Գյումրու տոնի ծախսը կրճատվել է 6 անգամ

Գյումրու տոնի ծախսը կրճատվել է 6 անգամ

Հոկտեմբերի 25-ին Գյումրին վերջապես նշելու է քաղաքի տոնը: Մինչ այդ մեկ այլ օր էր հայտարարված՝ հոկտեմբերի 5-ը, սակայն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, վատ եղանակը պատճառ բռնելով, հետաձգել էր քաղաքի տոնը եւ մեկնել Դուբայ, իր ծնունդը՝ հոկտեմբերի 12-ը, այնտեղ նշելու: Գյումրեցիներն արձանագրեցին, որ Գյումրիում առանց ԲՀԿ-ական քաղաքապետի շատ էլ լավ եղանակ էր, եւ նրա բացակայության բուն պատճառը քաղաքական եռյակի կազմակերպած միտինգին ներկա չլինելու ցանկությունն էր: Ցրտերն ընկան, եւ քաղաքապետը որոշեց Գյումրու տոնն անցկացնել հոկտեմբերի 25-ին: Քաղաքապետարանին մոտ մեր աղբյուրը հաղորդում է, որ փոխվել է ոչ թե տոնի ամսաթիվը, այլ նաեւ բյուջեն: Ավագանու որոշմամբ պետք է 17 մլն դրամ ծախսեին քաղաքի օրը տոնելու համար, սակայն այս գումարը շեշտակի կրճատել են՝ դարձնելով 3-4 մլն դրամ: Ինչո՞ւ հանկարծ որոշեցին այսչափ կրճատել տոնական ծախսերը, հայտնի չէ: Գյումրիում լուրեր են պտտվում, թե Բալասանյանի ծնունդը, հավանաբար, շատ թանկ է նստել, եւ քաղաքապետը որոշել է տնտեսումներ անել տոնի հաշվին: Հայտնի է, որ Գյումրու տոնն անցկացվելու է ոչ թե բացօթյա, ինչպես սովորաբար արվում էր, այլ Գյումրու 600 տեղանոց թատրոնում, ինչը նշանակում է, որ հրավիրյալների թիվը սահմանափակ է լինելու: Հետեւապես, ոչ բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան ըմբոշխնելու տոնական համերգը, եւ սա եւս Գյումրիում ակտիվ քննարկվող թեմա է: