Երկաթուղին նոր տերմինալ է կառուցում

Երկաթուղին նոր տերմինալ է կառուցում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մեծ նոր տերմինալ է կառուցում, որի վերջնական գինը 1 մլրդ 200 հազար դրամ է: Որքանո՞վ է նպատակահարմար նոր տերմինալ կառուցել այն դեպքում, երբ 2012 թվականից կոնտեյներների հոսքը քչացել է, գործարարների մի մասը երկաթուղային տրանսպորտի թանկ լինելու պատճառով անցել է ավտոտրանսպորտի, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մեծ պարտքեր ունի: Այս հարցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հետեւյալ պատասխանը տվեցին. ««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մշտապես լայնացնում է երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվող մեր գործընկերներին մատուցվող ծառայությունների շրջանակը: Կոնտեյներային տերմինալի ձեւավորումը հանդիսանում է բեռնափոխադրողներին մատուցվող համալիր ծառայության հերթական մի փուլ եւ ուղղված է կոնտեյներային փոխադրումների կառավարման որակի կատարելագործմանը: Տեղեկանքի կարգով անհրաժեշտ ենք գտնում նշել, որ կոնտեյներային բեռնափոխադրումներն ունեն ոչ թե անկման, այլ աճի միտում: 2014 թվականի հունվար-սեպտեմբերին աճը կազմել է 13,3%»: Այնուամենայնիվ, սպասելի է, որ ահռելի այս տերմինալը նոր մրցակցային իրավիճակ է ստեղծելու շուկայում, քանի որ նույնանման պահեստներ ունեցող ձեռներեցները դուրս կմղվեն մրցակցությունից: Երկաթուղայինների շրջանում արդեն կանխատեսումներ են արվում այն մասին, որ նոր տերմինալը կառուցվելուն պես վաճառվելու է Հայաստանի հզոր գործարարներից մեկին: Այս լուրը «Երկաթգծից» ոչ հաստատում են, ոչ էլ հերքում, ընդամենը հայտնում են, որ ընկերությունն «աշխատում է բաց մրցակցային միջավայրում, որտեղ հաճախորդները փոխադրողին ընտրում են՝ հաշվի առնելով մատուցվող ծառայությունների որակը»: