Նախարարությունը չի կարողանում փակել Արարատի ձկնաբուծարանները
![Նախարարությունը չի կարողանում փակել Արարատի ձկնաբուծարանները](https://hraparak.am/uploads/images/d039593eacc618079d565ead581efbbf.jpg)
Բնապահպանության նախարարությունն անցյալ տարվա հուլիսից պայքար է սկսել Արարատյան դաշտավայրում անօրինական արտեզյան հորերի դեմ: Դրանք Արմավիրի եւ Արարատի ձկնաբուծարաններում են: Գործընթացը դժվար է առաջ գնում, թեեւ կա նախագահի խիստ հանձնարարականը: Հորերը փակելով, բնապահպանները եկել-դեմ են առել վարչապետի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի հովանու տակ գտնվող տնտեսություններին եւ չեն կարողանում առաջ շարժվել:
100-150 մետր խորությունից ընդերքից մաքուր, թթվածնով հարուստ ջուր է դուրս գալիս: Ժայթքում է շատրվանը, եւ ոչ մի տեխնիկա պետք չէ աշխատեցնել: Մնում է ընդամենը ավազաններ կառուցել եւ ձկները բուծել: Եվ բուծեցին: Ձկնաբուծարանների բիզնեսի զարգացման 4 տարիների ընթացքում ջրառը խայտառակ ծավալների հասավ: Ամերիկյան զարգացման գործակալությունն ուսումնասիրություն կատարեց Արարատյան դաշտավայրում եւ եզրակացրեց. ջրի ինքնավերականգնվող քանակը 2,5-3 անգամ գերազանցված է, բնական ինքնավերականգնումը՝ խաթարված, եւ եթե այսպես շարունակվի, ապա տարեցտարի ջրաքանակը կնվազի, Արարատյան դաշտը կանապատանա: Բնապահպանության նախարարությունը, ինչպես եւ սպասվում էր, այս 4 տարիներին աջ ու ձախ ջրօգտագործման թույլտվություններ է բաժանել: Հորատման քանակներն ավելացել են, այն դեպքում, երբ կարելի էր ինչ-որ տեխնոլոգիական լուծումների հաշվին ավելի քիչ ջրով նույն ձուկը պահել: Արագ հարստանալու հրապուրիչ այս ձեւը ջրազրկվող համայնքների գյուղացիների դժգոհությունն առաջացրեց: Անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահը հատուկ քննարկում անցկացրեց խորքային ջրերի անխնա օգտագործման հարցի շուրջ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հանձնարարեց Արարատյան դաշտավայրի անօրինական ջրառի դեմն առնել: Բայց ապօրինի ջրօգտագործողներին պատերազմը հայտարարվեց ոչ թե Արամ Հարությունյանի, այլ նոր նախարար Արամայիս Գրիգորյանի օրոք, որի ջրերը Հովիկ Աբրահամյանի հետ նույն առվով չեն հոսում: Ապրիլին նախարար նշանակվելով, նա պարծեցավ, որ փակելու է անօրինական հորերը: Ջրի օգտագործման սակագինը բարձրացավ, տուգանքներն աճեցին, դադարեցվեց դաշտավայրում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ապօրինի խորքային հորեր փակվեցին: Հուլիսի 16-ից, երբ աշխատանքային խումբն սկսեց աշխատել, մինչ օրս, ըստ պաշտոնական տեղեկությունների, Արարատի մարզում 94 խորքային հոր է փակվել կամ կոնսերվացվել: Այս պահի դրությամբ 10 հազար 700 լիտր վայրկյանից ավելի ջուր է խնայվել, որը տարեկան մոտ 340 մլն խորանարդ մետր է: Բայց պայքարը հորատերերի դեմ այժմ փակուղի է մտել: Ամեն մի հոր փակելիս, տույժ ու տուգանք սահմանելիս, նախարարություն են զանգում Արարատի մարզի փոքր ու միջին պաշտոնյաներ: Այս պահին խումբը հասել է Ջոնիկ Աբրահամյանի հովանու տակ գործող ձկնաբույծներին, որոնք անձեռնմխելի են: Մեր տեղեկություններով, մոտ 4 ձկնաբուծական տնտեսություններ կան, որոնք նրա հովանու տակ են եւ անօրինական են գործում՝ «Հերիքնազ Դալլաքյան» տնտեսությունը, Մարմարաշենում «Մխչյան ֆիշ», Նորամարգում՝ «Օմեգաֆիշ», Զորակում՝ «Էկոֆիշտրենդ» ձկնաբուծարանները: Վերջին երկուսը նաեւ ԲՀԿ-ի հետ են կապված: Դրանցից երկուսը նախարարությունն ընդհանրապես չի կարող մտնել, որովհետեւ առանց համաձայնեցնելու վերեւների հետ դա հնարավոր չէ: Մյուս երկու տնտեսություններ մուտքը խոչընդոտվել է բարձրաստիճանների զանգերով: Մեր տեղեկություններով, ձկնաբույծները բնապահպանների դեմ պայքարի խորամանկ եւ դժվար բացահայտվող եղանակ են մշակել: Նրանք շահագրգռում են գյուղացիներին ելքային ջրերի հոսքագծերով, որոնք միացրել են ոռոգման ցանցին, եւ հենց որ բնապահպանները հերթական հորը փակում են, գյուղացիները, ոռոգման ջրից զրկվելով, անմիջապես աղմուկ են բարձրացնում: Դաշտավանում բնապահպանները հոկտեմբերին հերթական անօրինական հորն էին փակել: Գյուղացիներն էլ Մասիս-Էջմիածին-Դաշտավան ճանապարհը փակեցին հոկտեմբերի 7-ին՝ բողոքելով բնապահպանության նախարարության որոշման դեմ: Փակված հորը կրկին բացվեց: Կառավարությանը մոտ աղբյուրից տեղեկացանք, որ բողոքող գյուղացիների թվում ձկնաբույծի բազմաթիվ ազգականներն են եղել՝ քեռի, հորաքույր եւ այլն: Դաշտավանի եւ «Հերիքնազ Դալլաքյան» ձկնաբուծարանների գործով բնապահպանության նախարարությունը դիմել է ոստիկանություն եւ դատախազություն:
Դաշտավանի գյուղապետ Սերյոժա Խաչատրյանն ասաց, որ ձկնաբուծարանի տերն իր եղբոր տղան է, որին երեկ կանչել են ոստիկանություն: «Երեք ամիս այս երեխան ձուկ է պահել, բայց մինչեւ հիմա քաշքշուկից չի պրծնում,- պատմեց գյուղապետը, վստահեցնելով, որ իր եղբոր տղան այլեւս ձուկ չի պահում,- ուղղակի հորը լցվում էր տարածք, լճանում էր, ճահիճ էր դառնում: Ժողովուրդը բացել է, ցանքսի վախտ ա, ցորեն են ցանքս անում»: Ապօրինի տնտեսությունների տերերին այժմ ժամանակ է տրվել, որն անկասկած նրանք կօգտագործեն նաեւ նախարարության դեմ կուլիսային պայքարում: Դրա ելքն անորոշ է եւ կախված է այն բանից, թե արդյոք ՀՀ նախագահը տեր կկանգնի՞ իր իսկ հանձնարարականներին:
Կարծիքներ