Ուռա՛, տավարիշչի, մենք արդեն ԵՏ «սայուզի» անդամ ենք

Ուռա՛, տավարիշչի, մենք արդեն ԵՏ «սայուզի» անդամ ենք

Մենք հունվարի 1-ից կանդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին:



Երեկ Ազգային ժողովը 103 կողմ, 7 դեմ, եւ 1 ձեռնպահ ձայներով վավերացրեց ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: ԱԺ 5 խմբակցություններից 5-ը կողմ էր ԵՏՄ-ին, միայն «Ժառանգությունն» էր դեմ, որի ղեկավար Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում ասաց. «Տնտեսական ինտեգրացիոն գործընթաց ասվածը շատ գայթակղիչ է: Մեր խնդիրը մեր շուկայի մասին մտածելը չէ, սա բացարձակ քաղաքական հարց է: Մեր խնդիրն այսօր անվտանգության հարցն է: Մենք մանեւրելու բոլոր հնարավորությունները փակում ենք»:



ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու, որովհետեւ այս հարցը Հայաստանի համար ունի եթե ո՛չ ճակատագրական, ապա առնվազն ռազմավարական նշանակություն: ՕԵԿ-ում էլ ինչ-որ պատճառաբանությամբ կողմ էին՝ նշելով, որ այդ պայմանագիրը բխում է Հայաստանի շահերից: ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց այս «հանդիսավոր» արարողությանն իրենց դիրքորոշումը, այն է՝ կողմ, քանզի այսօր ԵՏՄ-ին դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Բայց դա չի նշանակում, որ իրենք կողմ են քվեարկում իշխանությունների կատարած քայլերին:



«Ամենեւին ոչ: Դրանք կարող էին եւ պետք է լինեին ավելի լավը, մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար, Հայաստանի ապագա հնարավորությունների համար, որոնք կարող են լինել, եթե Հայաստանում իշխանությունները համառորեն եւ մշտապես պաշտպանեն Հայաստանի Հանրապետության շահերը: Իսկ թե երբ դա կլինի, կարծում եմ՝ հասկանում են բոլորը»,-պարզաբանեց ԲՀԿ-ական պատգամավորը:



ՀՀԿ-ն, բնականաբար, կողմ էր, որովհետեւ... այդպես էր պետք: Միակ լիբերալ քվեարկությունը տեղի ունեցավ ՀՅԴ-ում: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու, որովհետեւ իրենք այսօր անվտանգության ավելի լավ այլընտրանք չունեն, թեպետ կարող էին ավելի լավ բանակցել: Քվեարկության պահին, սակայն, պարզվեց, որ այս հարցում բոլորը դաշնակցականները չէ, որ միանշանակ համակարծիք են: Իր սեփական դիրքորոշումը քվեարկությամբ արտահայտեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով ձեռնպահ քվեարկեց: Իսկ դեմ քվեարկողներն էին Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբիկ Հակոբյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:



Երբ քվեարկության արդյունքներն արդեն պարզ էին, դահլիճը ծափահարություններով ողջունեց ԵՏՄ-ին մեր անդամակցության վավերացումը: Իսկ այդ ընթացքում ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում՝ ընդդեմ Հայաստանի ԵՏՄ անդամակցության:
ԱԺ-ից դուրս եկող պատգամավորներին ակտիվիստներն անվանում էին «Պուտինկեք»:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ