«Թուրքաֆոբիայից» անդին

«Թուրքաֆոբիայից» անդին

Երբ ստորագրվեցին Ցյուրիխի արձանագրությունները, հայ հանրությունը «ծառս եղավ»: Ե՛վ հայրենիքում, ե՛ւ, մանավանդ, Սփյուռքում: Հիշեցնելու կարիք, երեւի, չկա: Բավարարվենք Փարիզում Սերժ Սարգսյանին ցուցաբերված «բացառիկ ջերմ հյուրընկալությամբ»:



Եվ դա համարվեց «բնական», «տրամաբանական», «սպասելի»: Այդպիսով նաեւ հայ հանրությունը նպաստեց, որպեսզի «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվի: Իսկ երբ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստվում է մտնել ԵՏՄ, հայ հանրությունն իր գերակշիռ մեծամասնությամբ թեթեւացած շունչ քաշեց` «վերջապե՜ս...»:



«Չի կարելի լինել անվտանգության` մի, քաղաքակրթական` մյուս համակարգում»,- մոտավորապես այսպես են խնդիրը ձեւակերպում ռուսաստանցի քաղաքագետները, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի «աշխարհաքաղաքական ընտրությանը»: Մինչդեռ շատ վիճելի է, թե Ռուսաստանն ինչպես է «երաշխավորում Հայաստանի անվտանգությունը» կամ վաղն ինչպես է «երաշխավորելու»:



Թեկուզ այն պարզ բացատրությամբ, որ Հայաստանը եւ Ռուսաստանը չունեն ընդհանուր սահման: Պատերազմի դեպքում ինչպե՞ս է տեղ հասնելու Ռուսաստանի «երաշխիքը»՝ Վրաստանո՞վ, Ադրբեջանո՞վ, գուցե Իրանո՞վ: Թե՞ միայն ասվածը, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բավարար է: Այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը չի երկնչում նախագահի մակարդակով հայտարարել, որ «վերադառնալու ենք պապենական տարածքներ` Երեւանի խանություն, Զանգեզուրի եւ Գյոկչայի մահալներ»:



Խնդիրը, սակայն, միայն դա չէ: Ըստ էության, եվրասիականությունը նոր գաղափարախոսություն չէ, գոյություն ունի 19-րդ դարի 70-80-ական թվականներից ի վեր` որպես աշխարհաքաղաքական տեսություն: Ռուսաստանում այն հակակշռել է պանսլավոնիզմին` որպես իշխող ուսմունքի այլընտրանք:



Եվ պետք չէ բոլշեւիկներին մեղադրել «թրքամոլության» մեջ: Նրանք ընտրել են երկրորդը` եվրասիականությունը, մի քաղաքականություն, որ Գարեգին Նժդեհը դիպուկ ձեւակերպել է «թրքաբոլշեւիզմ»: Այո, եվրասիականությունը «թրքաբոլշեւիզմ» է, Ռուսաստանի` իբրեւ սլավոնա-թուրանական «համազոր արժեքների վրա խարսխված բացառիկ քաղաքակրթության» կրողի, առանցքով եվրաատլանտիզմի աշխարհաքաղաքական այլընտրանքի կենտրոն դառնալու ծրագիր:



Հայ հանրությունը, ինչպես ասվեց, իր գերակշիռ մեծամասնությամբ Հայաստանը տեսնում է այդ «կենտրոնում»: Որպես... «փրկություն» Թուրքիայի «ճիրաններում հայտնվելու սպառնալիքից»: Այ դա, իսկապես, «թուրքաֆոբիայից» անդին է:



...Չէ, մարգարե էր Հրանտ Մաթեւոսյանը. 15-20 տարի առաջ էր կանխազգացել, թե «հնարավոր է իրավիճակ, երբ հայտնվենք աշխարհի ամենառեակցիոն բանակի դրոշի տակ»:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ