Փաղաքշանքներ...

Փաղաքշանքներ...

Մի անգամ չէ, որ խոսել եմ ընդդիմադիր ԲՀԿ-ի սպասարկու լրատվամիջոցների անհարկի բառապաշարի ու այլակարծության հանդեպ ունեցած անհանդուրժողականության մասին: Անձամբ ես երբեք չեմ մտածել, որ սա այլընտրանքային ԲՀԿ-ի խոսելաոճն է: Այդ իսկ պատճառով իմ հրապարակումներում աշխատում եմ չանցնել որոշ կարմիր գծեր ու պահել քննադատության ու վիրավորանքի միջև այն հեռավորությունը, որ պատշաճ եմ համարում 30-ամյա լրագրողական գործունեությանս բերումով:



Բայց ի հակադրություն ինձ և ինձ նման մտածողների, ԲՀԿ-ական որոշ լրատվամիջոցներ սկսել են չնկատել այն սահմանը, որից այնկողմ սկսվում է բոլորովին այլ բան, որ բացարձակապես կապ չունի լրագրության հետ: Չի բացառվում, որ նյարդային գերլարումն է այդ ամենի պատճառը, բայց դա, շատ ներողություն, իրենց խնդիրն է, և լավ կլիներ, որ ԲՀԿ-ից մեկնումեկը լրջորեն զբաղվի այդ հարցով:



Համաձայնեք, որ երբ մարդու մասին գրում են՝ «իրենց մեկնաբանին «քսի» են տալիս», այնքան էլ հաճելի չէ տվյալ մարդու համար, որքան էլ խնդրահարույց «քսի» բառը չակերտված լինի: Փառք Աստծո, կան բազմաթիվ հոմանիշներ՝ հրահրել, ստիպել, դրդել, հրահանգել և այլն: Եթե իրենք մի փոքր բարեկիրթ լինեին, մենք էլ հիմա կասեինք, որ իրենց տերերն են ստիպել, հարկադրել, հրահրել, որ պատասխանեն մեր հրապարակմանը: Ավաղ, zham.am-ը այդքան բարեկիրթ չէ:



Եվ ես հիմա, չանդրադառնալով «Հրապարակի», իմ և Դաշնակցության հասցեին հնչած ցնդաբանություններին, ստիպված պիտի այլ տեսանկյունից հակադարձեմ: Պարոն Ծառուկյան, «շներիդ» կապած պահիր, որովհետև սկսել են սխալ հասցեով «հաչել»: