Վաղարշն ինքն իրեն է վնաս պատճառել, ոչ առևտրականներին
Դատախազությունը որոշել է, որ ոսկու շուկայում «դեբոշ» կազմակերպած Վաղարշ Աբրահամյանը հանցագործություն չի կատարել, եւ սեպտեմբերի 25-ին ոսկու շուկայում տեղի ունեցածում հանցադեպ չկա: Ուստի ոստիկանության կենտրոնական բաժնի քննիչ Թազայանը քրեական գործի հարուցումը մերժելու որոշում է կայացրել: Այս որոշումը կանխատեսելի էր հենց սկզբից: Այն դեպքերում, երբ հետաքննիչները վերեւից գործ հարուցելու «դաբրո» չունեն, նրանք կիրառում են մերժման տեխնոլոգիա, որն այս դեպքում թափանցիկ երեւում է: Հիշեցնենք, որ միջադեպից հետո մի շարք լրատվամիջոցներ տեղադրել էին ոսկու շուկայում սեպտեմբերի 25-ին նկարահանած տեսանյութը, որում պատկերված էին շուկայի տիրոջ խուլիգանական գործողությունները, թե ինչպես է նա հրահանգում իր աշխատողներին պոկել-տանել սեղանիկները շուկայից: Ապակիներ են փշրվում, Վաղարշը գոռում է՝ շուկայի այցելուներին եւ առեւտրականներին ահաբեկելով. «Քաշեք, հանեք, փրթեք, ի՞նչ եք խաղ անում, լուսամուտից հանեք դուրս, կտոր-կտոր արեք»: Իսկ նրա տղաները պատերից լարեր են պոկում, սեղանիկները վնասելով եւ ջարդուխուրդ անելով՝ քարշ են տալիս դուրս: Նայողը ցավ է ապրում կադրերում երեւացող տարիքն առած կնոջ համար, որը բացարձակ անպաշտպան է մոլեգնած տղամարդու առաջ: Բայց արի ու տես, որ առեւտրականներին այս վարքը միանգամայն հաճելի է եղել, եւ նրանք որեւէ տհաճություն չեն զգացել: Այս տպավորությունն է ստեղծվում, երբ կարդում ենք գործի հարուցումը մերժող ակտը: Դրանից պարզ է, որ հետաքննության ընթացքում սեղանիկների վարձակալներ Զատիկ Բոյաջյանը, Զիմֆորա Ավագյանն ու Ռաֆայել Թորոյանը բացատրություններ են տվել եւ նշել, որ այդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, որոշ աշխատակիցներ դժգոհություն են հայտնել հարկային նոր օրենքի հետ կապված, եւ դրա հետեւանքով «շուկայում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել»: «Այդ ընթացքում ՍՊԸ տնօրեն Վաղարշ Աբրահամյանը, բարկանալով աշխատակիցների վերաբերմունքից, ովքեր աշխատանքի չեն գնացել, որոշել է նրանց սեղանիկները հանել դուրս»,- գրել են առեւտրականները՝ նշելով նաեւ, որ տնօրենը որեւէ սեղանիկ չի կոտրել, իրենց էլ ոչ մի նյութական վնաս չի պատճառել, իսկ սեղանիկները եւ մի հաշվիչ մեքենա, որոնք վնասվել են, պատկանում են ոչ թե տնօրինությանը, այլ հենց շուկային: Ավելի «համոզիչ» է Վաղարշ Աբրահամյանի բացատրությունը: Նա խուլիգանական եւ բիրտ գործողություններ չի կատարել՝ ահաբեկելով մարդկանց, վախեցնելով եւ գոռգոռալով: Նա ընդամենը «բարձրացել է շուկայի սրահ եւ ասել, որ սեղանիկները դուրս հանեն այդտեղից», «սեղանը հրել է մի կողմ», բայց որեւէ սեղան չի կոտրել եւ նյութական վնաս չի պատճառել:Բնականաբար, քննիչը հիշել է Վաղարշի ինքնախոստովանությունը, որը հնչեց կադրերում. «Լավ եմ արել՝ ջարդել եմ»: Եվ սա չէր կարող թողնել առանց բացատրության:
Հետեւապես, Վաղարշ Աբրահամյանին ասել են, որ նա մի բան էլ սրա վերաբերյալ գրի: Եվ նա գրել է, որ նման արտահայտություն արել է, քանի որ «իմ գույքն է, ինչ կուզեմ՝ կանեմ»: Այս ամենից հետեւում է, որ Վաղարշի հարաբերությունները վերեւի հետ հարթ են, եւ նրան հոշոտելու հրահանգ դեռեւս չկա:
Կարծիքներ