայտնեց, որ միջադեպի բոլոր մասնակիցները բացատրություններ տվել են: Վարույթ իրականացնող մարմինը չի շտապում, սակայն, հանրությանը տեղեկացնել հանրության շահերին առնչվող այս կարեւոր գործի մասին: Մեր հարցմանը պատասխանելով, ՀՔԾ մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանն ընդամենը հայտնեց. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով անցնող անձանց կարգավիճակի մասին տեղեկությունները վարույթն իրականացնող մարմինը համարում է նախաքննական գաղտնիք եւ հրապարակման ոչ ենթակա: Նախնական քննության տվյալների անթույլատրելիության մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից ելնելով` այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»: Հետեւապես, ստիպված ենք ապավինել մեր աղբյուրներին: Վերջիններս հայտնում են, որ Կարեն Կարապետյանին հարցաքննելը կապված է մեկ այլ քննության հետ՝ դեպի Սարալանջ տանող նոր ճանապարհին սեպտեմբերի 30-ին հնչած կրակոցների: Ինչպես հիշում ենք, այդ օրը երթեւեկության ընթացքում «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի ուղղությամբ մեկ այլ մեքենայից կրակոցներ էին տեղացել, ապա հանցագործը կամ հանցագործները դիմել էին փախուստի: Ոտքի թեթեւ վնասվածք էր ստացել 21-ամյա Լեւոն Հարությունյանը, որը «Շառլոտ» գիշերային ակումբի տիրոջ որդին է: Սարալանջի կրակոցների փաստով սպանության հոդվածով քրեական գործ կա հարուցված, եւ այդ օրերին այս երկու միջադեպերն անմիջապես կապեցին իրար: Մեր տեղեկություններով, Սարալանջի կրակոցները յուրօրինակ վենդետա էին «Շառլոտի» տերերի դեմ, իսկ Կարեն Կարապետյանը հզոր հովանավոր ունի Ռուսաստանում, որի մարդիկ ուղղակի կապ ունեն Սարալանջի կրակոցների հետ: Սա ընդամենը վարկած է, որը մեր իրավապահներն առայժմ որեւէ կերպ չեն ցանկանում մեկնաբանել: