Ինչո՞ւ է 01.01.2015-ը վերջնաժամկետ

Ինչո՞ւ է 01.01.2015-ը վերջնաժամկետ

Թեեւ հոկտեմբերի 10-ին Մինսկում գումարված «Մաքսային» եռյակի հավաքին կողմերը նշում էին, թե ավարտել են ԵՏՄ պայմանագրի վավերացման ներպետական գործընթացները, եւ այդ մասին նույնիսկ «Հայտարարություն» ընդունեցին, իրականում Ղազախստանի նախագահը ԵՏՄ պայմանագիրը վավերացնող օրենքն ստորագրեց մի քանի օր հետո` հոկտեմբերի 14-ին, որպեսզի վավերագրերի փոխանակման գործընթացն էլ մնա դեկտեմբերին:
Ու չնայած Հայաստանի, նաեւ ՌԴ-ի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներն ստորագրեցին «Պայմանագիր. ԵՏՄ 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին», դրա գործողության մեջ մտնել-չմտնելը նույնպես թողնված է դեկտեմբերին: Ոչ այն իմաստով, որ եթե մինչեւ 2014-ի դեկտեմբերի 31-ը սույն պայմանագիրը չի վավերացվում չորս ազգային խորհրդարաններում, Հայաստանը 2015-ի հունվարի 1-ից, բնականաբար, չի միանում ԵՏՄ կոչված թյուրիմացությանը: Կարելի է ասել` հետո՞ ինչ… չի միանա հունվարի 1-ից, կմիանա փետրվարի 1-ից կամ հաջորդ հունվարի 1-ից:
Մինչդեռ այդպես չէ: Այն, ինչ արվել է հոկտեմբերի 10-ին՝ ի դեմս Հայաստանի հետ ստորագրված պայմանագրի, իրավական ձեռնածություն է: Խնդիրն այն է, որ 2014-ի մայիսի 29-ին երեք հիմնադիրներն ստորագրեցին «Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը», որի 108 հոդվածը սեւով սպիտակի վրա կարգավորում է այլ պետությունների` ԵՏՄ-ին միանալու գործընթացը: Մասնավորապես, 108 հոդվածի 4-րդ կետը կարգավորում է, որ միջազգային պայմանագրով պետք է սահմանվի ԵՏՄ-ին միացող նոր պետության իրավունքների եւ պարտավորությունների ծավալը, ինչպես եւ ԵՏՄ մարմինների աշխատանքում մասնակցության ձեւաչափը (108. 4 … проект международного договора о вступлении соответствыющего государства в Союз, которым определяется обьем прав и обязанностей государства-кандидата, а также формат его участия в работе органов Союза): Իսկ 108 հոդվածի 6-րդ կետով սահմանվում է, որ Բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունում թեկնածու-պետության հետ ստորագրել միջազգային պայմանագիր Միություն մտնելու մասին (108. 6 …Высший совет принимает решение о подписании с государством-кандидатом международного договора о бступлении в Союз):



108 հոդվածն առհասարակ չի նախատեսում ԵՏՄ պայմանագրին միանալու տարբերակ, որով նոր միացող պետությունը հիմնադիրների հետ նույնական կարգավիճակ ձեռք բերեր: Մինչդեռ Հայաստանը հենց այդ ԵՏՄ պայմանագրով չնախատեսված, այսինքն՝ իրավական հիմքից զուրկ ուղիով է ընթանում: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ դեռ հայտարարել է, թե դա արգելված չէ: Oh la la… ինչպես ասում են ֆրանսիացիները: Այդ ո՞ր ժամանակներից միջազգային փոխհարաբերությունները դարձան մարդու իրավունքների ասպարեզ, որպեսզի ինչն արգելված չէ, թույլատրելի լինի: Չկա այդպիսի բան: Միջազգային պայմանագրային իրավունքում թույլատրված է միայն այն, ինչ պայմանագրում ամրագրված է:
Պարզից էլ պարզ է, որ 2015-ի հունվարի 1-ից հետո եթե մայիսի 29-ի ԵՏՄ պայմանագիրը մտնի գործողության մեջ, չի կարող Հայաստանի համար ԵՏՄ-ին միանալու այլ ընթացակարգ եւ կարգավիճակ լինել, քան 108 հոդվածով սահմանվածը: Մինչդեռ Հայաստանը, ենթադրելի է, պնդում է, որ իրեն պայմանագրի կողմի կարգավիճակ տրվի, որպեսզի ԵՏՄ պայմանագրի 2-րդ հոդվածը Հայաստանի վրա էլ տարածվի (2. …государства-члени»- государства, являющиеся членами Союза и Сторонами настоящего Договора), եւ ՀՀ-ն Ղազախստանի, Բելառուսի եւ ՌԴ-ի հետ նույնական կարգավիճակ ունենա: Բելառուսն ու Ղազախստանն էլ վերջին հիմարը պետք է լինեն, որ դա թույլ տան:
Այնպես որ, ՌԴ-ն իբր լուծում է երկնել, քանի դեռ ԵՏՄ պայմանագիրը չի մտել գործողության մեջ, Հայաստանի համար որեւէ տեղ չսահմանված, ըստ Շավարշ Քոչարյանի` չարգելված ընթացակարգ իրականացնել, որով Հայաստանին տրվի հիմնադիր եռյակին հավասար կարգավիճակ` շրջանցելով եւ ԵՏՄ պայմանագիրը, եւ դրա 108 հոդվածը: Բայց նման իրավական ձեռնածության համար պետք է շտապել մինչեւ 2015թ. հունվարի 1-ը, այնուհետ դա կհակասի գործողության մեջ մտած պայմանագրին:



Մինչդեռ եթե Հայաստանն ինքը ԵՏՄ պայմանագրին միանալու մասին պայմանագիրը ՀՀ ԱԺ է ներկայացնելու նոյեմբերի կեսին, եւ դեռ հայտնի չէ, թե այն երբ է քննարկվելու ՀՀ ՍԴ-ում, ապա կարելի է վստահ լինել, որ Ղազախստանի եւ Բելառուսի խորհրդարանները իրենց տարեվերջյան նիստերում դժվար է թե, բյուջեն թողած, խնդրո առարկա պայմանագրին անդրադառնան կամ դրա համար արտահերթ նիստ գումարեն, էլ ուր մնաց քննարկեն ու վավերացնեն: