Սահմանը բացելը շահավետ է երկու կողմերին էլ

Սահմանը բացելը շահավետ է երկու կողմերին էլ

Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ն. Գ. Ջոն Հեֆերնի հետ



- Ես ակնկալում եմ, որ մոտավորապես նույն պատկերը կհաստատվի տնտեսական դաշտում: Մանավանդ, որ հենց սկզբից, անցյալ սեպտեմբերից ի վեր Հայաստանի իշխանությունները հայտարարել եւ բազմիցս կրկնել են, թե Հայաստանը հետամուտ է եւ ցանկանում է զարգացնել կապերն Արեւմուտքի հետ: Եվ սա լոկ բառեր կամ խոսակցություններ չեն, ձեր իշխանություններն իրոք կատարում են քայլեր, օրինակ՝ օդային տարածքը բացեցին թռիչքների համար եւ այլն: Եվ փոխադարձաբար Արեւմուտքը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն միշտ էլ դուռը բաց են պահել Հայաստանի համար:



- Հրաշալի է, այդ դեպքում անդրադառնանք դիվանագիտությանը: Ես ցանկանում եմ հարցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, հատկապես սահմանի բացման մասին, որովհետեւ ինձ թվում է՝ դա բոլոր խնդիրների հիմքում է: Անկեղծորեն ես չեմ հավատում, թե Լեռնային Ղարաբաղն այդքան կարեւոր է որեւէ մեկի, մանավանդ նախագահ Ալիեւի համար: Նա ավելի ճիշտ մտասեւեռում ունի Հայաստանին վնասելու, եւ ԼՂՀ խնդիրը փայլուն կերպով սպասարկում է այդ նպատակը: Քանի դեռ միջոցը գործում է եւ վնասում Հայաստանին, հազիվ թե Ալիեւը դրանից հրաժարվի: Հետեւաբար, նախ պետք է այդ միջոցի ազդեցությունը չեզոքացվի` հայ-թուրքական սահմանը բացվի:



- Սահմանի հարցը խնդիրների ամբողջ մի կոմպլեքսի հիմքում է: Հաշվի առնելով հենց այն, ինչ ինքդ ես ճիշտ փաստարկում, նաեւ որոշ այլ գործոններ, Միացյալ Նահանգները մեծապես աջակցել են հաշտեցման գործընթացը նախաձեռնելուն եւ ջանադրաբար աշխատում են Հայաստանի ու Թուքիայի մեջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Երբ ես երեք տարի առաջ ժամանեցի Հայաստան, եւ մանավանդ դեսպան Յովանովիչն ինձնից առաջ, ոգեւորությամբ ենք վերաբերվել այդ գործընթացին: Յովանովիչն անձամբ մասնակցություն է ունեցել բազմաթիվ կարգավորումների, որոնք բերեցին 2009-ի արձանագրությունների ստորագրմանը Ցյուրիխում: Նաեւ պետքարտուղար Քլինթոնն է մեծ հավանություն տվել եւ մասնակցություն բերել այդ գործընթացին: 2009-ին բոլորը լավատես էին, բայց, ցավոք, մինչ այժմ արձանագրությունները չեն վավերացվել: Հայաստանը բազմիցս ասել է, որ փաստաթղթերը Թուրքիայի կողմից վավերացվելուց հետո ինքը եւս կվավերացնի, եւ խնդիրներ չեն լինի: Թուրքիան դեռ չի վավերացրել:
Իմիջիայլոց, որեւէ մեկը չպետք է մտածի, թե հարաբերություններ հաստատելով կամ փակ սահմանը բացելով՝ Թուրքիան լավություն է անում Հայաստանին: Ամենեւին այդպես չէ: Գիտեք, Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան նահանգները բավականին աղքատ են եւ չզարգացած, իսկ Հայաստանի հետ սահմանը բացելը տնտեսական վերելք կստեղծի: Հետեւաբար, արձանագրությունների վավերացումը եւ գործադրումը շահավետ զարգացում են երկու կողմերի համար էլ, անգամ ավելի ընդարձակ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որովհետեւ վերջապես Հարավային Կովկասը կկամրջի Եվրոպան եւ Միջին Արեւելքը:
Նաեւ սա պետք է հստակորեն նշվի, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն սկզբից եւեթ վերաբերել է առանց նախապայմանների կարգավորմանը: Հայերը խնդիրներ եւ պահանջներ ունեն Թուրքիայից, Թուրքիան կարող է Հայաստանի հետ բարդություններ ունենալ եւ այլն, հետեւաբար, անհրաժեշտ է նախ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատել, հետո անցնել խնդիրների քննարկման եւ գուցե լուծումներ փնտրելու:



Ընդարձակ Մերձավոր Արևելքը



- Պատմականորեն Հայաստանը Մերձավոր Արեւելք է, մենք ներկա ենք եղել Միջերկրականի արեւելքում հազարամյակներ: Թուրքիայի հետ սահմանի բացումն ավելի լայն, տարածաշրջանային շփումներ է ստեղծելու` ի վերջո, վերադարձնելով Հայաստանն իր օրինական դիրքին այս երկրագնդի վրա, որպես Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի հանրության մաս: Ականատես լինելով Ռուսաստանի խելահեղությանը Ղրիմում, որն իր ֆորպոստն էր Սեւ ծովում, հնարավոր չէ բացառել խելահեղությունը, երբ Ռուսաստանն զգա, որ կորցնում է վերահսկողությունը Հայաստանում, որն իր համար ոչ միայն ֆորպոստ է Կովկասում, այլեւ դարպասն է դեպի Մերձավոր եւ Միջին Արեւելք: Իսկ Ռուսաստանը ժամանակին զուգընթաց թուլանում է` դառնալով ավելի նյարդային եւ ոչ ադեկվատ եւ կարող է ավելի մեծ խնդիրներ ստեղծել:



- Ես համաձայն եմ, որ գործընթացը պետք է առաջ շարժվի, եւ նախընտրելի է` ավելի մեծ արագությամբ ու արդյունքներով: Բայց այստեղ ես կուզեի մեկ-երկու հանգամանք ընդգծել: Իհարկե, վերջնանպատակն արձանագրությունները վավերացնելը եւ կյանքի կոչելն է, ինչը, ցավոք, դեռ տեղի չի ունեցել, բայց մենք` ամերիկացիներս, նաեւ Եվրամիությունը եւ այլն, այս ընթացքում աշխատեցինք Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների հետ, գործարար, մշակութային հանրությունների, համալսարանական շրջանակների եւ այլոց հետ` ջանալով նրանց իրար մոտեցնել եւ ընդհանուր հարցերի ինչ-որ օրակարգ, երկխոսություն սկզբնավորել:
Ճիշտ մի քանի օր առաջ մենք մի IT համաժողով բացեցինք Գյումրիում, որին շուրջ 30 գործարարներ էին հրավիրված եւ մասնակցում Թուրքիայից: Իրենց հայաստանցի գործընկերների հետ նրանք քննարկում էին գործունեության հնարավորություններ, համագործակցության հեռանկարներ: Այնպես որ, անկեղծ ասած, որոշ տեղաշարժ կատարվել է Հայաստանի եւ Թուրքիայի հասարակությունների ներսում եւ միմյանց ընդառաջ, ինչը դյուրացնում է մարդկային շփումը եւ, ի վերջո, երկխոսությունը երկու ժողովուրդների միջեւ: Արձագրությունները դիվանագիտական եւ պաշտոնական սեգմենտն են երկու ժողովուրդների միջեւ ավելի ընդարձակ հաշտեցման գործընթացի: Եվ այստեղ ես կարող եմ ասել, որ ժամանակը զուր չի վատնվել, առկա է տեղաշարժ: Բայց այն բավարար չէ, որովհետեւ համապարփակ կարգավորումը արձանագրությունները կյանքի կոչելն է:



- Պրն. դեսպան, ներեցեք այսպիսի հարցի համար, բայց… Թուրքիան վերջին շաբաթներին միջազգային ուշադրության կենտրոնում էր Քոբանիի դեպքերի պատճառով: Թուրքիայի մեծագույն խնդիրը քրդական հարցն է, եւ երկընտրանքը, որի առջեւ կանգնած էր Թուրքիան, շատ բարդ էր: Եթե թույլ էր տրվում քրդական փեշմարգային (Իրաքում Քրդական ինքնավարության զինված ուժերը) անցնել Թուրքիայի տարածքով, դա կարող էր դառնալ զորակցություն PKK-ին, անցումն արգելելը կարող էր քուրդ ազգաբնակչությանը Թուրքիայի ներսում ոտքի հանել` հանգեցնելով հուզումների, բախումների եւ զոհերի: Այդուհանդերձ, մեկ-երկու շաբաթվա դիմադրությունից հետո Թուրքիան, ի վերջո, բացեց սահմանը փեշմարգայի զինված մարտիկների առջեւ, շատերի տպավորությամբ` ԱՄՆ ճնշման ներքո:



- (Դեսպանը ժպտաց) Օքեյ, որոշ մարդիկ կարող էին նման տպավորություն ստանալ…



- Այդ թվում եւ ես: Հետեւաբար, եթե Թուրքիան հնազանդվում է եւ բացում սահմանը զինված փեշմարգայի անցնելու համար, ինչո՞ւ պետք է չհնազանդվի եւ Հայաստանի հետ սահմանը չբացի: Չի՞ ստացվում արդյոք, որ ԱՄՆ-ն բավարար ճնշում չի գործադրում…



- Լուսինե, դա այդպես չէ: Ամենից առաջ, իհարկե, հայ-թուրքական սահմանի խնդիրը չի ներառում այնպիսի ճգնաժամ, ինչպիսին տեսանք Քոբանիի մերձակայքում, եւ մեզանից ոչ ոք չի ցանկանա նման դրություն, հետեւաբար, ինքնին գործողություններն էլ տարբեր են: Բայց ավելի էականն այն է, որ Հայաստանն էլ, Թուրքիան էլ ինքնիշխան երկրներ են, եւ իրենք են որոշումներ կայացնում: Մենք կարող ենք ընդգծել գործընթացի շահավետությունը երկու կողմերի համար էլ, մենք կարող ենք հորդորել կողմերին հարգել իրենց հանձնառությունները, բայց վերջնահաշվում արձանագրությունները կյանքի կոչելու քայլերն իրենք պետք է կատարեն: Ես կարող եմ միայն հավաստիացնել, եւս մեկ անգամ, որ մենք բոլոր մակարդակներում, ներառյալ ամենաբարձր մակարդակներում, խոսում ենք կողմերի հետ եւ պնդում ենք 2009-ի Ցյուրիխի արձանագրությունների վավերացման եւ հետագա գործադրման կարեւորությունը: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք:



- Հուսանք՝ արդյունքներ կլինեն, մանավանդ, երբ այժմ արդյունքներ են երեւում մեկ այլ` Իրանի շուրջ տասնամյակներ տեւած հակասությունում: Ինձ թվում է՝ դա Հայաստանին անդրադարձող ամենանպաստավոր զարգացումն է ներկա պահին, հետեւաբար, Ձեզ ի սրտե շնորհակալություն եմ հայտնում արժեքավոր պատասխանների եւ հայտարարությունների համար եւ ցանկանում եմ հարցազրույցն ավարտել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների բարելավման լավատեսական նոտայով: Մոտ ապագայում ի՞նչ կարող ենք սպասել:



- Կարծում եմ՝ այստեղ կարող ենք լինել զգուշորեն լավատես: Ամենքս գիտենք. նոյեմբերի 24-ը նշված է որպես վերջնաժամկետ «6 + 1» ձեւաչափով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում: Դարձյալ սեփական հանձնառությունները հարգելու խնդիր է, աշխարհը հորդորում է Իրանին հետեւել միջազգային ատոմային էներգետիկ կառույցների հետ համագործակցելու իր իսկ հանձնառություններին: Նոյեմբերի 24-ին որոշակի պայմանավորվածությունների հասնելը, հուսով ենք՝ կհանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման: Եթե անգամ համաձայնություն էլ չկնքվի, կերեւա, թե ուր է գնում գործընթացը:



Հայաստանի տեսակետից, իհարկե, Իրանի պատժամիջոցների վերացումը չափազանց նպաստավոր զարգացում կլինի Հայաստանի տնտեսության համար: Մենք շատ ենք գնահատում այն, որ, չնայած Հայաստանի տնտեսության համար դա որոշակի գին էր արժենում, այդուհանդերձ, Հայաստանը հարգում էր եւ երբեք չի խախտել միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ հաստատված պատժամիջոցներն ու սահմանափակումները: Մենք շատ ուրախ կլինենք, որ Իրանի հետ համաձայնությունները կայացվեն, պատժամիջոցները հանվեն, եւ Հայաստանի տնտեսության համար բացվեն նոր հնարավորություններ: Ոչ մի երկիր չպետք է կախված լինի մեկ գործընկերոջից, մեկ հաղորդակցության ուղուց կամ մեկ բաց սահմանից: Հնարավորությունների դիվերսիֆիկացիան մեծապես կարեւոր է, եւ մենք հուսով ենք, որ այն կհասնի Հայաստան:



Հարցազրույցի առաջին և երկրորդ մասերը` http://hraparak.am/?p=66916&l=am/herankarnery+qajalerox+en+ev+xostumnalic http://hraparak.am/?p=67020&l=am/etm-n+xochyndot+che+hayastan-arevmutq+kaperi+hamar



Անգլերեն բնագիրն այստեղ՝ http://hraparak.am/?p=67468&l=am/the+perspectives+are+encouraging+and+promising