Գնդապետին սպառնացել են դիմակավոր մարդիկ
Երեւանյան 3 կայքեր՝ «Նոր լուր», «Վարկած» եւ «Ելք», հոկտեմբերի 15-ին տեղադրել էին Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի բաց նամակը, մեկ օրում կիբեր-հարձակման ենթարկվեցին: «Վարկածի» խմբագիր Ռուզան Ավոյանի խոսքով, դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կայքը տեղադրեց Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի «Արդեն խոսում են Գագիկ Ծառուկյանի տիկնիկները» հոդվածը: Հեղինակը՝ արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ Հովհաննիսյանը, արձագանքել էր Սերժ Սարգսյանին եւ Լիսկային ծաղրող Zham.am կայքի «Քաղաքական տիկնիկներ» հաղորդաշարին եւ որոշ տեղեկություններ էր վերհիշել Գագիկ Ծառուկյանի անցյալից: Սակայն ԲՀԿ-ն իր առաջնորդի հասցեին քննադատություն չի հանդուրժում՝ Լիսկայի խորհրդականի խոսքը չպետք է հասներ ընթերցողին: Եվս երկու ԶԼՄ-ներ, հավանաբար տեղեկանալով այս հեռանկարի մասին, ինքնակամ էին հանել նյութը: Բայց սա դեռ սկիզբն էր գնդապետի դեմ պայքարի, որը գնալով քրեական բնույթ ստացավ:
Երեկ Վոլոդյա Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ հոկտեմբերի 16-ին դիմակավոր 3 մարդ Երեւանի Արցախի փողոցում կանգնեցրել են իր մեքենան եւ սպառնացել նրա հետ հաշվեհարդար տեսնել: «Ինձ վերցրել, տարել են մի տեղ եւ բացատրել են, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ոչինչ չանեմ: Նրանք շքեղ մեքենայով էին՝ «Տոյոտա» մակնիշի, եկան նստեցին, շատ կուլտուրական, կիրթ խնդրում էին՝ ճանաչելով Ձեզ, խնդրում ենք մի արեք, հիմա դեռ խնդրում ենք, իսկ եթե հրաման տրվի, ապա մենք ամեն ինչի ընդունակ ենք»: Վոլոդյա Հովհաննիսյանը չի դիմել ոստիկանություն. «Ո՞ւմ դիմել: Եթե կայքէջերը փակվում են, եւ ոստիկանությունը ոչինչ չի անում, ո՞նց կարելի է դիմել», սակայն չի վախեցել սպառնալիքներից եւ հայտարարել է, որ իրեն նման ձեւով հնարավոր չէ կոտրել: Իրավապահ մարմինները կարող են սույն հրապարակումն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:
Վոլոդյա Հովհաննիսյանը նաեւ պատմեց, որ Սուրեն Խաչատրյանն իր վաղեմի ընկերն է, եւ ինքը, տեսնելով, որ ԲՀԿ գրասենյակի ղեկավար Կարինե Վարդանյանը «Քաղաքական տիկնիկներ» ինտերնետային հաղորդման մեջ նախագահին եւ Սուրիկ Խաչատրյանին ծաղրող երկխոսություն է տեղադրել, որոշել է պաշտպանել է Սուրեն Խաչատրյանին: «Ես նրա խորհրդականն եմ, ես նրան պաշտպանում եմ, իմ հայացքը դա է: Ես այդ դիմակավոր երիտասարդներին ասացի, որ մենք էլ կարող ենք պիտակավորել Ձեր առաջնորդին, տալ նրա իսկական անունը, բայց իմ դաստիարակությունը թույլ չի տալիս, եւ ես ոչ մի տեղ այն չեմ օգտագործել»: Գնդապետն ասում է, որ ընդամենը արտահայտել է իր կարծիքը եւ «Արդեն խոսում են Ծառուկյանի տիկնիկները» հոդվածի մեջ գրել է, որ Սուրեն Խաչատրյանի ծառայություններն այս երկրին հարյուրապատիկ ավելի են պետք, քան «թագավոր» Գագիկ Ծառուկյանինը: «Կարինե Վարդանյանը խոսում է բռնաբարությունների եւ սպանությունների մասին: Խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել Ձեր կուսակցության լիդեր Գագոյի ռուսաստանյան անցյալը, որտեղ դուք կստանաք հանրությանը հայտնի փաստերի պատասխանը»,- գրել է Հովհաննիսյանը, ապա հիշեցրել, որ երբ Սուրիկ Խաչատրյանը 500 քաջերի ջոկատ էր ստեղծում, «Գագիկ Ծառուկյանը թաքնվել էր անհայտության մեջ» եւ եթե անգամ կրել է զինվորական համազգեստ, ոչ թե հայրենիքի պաշտպանության համար, «այլ անարգել բալոններով գազ վաճառելու»: Գնդապետը հիշատակել է, որ «Երեւան-Սեւան մայրուղու վրա գազ վաճառող ենթասպան դիմացի բլուրների վրա կառուցեց երկու դղյակատիպ հսկաներ, որոնք ուժգին ապտակներ էին ծանր տնտեսական վիճակում գտնվող հայ հասարակությանը»:
Արաբկիր համայնքի սերվերը, որից ուղարկվել է նամակը, շարքից դուրս է եկել: «14 հասցեով ուղարկել ենք, 15-րդից արդեն սերվերի «դոստուպը» փակեցին բոլոր կայքերի համար,- պատմում է համակարգչային աշխատող Ռուբենը,- առավոտյան դիմեցինք ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժին, եկան, 15 րոպե նայեցին ու սերվերը բացեցին»: Կիբերպատերազմի հաջորդ փուլում ԲՀԿ գործիչներ Ռուբեն Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանը բաց նամակներ հղեցին, որոնք անձնական վիրավորանքներ էին պարունակում գնդապետի հասցեին: Ռուբեն Գեւորգյանը հիշել էր, թե ինչպես էր Հովհաննիսյանը փորձում իր հիմնադրած Երդվյալ ազատամարտիկների միությանն անդամակցել, սակայն մերժվել է: Ծառուկյանի դեմ գրելը նա համարում է «պռաշլյակ» զինվորականի, «երկնագույնի քայլ»: «Ոմն Վոլոդյա Հովհաննիսյանի կողմից գրված նյութն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի իմ մեջ առաջացրեց ոչ այլ բան, քան քմծիծաղ, քանի որ իշխանության կողմից մտացածին եւ մշակված պրոֆեսիոնալ հոդվածներն ուղղորդվում են մի այնպիսի նողկանքների անվան տակ, որպեսզի նման նողկանքի տեսակով արդեն իսկ կարողանան նսեմացնել եւ վարկաբեկել բարձրագույն կարգի գոյավորվողին…»,- նա Ծառուկյանին անվանում է «մեր ժամանակների ժողովրդի կողմից սիրված եւ ընդունելի մի հզոր անհատ, որն իր մեջ չունենալով նյութի ու պաշտոնի նկատմամբ որեւէ հոգեկան ակտ, միշտ կանգնած է ազատամարտիկների կողքին»: Իսկ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն էլ զայրացել է, որ «մի մարդու մասին, ով այսօր իր անձնական կյանքը, իր ունեցվածքը դրել է մի կողմ եւ ազգի մասին է մտածում, ազգի վաղվա օրվա ու բարգավաճման մասին է մտածում, ինչ-որ մի գնդապետիկ կարող է նման ձեւով արտահայտվել»: «Ով որ գրել է այդ հոդվածը, իր պապաների հետ միասին պակաս հարուստ չէ Ծառուկյանից, բայց որեւէ տեղ չենք տեսել ու լսել իրենց արած ինչ-որ բարեգործության մասին»,- ասում է Ռ. Գասպարյանը: «Դու ծառայամիտ ստում ես, պարոն Գեւորգյան»,- հակադարձել է Ծաղիկ Ռուբոյին Վոլոդյա Հովհաննիսյանը. «Ես ոչ թե «Վալոդիկ» եմ, այլ Վոլոդյա Հովհաննիսյան: Եթե իմ վրայից իշխանահոտ գար, ես էլ քեզ նման կունենայի սեփական եկեղեցի, գազալցակայան եւ պալատներ: Այդ ամենն ունես դու, ես դա չունեմ: Դու այնքան ստոր ես, որ, իմանալով իմ մարտական ուղին, ինձ անվանում ես «եռամսյա հավաքի պատահական մասնակցած մարդ»: Ասում եմ քեզ, որ հաղորդես տիրոջդ՝ ես ծառայել եմ 1991-1992 թվականներին, 1992թ. նշանակվել եմ «Սիսական» փառապանծ գումարտակի վաշտի հրամանատար, 1992 թվականին՝ արեւելյան զորքերի եւ Զանգեզուրի զորային հետախուզության պետ, այնտեղից սպարապետ Վազգեն Սարգսյանը հրավիրել է որպես իրեն օգնական, այնուհետեւ նրա հրամանով նշանակվել եմ Գորիսի բրիգադի հետախուզության պետ եւ մասնակցել բոլոր մարտական գործողություններին: Ռազմաճակատում նշանակվել եմ «Սիսական» գնդի առաջին գումարտակի հրամանատար, պատերազմն ավարտել եմ հաղթանակով: Դու ստում ես, որ ես ցանկացել եմ դառնալ Երդվյալ ազատամարտիկների միության անդամ: Անսո՛ւրբ մարդ, դու ինձ հրավիրել ես ձեր տուն, եւ ձեր տան բակում մենք քննարկել ենք միության կազմավորման հարցերը: Դրանից հետո տասնյակ անգամ դու զանգել ես ինձ եւ խորհրդակցել տարբեր հարցերի շուրջ: Ես երբեք իմ մարտական ընկերներին պիտակներ չեմ կպցնում, բայց քեզ կասեմ՝ Ծաղիկ Ռուբո, դու քո հացը անպատիվ ու անարժան ես մուրում, մնացել է միայն Գագիկ Ծառուկյանին հռչակես Օլիմպոսից իջած աստված… Երեւի դա էլ կանես՝ հանուն շահի»: Գնդապետը կարծում է, որ «Գագիկ Ծառուկյանի օրոք Հայաստանում կհաստատվի նացիստական ռեժիմ եւ գեբելսյան քարոզչություն». սա նրա նոր հոդվածի վերնագիրն է, որն անձամբ է բերել մեր խմբագրություն:
Կարծիքներ