Է, որ չաղացար, ինչի՞դ ա պետք, ա՛յ, ես վիզ դրած նիհարում եմ

Է, որ չաղացար, ինչի՞դ ա պետք, ա՛յ, ես վիզ դրած նիհարում եմ

Ազգային ժողովի ամենագեներալ պատգամավորներից Սեդրակ Սարոյանը վստահ է, որ տնտեսական ծանր վիճակ միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է վատ վիճակ։ Ու նա ստեղծված իրավիճակի դուրս գալու ելքը տեսնում է միայն աշխատելու մեջ․ «Պիտի աշխատենք, միակ փրկությունը աշխատելն ա»։
Այս պատասխանից հետո հետաքրքիր զրույց ծավալվեց մեր և գեներալի միջև, սակայն մի փոքր ոչ պաշտոնական, ավելի տնավարի ձևաչափով։



-20 տարի է՝ աշխատում ենք, բայց գնալով ավելի է վատանում մեր վիճակը։



-Այ ցավդ տանեմ, մինակ մեր վիճակն ա վատանու՞մ, հա՞։ Եթե մինակ մեր վիճակն ա վատանում, ասեմ՝ հա, ախպեր ջան, դու ճիշտ ես։ Ամերիկան ավելի վատ վիճակում ա, Եվրոպան էլ քեզ փեշքեշ։



-Բայց դա արդարացու՞մ է։



-Այսինքն՝ ինչ ես ուզում, որ անենք, ասա՛, ցավդ տանեմ, ասա՛ անենք։



-Դե, իշխանության ներկայացուցիչ եք, մի բան մտածեք, ի վերջո, իշխանությունները պիտի միջոցներ ձեռնարկեն։



-Ի՞նչ անի խեղճ իշխանությունը։



-Եթե իշխանությունը խեղճ է ու չի կարող ոչինչ անել, թող ուրիշը գա անի։



-Ո՞վ պիտի գա, ի՞նչ պիտի անի, մեկի անունը տուր, թող գա տենամ ի՞նչ ա անելու։



-Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։



-Ի՞նչ ա անելու Տեր-Պետրոսյանը խեղճ։



-Բոլորը խե՞ղճ են էս երկրում, պարո՛ն Սարոյան։



-Ա՛յ ցավդ տանեմ, ի՞նչ անի, ասա՝ ի՞նչ անի իշխանությունը։



-Բա ի՞նչ անենք, գնանք կործանվե՞նք։



-Բայց խի՞ ենք կործանվում։ Որ հենց միացանք Եվրոսայուզ ա, Եվրանյուզ ա, չգիտեմ, Եվրազիա․․․ ի՞նչն ա կործանվում, ինչի՞ համար ես կործանվում, տղա՛ ջան։ Ենթադրենք՝ երկու կիլո կալբաս էլ ավել կերար, ի՞նչդ ա փոխվելու։



-Կչաղանամ գոնե։



-Է, որ չաղացար, ինչի՞դ ա պետք։ Ես աշխատում եմ նիհարեմ, էս մարդը չաղանում ա։ Ինչի՞դ ա պետք չաղանալը։ Չաղանալը լավ բան չի։



-Դե տեսնու՞մ եք, ազգը գնալով նիհարում է։



-Ճիշտ ա, հա՛մ սիրունանում են, հա՛մ լավանում են։ Ա՛յ, ես վիզ դրած նիհարում եմ։



-Տնտեսական ճգնաժամի՞ հետևանանք է, որ նիհարում եք։



-Տո չէ, նիհարում ենք, որ առողջ լինենք։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ