Հեռանկարները քաջալերող են և խոստումնալից

Հեռանկարները քաջալերող են և խոստումնալից

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիզոր դեսպանի` Ն. Գ. Ջոն Հեֆերնի հարցազրույցը կայացել է երկուշաբթի օրը, գրեթե Հայասատում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին: Բնականաբար, զրույցն սկսվեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից, այնուհետեւ Ուկրաինայի ճգնաժամը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, Երեւանի համար Թուրքիայի եւ Իրանի զարգացումների ազդեցությունը:



Ամենից անսպասելին դեսպանի կողմից Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական դիմակայության հնարավորությունը չհերքելն էր:



Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները



- Պրն դեսպան, շնորհակալություն հարցազրույց տալու Ձեր համաձայնության համար: Իհարկե, իմ ցանկությունն էր, որ հարցազրույցը մասամբ նվիրված լինի ՆԱՏՕ-ին եւ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններին, սակայն ես չէի կարող կանխատեսել, որ կհանդիպենք Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում: Իհարկե, այդ մասին կխոսենք, բայց սկսենք Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից…



- Շատ լավ, բայց թույլ տուր ես էլ շնորհակալություն հայտնեմ այս հարցազրույցը վերցնելու քո ցանկության եւ դիմելու համար: Ինձ համար իրոք պատիվ է: Կռահում եմ՝ դու բազմաթիվ հարցեր կունենաս գագաթնաժողովի որոշումների, Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերաբերյալ, բայց ես նախ մեկ-երկու ընդհանուր նկատառում հայտնեմ այդ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության կապակցությամբ: Մենք շատ գոհ էինք եւ պատիվ ենք համարում, որ նախագահ Սարգսյանն այս անգամ անձամբ էր մասնակցում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Նա մասնակցեց ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հանդիպում-նիստին, նաեւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակից երկրների (ISAF-ի) ղեկավարների նիստին, եւ մենք շատ ուրախ էինք տեղեկանալու, որ Հայաստանը պատրաստակամ է ISAF առաքելության ավարտից հետո դարձյալ զինվորներ գործուղել Աֆղանստան` ՆԱՏՕ-ի նոր խաղաղարար եւ կայունացման գործողությանը` Resolute Support-ին մաս կազմելու համար:
Գիտեք, նախագահ Սարգսյանը նաեւ հանդիպեց պետքարտուղար Քերրիին եւ նախագահ Ալիեւին գագաթնաժողովի մատույցներում` Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկելու համար: Այս հանդիպումների շարքը Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հետ` Սոչիում, Ուելսում եւ Փարիզում, նպատակ ուներ առնվազն կանխել իրադրության սրումը տարածաշրջանում, նաեւ բարելավել մթնոլորտը ընթացող բանակցություններում:



- Շնորհակալություն, պրն դեսպան: Իհարկե, նախագահ Սարգսյանի մասնակցությունն Ուելսի գագաթնաժողովին կարեւոր մի բան է, բայց դա առանձնապես այն չէ, ինչն ինձ հետաքրքիր է: Ինձ շատ ավելի հետաքրքրում է գագաթնաժողովի նախաձեռնությունը, որն իմ իմացությամբ կոչվում էր Defense Capability Building Initiative եւ վերաբերում էր առնվազն Վրաստանին եւ Հորդանանին: Դա նախատեսում էր կամ ՆԱՏՕ-ի ներկայություն, բազաներ այդ երկրներում, կամ առկա հարմարությունների օգտագործում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման համար:



- Ես նման փաստաթղթի տեղյակ չեմ: Այն, ինչ կարող եմ վստահ ասել, չկա նման ծրագիր կամ որոշում Վրաստանում ՆԱՏՕ-ի բազա հիմնելու: Ոչ մի բազա: Հնարավոր է՝ որոշումը, որի մասին ասում ես, կարգավորում է ՆԱՏՕ-ի զինուժի տարանցումն այդ երկրներով: Նման համաձայնագրերը տարբեր երկրների հետ ընդունված պրակտիկա են ՆԱՏՕ-ի միջազգային գործողություններում:



- Ոչ, նախաձեռնությունը վստահ տարանցմանը չէր վերաբերում, այլ` մշտական տեղակայմանը: Տեսնում եմ, պետք է փորձեմ կամ այդ փաստաթուղթը գտնել, կամ գոնե դրա մասին պաշտոնական տեղեկությունը, եթե հաջողվեց` մի օրինակն էլ դեսպանատուն կուղարկեմ: Հիմա, եթե կարելի է, հարցնեմ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների մասին: Դրանք հաջողությա՞մբ են զարգանում, թե՞ կան խնդիրներ:



- Ոչ մի խնդիր: ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հայաստանի հետ հաջողությամբ առաջ է ընթանում: Գիտեք, Հայաստանը մասնակցում է եւ իր ներդրումն է բերում աշխարհում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող մի շարք խաղաղարար առաքելությունների` Կոսովոյում, նաեւ Աֆղանստանում: Եվ բոլորը գոհ են հայ խաղաղապահների ծառայությունից:
Խաղաղապահ առաքելություններին մասնակցելուց անդին, Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը եւ ՆԱՏՕ-Հայաստան գործակցության տարեկան ծրագրերն ընդգրկում են ռազմական կրթությունը, զինված ուժերում բարեփոխումները, որոնք ուղղված են զինուժը հասարակության համար ավելի հաշվելուն եւ թափանցիկ դարձնելուն, ռազմական ուժերի կազմակերպվածության եւ արդյունավետության բարձրացումը, կանանց ընդգրկումն անվտանգության խնդիրների քննարկումներին եւ որոշումների կայացմանը: Բոլոր այս ոլորտներում համագործակցությունն ընթանում է հաջողությամբ եւ արդյունվետ, առաջընթացը տեսանելի է:



Ի դեպ, այս տարի երեք կին շրջանավարտ է եղել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այս տիկնայք ծառայելու են որպես Հայաստանի զինված ուժերի սպաներ, եւ դա Հայաստանի ռազմական ուժերում ընթացող բարեփոխումների բնույթի եւ մասշտաբի եւս մի ցուցիչ է: Կանանց մասնակցությունը անվտանգությանն առնչվող հարցերին առանձնակի ուշադրության առարկա է, որովհետեւ գոյություն ունի ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձեւ, որին Հայաստանը միացել է, եւ այդ բանաձեւը խրախուսում է կանանց ներգրավումն անվտանգության ոլորտում: Մենք քաջալերում ենք Հայաստանին համապատասխանելու այդ բանաձեւի հանձնառություններին, անգամ այս ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ջանքեր են գործադրվում ընթացող քննարկումներին հնարավորինս շատ կին մասնակիցներ ներգրավելու:



Ամփոփելով` կարելի է արձանագրել, որ Հայաստանն արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, եւ թե անցած ճանապարհը, թե գործընկերության հեռանկարները քաջալերող են ու խոստումնալից:



- Պրն դեսպան, սա ՆԱՏՕ-ի շաբաթն է Հայաստանում: Մեր ԱԳՆ-ն տարածել է շաբաթվա ընթացքում միջոցառումների ծրագիրը. այդտեղ քննարկումներ են, տեղեկատվական հանդիպումներ, հեռուստակամուրջ արտերկրում մեր խաղաղապահների հետ եւ այլն: Բոլոր այդ միջոցառումները սովորաբար լուսաբանվում են լրատվամիջոցներում: Դրանցից դուրս ինչ-որ բան կա՞:



- Թերեւս, Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Բրյուսել: Երկուշաբթի, Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկի օրը, նախարար Օհանյանին ընդունել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարը` գեներալ Ֆիլիպ Մ. Բրիդլավը: Քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Նախարար Օհանյանը նաեւ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին` դեսպան Ալեքսանդր Վերշբաուին, որը երկրորդ բարձրագույն քաղաքացիական պաշտոնյան է ՆԱՏՕ-ի համակարգում: Իմիջիայլոց, Բրյուսելում իմ պաշտոնավարության ժամանակ նա իմ ղեկավարն էր: Այս հանդիպումները կարեւոր են, եւ դրանք ցույց են տալիս շարունակվող եւ զարգացող գործընկերությունը Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ:



- Շատ հաճելի է այդ ամենը լսել, մանավանդ դեսպանից, ով անձամբ երկար ծառայել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցչությունում եւ այդտեղ ամեն ինչ գիտի կատարելապես: Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ հարցնել հետեւյալը. վերջերս Բորդյուժա ազգանունով մի պարոն, հետխորհրդային տարածքում կազմավորված այդ ռազմական դաշինքից, որի հապավումը ՀԱՊԿ է, հրապարակավ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ոչ թե գործընկեր է, ոչ թե ընդդիմախոս է, այլ, «ավելի շուտ՝ թշնամի է Ռուսաստանի համար»: Մեջբերումը կատարել էին միջազգային լրատվամիջոցները…



- Ինքս չեմ լսել այդ հայտարարությունը, այն ձեռքի տակ չունեմ, հետեւաբար, չեմ կարող մեկնաբանել, բայց կարող եմ վստահորեն ասել հետեւյալը: ՆԱՏՕ-ն երբեք ու ոչ մի երկրի չի դիտարկել կամ վերաբերվել իբրեւ թշնամու: Մենք կարող ենք որոշ վատ երեւույթներ հռչակել ՆԱՏՕ-ի թշնամի, ինչպես ահաբեկչությունը, բայց անգամ երկիրը, որտեղից ծավալվում է ահաբեկչությունը, մենք չենք դիտարկում իբրեւ թշնամի, երբեք:
Երկրորդ, հիմնադրման պահից ի վեր ՆԱՏՕ-ի գործողությունները երբեք չեն ուղղորդվել որեւէ պետության դեմ, դրվել է միայն սեփական դաշնակիցների պաշտպանության խնդիր: Իրականությունը չպետք է աղավաղվի իրականությունից կտրված հայտարարություններով:



Մասնավորապես Ռուսաստանի դեպքում, 1990-ականների սկզբին, Իրաքի պատերազմի ժամանակ նույնպես բազմաթիվ տարաձայնություններ կային, բայց դա չէր խոչընդոտում փոխգործակցելու: Գիտեք, հատուկ «ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ» էր ձեւավորված՝ ծագող անհամաձայնությունները, խնդիրները քննարկելու համար: ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի հանդեպ երբեք չի եղել եւ այսօր էլ թշնամական չէ, ՆԱՏՕ-ն հետամուտ է համագործակցության, ոչ թե դիմակայության: Իսկ դա արդեն այլ պատմություն է, որ միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները, իհարկե, պետք է հարգեն միջազգային նորմերը եւ իրենց սեփական հանձնառությունները, ոչ թե դրանք ոտնահարեն:



- Անկեղծորեն, ինքս երբեք չեմ հասկացել, թե Ռուսաստանն ինչու է տակնուվրա լինում ՆԱՏՕ-ից կամ ՆԱՏՕ-ի` իր սահմաններին մոտենալուց: ԽՍՀՄ փլուզումից ի վեր ՆԱՏՕ-ն միայն ժողովրդավարություն, կայունություն եւ բարգավաճում է մոտեցրել Ռուսաստանի սահմաններին, եւ նախկին Վարշավյան պակտի երկրները դրա լավագույն վկայությունն են: Այդուհանդերձ, նախագահ Պուտինը, եթե հավատանք իրեն, խախտեց բոլոր միջազգային նորմերը, ներխուժեց Ղրիմ, այն բռնակցեց, որպեսզի պարզապես կանխի ՆԱՏՕ-ի զինվորականների տեղակայումը Ղրիմի թերակղզում, որ իր երեւակայությամբ` մի օր կարող էր պատահել: Ոչ ոք չգիտի, թե նախագահ Պուտինը որքան է առաջնորդվում իր երեւակայություններով ու պատրանքներով, բայց եթե այս լարումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ շարունակի աճել, ինչպե՞ս եք կարծում, ամեն դեպքում խաղաղ հանգուցալուծում կգտնվի՞, թե՞ ռազմական դիմակայությունը նույնպես տարբերակ է:



- Դա դժվար հարց է: Ոչ ոք պատասխանատվություն չի վերցնի կանխատեսում անելու: Բայց մենք միշտ էլ հույս ենք տածում եւ ցանկանում ենք խաղաղ լուծում:



Շարունակելի



Անգլերեն բնագիրն այստեղ՝ http://hraparak.am/?p=67468&l=am/the+perspectives+are+encouraging+and+promising