Եկան, արդարացան, գնացին․ արդյունքում՝ կեցցե ԵՏՄ-ն

Եկան, արդարացան, գնացին․ արդյունքում՝ կեցցե ԵՏՄ-ն

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացմանը Ազգային ժողովը գրեթե ողջ կազմով, բացի «Ժառանգությունից» ու մի քանի հոգուց, կողմ քվեարկեց: Եվ չնայած ԱԺ-ում պայմանագրի քննարկման ողջ ընթացքում խորհրդարանի մոտ մի խումբ մարդիկ անընդհատ բողոքի ակցիաներ էին անում եւ անգամ պայմանագրին կողմ քվեարկողներին անարգանքի սյունին գամում, դա որեւէ դեր չունեցավ: Այդ ակցիաները համարվեցին «մի 10-15 հոգու» «ջղաձգումներ», որոնք կառավարվում են ինչ-որ կենտրոններից: Եվ որքան էլ խորհրդարանական ընդդիմությունն արդարանա, թե Սերժ Սարգսյանի քաղաքականությանը չեն կողմ, այլ «անվտանգության խնդիր է», կամ «Ռուսաստանի հետ բարեկամությունը մեր ժողովրդի պահանջն է», փաստորեն, այս հարցում ընդդիմություն եւ իշխանություն շատ միասնական են: Վերջապես գտնվեց այն «հողը», որի վրա ներդաշնակ միասնություն ձեւավորվեց իշխանականների ու ոչ իշխանականների միջեւ:



Երեկ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ՀՀԿ-ից բացի, մյուս բոլոր «պուտինկեքը»՝ ըստ ակցիաների որակման, եկան ու հերթով արդարացան, թե ինչու են նման որոշում կայացրել: Ենթագիտակցության մեջ նրանք բոլորը հասկանում են, որ լավ բան չեն արել: ԲՀԿ-ից, օրինակ, Ստեփան Մարգարյանն ասաց, որ իրենց մոտ մի թեթեւ տարաձայնություններ եղել են այս հարցում, բայց ընդհանուր որոշման իրենք հանգել են գրեթե կոնսենսուսով: Որպես «գրեթե» բառի առկայություն, կարելի է մատնանշել այն փաստը, որ ԲՀԿ-ական պատգամավորների մի մասը չէր եկել կամ չմասնակցեց քվեարկությանը: Երեւի հետեւել էին Զարուհի Փոստանջյանի հորդորին՝ հիվանդանալ ու չգալ: ՀՅԴ-ում էլ այլընտրանք չեն տեսել, թե չէ այնպես չէ, որ ուշքները գնում էր «սայուզի» համար: Բոլորովին էլ արդարացում չհամարելով իր բացատրությունները, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսպես մեկնաբանեց. «Երբ թնդանոթները որոտում են, մուսաները լռում են»:



Արդյոք այդ որոտընդոստ թնդանոթները ԵՏՄ-ից ստանալիք օգուտնե՞րն էին, թե՞ ՀՀԿ-ն՝ իր տարատեսակ զենքերով, դա այլ հարց է, բայց որ ոչ իշխանական մուսաները լռեցին ինչ-որ ազդու կրակոցների ներքո, դա փաստ է: Ըստ Ռուստամյանի՝ հակառակորդի թնդանոթների նշանակետի տակ մեր անվտանգությունն ապահովելու խնդիր կար, ու դա լուծվում է բացառապես տնտեսական այս միավորմանն անդամակցելով:



Իսկ որ ժողովուրդը, որն այս անգամ ընդամենը մի 15 հոգի հազիվ լիներ, ինչպես ՀՀԿ-ին, իրենց էլ էր քննադատում ու վիրավորում, արդյոք դա մի փոքր անհարմար զգացողություններ չառաջացրե՞ց ժողովրդի «պադդերժկան» վայելող ընդդիմության համար, Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը շատ նորմալ է համարում, որ կարող են իրենց տեսակետներն ուրիշների տեսակետների հետ չհամընկնել, եւ ինքը չունի այն մոտեցումը, որ երբ դիմացինի տեսակետն իր տեսակետի հետ չի բռնում, ուրեմն պիտի թշնամանա նրա հետ:



Նա «իր տեսակետը չընդունող էդ մարդկանց» հիշեցրեց 1994 թվականի պայմանագիրը, որը, որպես ծանրակշիռ փաստարկ, բերում էին իրենք, եւ ավելացրեց. «Պարզապես մեղք են էդպես մտածող մարդիկ, չի կարելի էդ աստիճանի պարզունակ դարձնել մեր երկրի առջեւ կանգնած խնդիրները, ու հեշտությամբ մարդկանց դավաճան անվանելն արժեզրկում է էդ բառի իմաստը»: Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանն արձագանքել է 94 թվի պայմանագիրը հիշեցնելու ՀՅԴ ելույթներին եւ գրել, որ 94-ին բոլորովին այլ պայմանագիր էր կնքվում եւ բոլորովին այլ իրավիճակում:



ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ, չմտաբերելով որեւէ դեպք, երբ իրենք դեմ են արտահայտվել ԵՏՄ-ին անդամակցությանը, մեզ մեղադրեց իրականությունը կեղծելու մեջ: Բողոքի ցույց անող «ժողովրդի» մասով էլ ասաց. «Ինչի՞ եք ասում ժողովուրդ, էնտեղ եղել է 10-15 մարդ, ես հարգում եմ հավաքվածների քաղաքացիական կեցվածքը, իրենց դիրքորոշումը, իրենց հավատը, ավելին ասեմ՝ ես համարում եմ, որ էն մարդիկ, ովքեր իսկապես մտածում են, թե անկախության կորուստ կա, ու դրա մասին մտածում են, իրենք են իսկական դավաճանները, եթե չեն եկել Ազգային ժողովի չափառները ջարդելու: Ես եթե հավատայի, որ անկախության կորուստ կա, գալու էի ջարդեի, ավերեի ու չթողնեի, որ նման որոշում կայացվեր»:



Զուրաբյանը հիշեց Լեւոն Տեր-Պետրոսյանի 2009 թվականի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ իրենց համար իրավական ուժ չունի, եւ ասաց, որ ԵՏՄ-ն մի փոքր այլ հարց է, դա, ինչպես ասում են, «օյին չի», ու բոլորովին էլ սկզբունքների խախտում չէ: «Դե հիմա, գիտե՞ք ինչ, հիմա կոնկրետ էս պայմանագիրը մենք մեր համաձայնությունը հայտնել ենք, էս վիճակում ուրիշ բան հնարավոր չէր, էնպես որ, ես կարծում եմ՝ էդ հարցը տեղին չէ»,-ասաց նա ու սկզբունքների մասով անկեղծ զարմացավ. «Ի՞նչ սկզբունք, մենք, այսինքն, ինչ-որ մեծ որեւէ սկզբունքի դե՞մ ենք գնացել: Չկա նման բան»:
ՕԵԿ-ից էլ եկան, ինչ-որ բաներ ասացին՝ տնտեսագիտական վերլուծությունների տեսքով արդարացնելով իրենց կողմ քվեարկությունը, ու գնացին, որ հետո գա ՀՀԿ-ն:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ եկավ, բայց առանձնապես շատ բան չասաց ԵՏՄ-ի մասով, քանզի «ուտեչկան» իրենք էին գցել, ուստի իրենք արդարացման կարիք չունեն: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք շնորհակալություն հայտնե՞լ են ոչ իշխանական ուժերին՝ իրենց որոշմանը սատարելու եւ այս հիանալի կոնսենսուսն ապահովելու համար:



«Դա դեռ հարց է, թե ով ում պետք է շնորհակալություն հայտնի»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:



Միայն ամբողջ կազմով դեմ քվեարկած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եկավ ու «քլնգեց» բոլոր կողմ քվեարկողներին: «Դա տգիտության արդյունք է, եթե խղճի կամոք քվեարկվեր, ավելի շատ դեմ ձայներ կլինեին:



Խորհրդարանում լինում են դեպքեր, երբ ճակատագրական քվեարկություններ են լինում, եւ այդ դեպքում պետք է կուսակցական կոնյունկտուրայից դուրս գալ»,-հայտարարեց նա: