Դատարկվող Երևանում խոսում էին դատարկված հայ օջախների մասին

Դատարկվող Երևանում խոսում էին դատարկված հայ օջախների մասին

Համագումարների եւ տարատեսակ հավաքների սիրահար մեր սփյուռքահայությունը հենց այսպիսի միջոցառումների շնորհիվ է հարյուր տարի շարունակ փորձում նպաստել հայոց պահանջատիրությանը: Երեկ էլ Երեւանում հիմնով եւ աղոթքով հերթական ժողովը բացվեց, որի նպատակը մեկ այլ ժողովի՝ Արեւմտահայոց ազգային 4-րդ համագումարի կազմակերպումն էր, վերջինիս համար պատվիրակներ եւ ղեկավար կազմ ընտրելը: Այն կայանալու է ապրիլ-մայիս ամիսներին, Երեւանում եւ «հայրենազրկման ամոթը մեր ճակատից մաքրելուն» ուղղված հերթական միջոցառումն է լինելու: Ի՞նչ է արել սփյուռքահայ կազմակերպություններ եւ հայրենակցական միություններ միավորող այս կառույցը, որը հավակնոտ անվանում ունի՝ Արեւմտահայերի ազգային համագումար եւ ստեղծվել է Սեւրում, 2011 թվականին: Դրա նախագահ Սուրեն Սերայտարյանը, որպես հիմնական, մի կասկածելի «ձեռքբերում» է նշում, որի համար, թերեւս, կարելի է պատկերացնել, թե որքան բարեգործների եւ սփյուռքահայ հովանավորների գումարներ են օգտագործվել, քանի-քանի ժողովներ են արվել. «Մեր ջանքերի շնորհիվ Թուրքիայում, Հայաստանում եւ Սփյուռքում այսօր ամենից ավելի գերակշռում է արեւմտահայության պահանջատիրության ձայնը, նույնիսկ ցեղասպանության համար տարվող աշխատանքներից ավելի»: Այս ձեռքբերումը կասկածելի է, քանի որ ոչ մի ապացույց չկա առ այն, որ պահանջատիրության ձայնն «ամենից ավելի է գերակշռում»:



Բայց նման համոզմունքը դրական հոգեբանական ազդակ է տալիս սփյուռքահայերին, օգնում է նրանց շարունակել ապրել եւ երազել կորսված հայրենիքի մասին: «Անքննելի», «անժամանցելի», «անշրջելի», «անկորչելի» եւ այլ էպիտետներով էր բնութագրում «Համագումարի» նախագահը հայության իրավունքները, որոնց հետ պետք է հաշվի նստեն պատերազմում հաղթած պետությունները, եւ թվաց մի պահ, թե Առաջին համաշխարհային պատերազմը նոր է ավարտվել, քանի որ այս նույն բառերը՝ այս նույն պաթոսով արտասանված, միանգամայն ակտուալ կհնչեին նաեւ այն ժամանակ: «Մնում է միայն միավորվել, մի բռունցք դառնալ»,- ասաց Սուրեն Սերայտարյանը, առանց մանրամասնելու, թե ինչի շուրջ եւ ինչպես: Ժողովին ներկա էին մի քանի պատգամավորներ եւ փոխնախարարներ, որոնց հրավիրել էին որպես Հայաստանի Հանրապետություն երկրի պետական մարմինների ներկայացուցիչներ: ԲՀԿ-ական Արագած Ախոյանը մի երկար զեկույց կարդաց Թուրքիայի քաղաքացիական եւ քաղաքական գործիչների, արեւմտահայոց խնդիրների վիճակի, Թուրքիայում ապրող ծպտյալ հայերի մասին, առաջարկելով համագործակցել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ: «Հաճախ սատանան այնքան զարհուրելի չէ, որքան ներկայացվում է»,-հավելեց նա, «սատանա» ասելով, հավանաբար, նկատի ունենալով թուրքական պետությունը: «Հայազրկված օջախները մեզ համար պետք է պատմական դասեր լինեն»,- ասում էր ամբիոնից Արագած Ախոյանը, եւ սա առնվազն ծիծաղելի էր, քանի որ այս բառերը հնչում էին օր օրի դատարկվող մեր երկրի կառավարության շենքում՝ Մելիք-Ադամյան փողոցի դահլիճում:



Պատգամավորը նաեւ կոչ արեց գնալ եւ ողջագուրվել Թուրքիայի ծպտյալ հայերի հետ, որովհետեւ «Ալի թե Մոհամեդ, քրդախոս են նրանք թե թրքախոս», բայց մնացել են այնտեղ, հայրենի հողում: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթը նվիրեց Հայաստանին, որի գործոնը սփյուռքահայությունը հաճախ թերագնահատում է: «Մենք միշտ խոսել ենք, լացել ենք մեր խնդիրների մասին, բայց երբեք միահամուռ քայլեր չենք արել: Մենք ունենք պետություն՝ Հայաստանի Հանրապետություն, սա բոլորիս պետությունն է, եւ չմտածել սրա մասին, այլ մտածել կորցրած հայրենիքի մասին, սխալ է»,- ասաց նա՝ առաջարկելով հզորացնել Հայաստանը, ապա անցնել «հայոց պահանջատիրության հարցին»: