Ինչն է զվարճալի և ներելի Տեր-Պետրոսյանին

Ինչն է զվարճալի և ներելի Տեր-Պետրոսյանին

1988-ին Ազատության հրապարակի հարթակին կանգնած էր «Ղարաբաղ» կոմիտեն` Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ: Ի պատիվ իրեն, «Ղարաբաղ» կոմիտեի եւ Հայաստանի ժողովրդի 1988-ի շարժումը հասավ Հայաստանի անկախության, հասավ նաեւ քաղաքական ազատությունների հաստատման, շուկայական տնտեսության ներդրման, խորհրդային դրվածքների վերացման, Արցախի պատերազմում հաղթանակի եւ այլն, բայց ամենաէականը` Հայաստանի անկախության: Բնականաբար, մարդը, որն առաջնորդել է Հայաստանի անկախացման շարժումը, այն էլ խորհրդային վայրագ եւ ամբողջատիրական կայսրության դեմ պայքարում, արդեն այնպիսի ծառայություն է մատուցել Հայաստանին ու նրա ժողովրդին, որ այլեւս կարող է ասել կամ անել ինչ ուզի` իր արժեքը չի նսեմանա պատմության առջեւ: Բայց, այ, ժամանակակիցների աչքում կարող է նսեմանալ: Եվ այն, ինչ Տեր-Պետրոսյանն անում է այսօր, ինչ-որ առումով ներելի է իրեն եւ զվարճալի, ինչ-որ առումով` աններելի եւ դատապարտելի:



Ինչն է ներելի եւ զվարճալի



Բազմաթիվ մարդկանց ամեն արժանապատվությունից ցածր է թվում այն, որ Տեր-Պետրոսյանը, իր էությամբ ու կենսագրությամբ հանդերձ, կարող է նսեմանալ այնքան, որ հայտնի մականուն-բնութագիրն ունեցող Ծառուկյանի կողքին կանգնի եւ նրա հետ ներկայացումներ տա Թատերական հրապարակում: Բայց Տեր-Պետրոսյանը, որքան էլ նրա տարիքը գործոն է դարձել, դեռ քայլող դիակի չի վերածվել, որ գործելու եւ ինքն իրեն ինչ-որ բան ապացուցելու խանդավառությունը ստորադասի իր հանրային կերպարին չվնասելու մտահոգությանը: Մանավանդ մարդիկ որքան ծերանում են, այնքան անհագ է դառնում նրանց ողջ զգալու, գործելու ու կյանքն ապրելու ցանկությունը:
Այժմ Տեր-Պետրոսյանն ինչո՞վ է խանդավառված: Նրանով, որ ինքը կարողացել է հայտնի մականուն-բնութագրով Ծառուկյանին հասցնել իբր Սերժ Սարգսյանի դեմ խոսելու կամ, ավելի ճիշտ` կանգնելու հարթակում իշխանությունների հրաժարական պահանջողների կողքին: Տեր-Պետրոսյանը, թերեւս, հրճվում է, որ իր քաղաքագիտական վերլուծությունը հասցրել է վիզուալ իրագործման: Ծերունական հրճվանք:



Իրականում Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն ինչի մասին էլ լիներ, այսօրվա եռյակի ներկայացումները Թատերական հրապարակում տարբեր պատճառներով ձեռնտու են բացառապես բոլոր կատարողներին, անգամ հրապարակում հավաքվող հանդիսատեսին: Եռյակի զավեշտախաղն ամենից ձեռնտու է իշխանություններին, քանի որ ցույց են տալիս, թե ինչպիսի սպառված, սկզբունքներից, նպատակներից ու արժեքներից զուրկ, իշխանատենչության մտասեւեռմամբ քայլող, աշխարհաքաղաքական զարգացումներին ոչ ադեկվատ, դեմագոգ, Ուկրաինայի Յուլյա Տիմոշենկոյից միայն սեռային պատկանելությամբ տարբերվող ֆիգուրներ են դեգերում Հայաստանում՝ իբրեւ ընդդիմություն, որոնցով ներկա իշխանությանը փոխարինելը նույնքան անիմաստ սիզիփոսյան աշխատանք կլիներ, որքան, դիցուք, Վիկտոր Յանուկովիչին Յուլյա Տիմոշենկոյով փոխարինելը: Քանի դեռ եռյակն է ասպարեզում, իշխանությունների անդորրն ապահովված է:



Ներկայացումների ֆինանսական հովանավորը` Գագիկ Ծառուկյանը, ի հեճուկս մականվան, թերեւս հեռատես հաշվարկ ունի: Նա որքան էլ հասկացողություն չունենա քաղաքականությունից, առավել եւս աշխարհաքաղաքական զարգացումներից, չի կարող տեղյակ չլինել իր մտերիմ Յանուկովիչին եւ նրան շրջապատած իր նմանակներին պատուհասած հարվածներին Ուկրաինայում: Եթե Ուկրաինայում Ռուսաստանի հետքերը մինչեւ վերջ մաքրեցին, մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ Հայաստանում էլ Ռուսաստանի ազդեցությունը վիճարկվելու է` քրեաօլիգարխիկ տարրերին սպառնացող հետեւանքներով: Այնպես որ, Ծառուկյանի համար լավագույն խաղաքայլն ունեցածով բավարարվելը եւ ասպարեզից կանխավ հեռանալն է: Հետեւաբար, Ծառուկյանը մի քիչ Թատերական հրապարակում կաղմկի, մի քանի շտաբ կբացի, մի քանի անգամ էլ իշխանափոխության կոչ կանի, եւ քանի որ ինքը ՀՀ պետական համակարգի վրա ազդելու դույզն իսկ կարողություն չունի, ի վերջո, ցույց կտա, որ ինքն էլ ջանաց, արդյունքի չհասավ եւ ասպարեզը թողնում է մյուսներին` անձամբ հեռանալով քաղաքականությունից:
Ներկայացումների մտահղացողն ու ռեժիսորը` Տեր-Պետրոսյանը, գիտակցում է, որ ինքը ձախողվել է աշխարհաքաղաքական զարգացումների իր գնահատականներում, Ռուսաստանն Արեւմուտքի կողմից մեկուսացվել է եւ ճնշվելու է մինչեւ տնտեսության կատարյալ փլուզում, գուցե նույնիսկ պետության հերթական կազմաքանդում: Ինքը, անընդունելի լինելով Արեւմուտքի համար, գործելու այնքան էլ մեծ դաշտ եւ ժամանակ չունի եւ գոնե մի վերջին ճակատամարտից հետո ասպարեզը թողնի:
Րաֆֆի Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանից ավելի ընդունելի մի ֆիգուր չէ, ընդ որում՝ ոչ միայն Արեւմուտքի, այլեւ, ինչպես 2013-ի նախագահական ընտրությունը ցույց տվեց, անգամ Հայաստանի քաղաքական շրջանակների համար: 2013-ին նույնիսկ նախագահի թեկնածու չունեցող ուժերը մերժեցին նրան աջակցել: Այնպես որ, Թատերական հրապարակում հավաքվող մի քանի հազար մարդուն հարթակից դիմելու հնարավորությունն էլ Հովհաննիսյանի շահն է տրվող ներկայացումներում:



Գալով Թատերական հրապարակ գնացող մի քանի հազար հոգուն, նրանք էլ համարյա «Սաղաթել, չգնա՞նք կլուբը» տրամադրությամբ եւ սովորության ուժով, մի մասն էլ Ծառուկյանի կողմից վերահսկվող արտադրություններից կամ տարածքներից հավաքագրվելով եւ ավտոբուսներով տեղափոխվելով՝ գալիս են քաղաքական միջավայրում ժամեր գլորելու, հետն էլ զվարճանալու: Բոլոր հասարակություններին էլ հարկավոր է հաց եւ զվարճություն: Հայաստանում հացը կիսատ-պռատ իբր ապահովում է իշխանությունը, զվարճությունն էլ, նույնքան կիսատ-պռատ` իբր ընդդիմությունը: Այդքանով էլ եռյակի զավեշտախաղերը զվարճալի են եւ ներելի, անգամ Տեր-Պետրոսյանին: Աններելին եւ դատապարտելին Տեր-Պետրոսյանի դեմագոգիան է աշխարհաքաղաքական հարթությունում, ինչի մասին` հաջորդիվ: