Ի՞նչ նվեր է արել ինքն իրեն Արփինե Հովհաննիսյանը

Ի՞նչ նվեր է արել ինքն իրեն Արփինե Հովհաննիսյանը

Այսօր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 31 տարեկան։ Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս նրա ծննդյան օրը համընկավ քառօրյա նիստերի հետ, ուստի հեռախոսազանգերով, Ֆեյսբուքով կամ անձամբ շնորհավորելուց բացի շնորհավորանքներ հնչեցին նաև Ազգային ժողովի ամբիոնից։ Այս անգամ էլ ԱԺ նախագահը նրան հրապարակավ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց։ Այսպիսի վրաբերմունքն, ի դեպ,  ավանդույթ է դարձել խորհրդարանում՝ գեղեցիկ սեռի պատգամավորների տարեդարձերը շնորհավորել ծաղկեփնջերով։ Ընդմիջմանն արդեն նրա աշխատասենյակում, որը լի էր նվերներով ու ծաղիկներով, իսկական իրարանցում էր, քանզի հերթով շնորհավորելու էին մտնում ընդդիմադիր ու իշխանական բոլոր խմբակցությունների նրա գործընկերները, նաև լրագրողներ ու ԱԺ այլ աշխատակիցներ։ Ավելի ուշ իր տարեդարձի առթիվ զրուցեցինք հոբելյար պատգամավորի հետ։



-Արփինե՛, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Ձեր ծննդյան օրը, և արդյոք ամենասպասվա՞ծ տոնն է այն Ձեր կյանքում։



-Իրականում այնքան էլ չեմ սիրում իմ ծննդյան օրը, չեմ կարող ասել՝ ինչու, բայց երևի թե հատուկ ուշադրության կենտրոնում գտնվելը ինչ-որ դիսկոմֆորտի զգացողություն է առաջացնում, կամ թախիծ կա․․․ տարատեսակ զգացողություններ եմ ունենում, բայց չէի ասի, թե առանձնակի խանդավառությամբ եմ վերաբերվում այդ օրվան։ Բայց այն ինձ համար խորհրդանշում է պարզապես գեղեցիկ մի օր, որը քեզ հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ բոլոր բարեկամներիդ, ծանոթներիդ, ընկերներիդ, հարազատ մարդկանց մաղթանքներն ու շնորհավորանքները լսել։



-31-ամյա Արփինե Հովհաննիսյանը՝ որպես մարդ և որպես պատգամավոր, այս տարիներին ի՞նչ է տվել մարդկությանը, հասարակությանը, որը թույլ է տալիս ինքն իրեն պիտանի զգալ և չփոշմանել ծնվելու համար։



-Դա, կարծում եմ, հասարակությունն ինքը պետք է գնահատի, բայց ինքս իմ տեսանկյունից կարող եմ ասել, որ այն բազմաթիվ մարդիկ, ովքեր ինձ շնորհավորանքներ են ուղղում, ուսանողների այն բազմությունը, որտեղ ես ինձ որպես մասնագետ կայացած եմ զգում ու սիրված եմ՝ որպես դասախոս, դա հասարակությանը ինչ-որ բան տալու առումով կարող է որոշակի ցուցիչ կամ չափորոշիչ հանդիսանալ, բայց դրա մասին դարձյալ ես չէ, որ պիտի ասեմ։



-Ի՞նչ եք ակնկալում ամեն տարի Ձեր ծննդյան օրը։



-Առանձնապես շատ բան չեմ ակնկալում, քան այն, որ իմ մտերիմ շրջապատի ընկերների հետ հնարավորություն կունենամ ևս մեկ անգամ ուղղակի շփվելու, խոսելու, լավ բառեր լսելու։ Հատուկ ակնկալիքներ չունեմ։



-Սովորաբար ո՞վ է Ձեզ առաջինը շնորհավորում, և այս տարի ո՞վ կամ ովքե՞ր են առաջին շնորհավորողները եղել։



-Առաջինը մայրս է շնորհավորում՝ որպես ընդունված կանոն, ընտանիքիս անդամները, բայց չէի ցանկանա տարանջատել՝ առաջին, երկրորդ։ Իսկ, առհասարակ, շնորհավորանքները բազմաթիվ են՝ ընկերներ, բարեկամներ, իմ ուսանողները, ծանոթներ ու անծանոթներ, գործընկերներ, նաև ԵԽԽՎ-ի իմ գործընկերներն են շնորհավորել Եվրոպայից, այդ թվում՝ ԵԽԽՎ նախագահը։ Բազմասպեկտր շնորհավորանքներ են լինում, որոնք ջերմության զգացողություն են առաջացնում մոտս։ Նաև սոցիալական ցանցերով եմ բազմաթիվ շնորհավորանքներ ստացել։



-Անցյալ տարի նույն այս հոբելյանական առիթով Ձեր տված հարցազրույցում նշել էիք, որ ինչ-որ օրիգինալ նվեր եք ստացել։ Այս տարի բացի ծաղիկներից, զարդերից կամ օծանելիքից, որոնք ստանդարտ նվերների շարքից են, ինչ-որ օրիգինալ նվեր ստացե՞լ եք։



-Այո, ճիշտ եք հիշում, օրիգինալ նվեր անցյալ տարի եղել է, որը իմ ուսանողներից մեկն էր նվիրել, ու շատ հետաքրքիր է, որ այդ օրիգինալ նվերների բոլոր հեղինակները իմ ուսանողներն են լինում, քանզի այս տարի էլ իմ ուսանողուհիներից մեկն էր շատ հետաքրքիր նվեր արել ինձ։ Նա իր աշխատանքն էր նվիրել՝ իր ձեռքով նկարած իմ դիմանկարը, ինչպես նաև գիրք և օծանելիք՝ գեղեցիկ փաթեթավորմամբ, և այդ նույն նկարը, որը ինքն իր ձեռքով նկարել էր, նաև այդ տուփի վրա էր արտացոլված։



-Իսկ եղե՞լ է դեպք, որ որևէ նվեր ցանկանաք ստանալ, սակայն որևէ մեկի մտքով չանցնի հենց դա նվիրել, և ինքներդ Ձեզ այդ նվերը անեք։



-Այո, լինում է։ Իհարկե, շատ հարազատ մարդկանց ես երբեմն ասում եմ՝ ինչ նվիրեն ինձ, դրանով նաև իրենց գործն եմ թեթևացնում՝ հուշելով նվերի ընտրության հարցում, բայց, իհարկե, յուրաքանչյուրի դեպքում հաշվի եմ առնում իր հնարավորությունների շրջանակը։ Իսկ ինչ վերաբերում է ինքս ինձ նվեր անելուն, ապա ես կարծում եմ, որ եթե ես ինչ-որ բան ցանկանում եմ ու դրա հնարավորությունն ունեմ, ապա այդ նվերը ես ինքս էլ ինձ համար կարող եմ անել ու անում եմ։

-Օրինակ՝ այս տարի նվիրե՞լ եք Ձեզ ինչ-որ բան։



-Այո, նվիրել եմ, բայց չեմ ասի՝ ինչ․․․ գաղտնիք է։



-Իսկ ի՞նչ կմաղթեք ինքներդ Ձեզ։



-Կմաղթեմ, որ անկեղծ մարդկանցով շրջապատված լինեմ, անկեղծ մարդկանց անկեղծ շնորհավորանքները լսեմ և այդ ամբողջ ջերմությունն ու էներգիան, որ ստանում եմ նրանցից, փոխանցեմ հենց նրանց։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ