Դեղերի շուկայում մոնոպոլիա չկա՞

Դեղերի շուկայում մոնոպոլիա չկա՞

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ դեղատների բացվելու եւ փակվելու հարցն ազատ մրցակցության դաշտում է ձեւավորվում, եւ նախարարությունն այստեղ կանոնակարգում է ընդամենը դեղերի որակը՝ ըստ չափորոշիչների: Մինչդեռ, մեր տեղեկություններով, դեղարտադրող եւ ներմուծող ընկերություններ կան, որոնք որոշակի դեղատեսակների ներմուծման ու վաճառքի հարցում մոնոպոլիա ունեն եւ կարողանում են շուկայում գին թելադրել՝ կախվածության մեջ գցելով փոքր ու միջին դեղատներին:



«Ինչ վերաբերում է դեղորայքի գնային քաղաքականությանը, ապա էստեղ մոնոպոլիաներ չկան, Դուք գիտեք, որ բազմաթիվ ընկերություններ կան, որոնք ներկրում են դեղորայք Հայաստանի Հանրապետություն, եւ մենք քննարկում ենք շատ ակտիվ հարցեր՝ վերաբերող էսենցիալ փաթեթի, այսինքն՝ այն կենսունակությունն ապահովող դեղերի փաթեթի, որը որ հիմնականում յուրաքանչյուր երկրում ձեւավորվում է որպես պարտադիր մի փաթեթ, որով ապահովում ենք առողջապահական հիմնական ցուցանիշները»,-ասաց նախարարը, ավելացնելով, որ այս փաթեթի հետ կապված՝ իրենք քննարկում են տարբեր հնարավոր մոտեցումներ, ուսումնասիրվում է աշխարհի փորձը, թե ինչքանով կարող է պետությունն իր ազդեցությունն ունենալ գնագոյացման վրա:



Նշենք, որ, մեր տվյալներով, օրինակ, «Դեղաբազա Երեւան» եւ «Նատալի ֆարմ» ընկերությունները շատ հաճախ մեկ գիշերվա մեջ իրենց ներմուծած ու փոքր դեղատներին վաճառած դեղերի գները կարող են իջեցնել՝ տնտեսական ոչ շահավետ վիճակում դնելով իրենցից դեղ գնող ու վերավաճառող դեղատներին: Մյուս կողմից՝ մայրաքաղաքում մի շարք դեղատներ փակվեցին հենց խոշորների պատճառով: Օրինակ, Աբովյան փողոցի վրա՝ Շրջանայինի հայտնի գետնանցումին հարող տարածքում մի ժամանակ դեղատների շարք կար՝ մոտ 3-4 դեղատուն, որոնք բավականին բարձր սպասարկմամբ ու մատչելի գներով էին նույն դեղատեսակները վաճառում, ինչ քաղաքում հայտնի խոշոր դեղատների ցանցերը, սակայն տեւական ժամանակ է, ինչ այլեւս չեն գործում, այժմ դրանց փոխարեն մեկ դեղատուն կա այդ տարածքում՝ «Նատալի ֆարմը»: Այսպես է նաեւ քաղաքի մի շարք այլ հատվածներում՝ կենտրոնում, ծայրամասերում եւ այլուր: Այս քաղաքականությունը դեռեւս մարզեր չի հասել:



Սակայն նախարար Մուրադյանը տեղյակ չէ այս փաստերից, հետեւաբար, չի կարող մտահոգություն հայտնել փոքր ու միջին ձեռնարկատերերի՝ խոշորներին կուլ գնալու կապակցությամբ: «Ես Ձեր հիշողությունները չեմ կարող անալիզի ենթարկել, որովհետեւ ինձ համար դրանք, համենայնդեպս, ընկալելի չեն, չեք նշում, թե ինչի մասին է խոսքը, առարկայական եթե ներկայացնեք, ավելի էական կպատասխանեմ Ձեզ: Ինչ վերաբերում է նրան՝ խոշորները կլանում են, թե չէ, նրանց հնարավորությունների ու ռեալիզացիայի հետ կապված խնդիրները, անշուշտ, մեզ համար քննարկման առարկա կարող են լինել, եթե դա ազդի գնագոյացման վրա եւ լինի մոնոպոլ: Այսօր նման ծառայություններ՝ մոնոպոլ, մենք չենք դիտարկում դաշտում եւ կարծում ենք, որ համապատասխան պատկան մարմիններն ուշի ուշով հետեւում են այդ գործընթացներին»,-ասաց նա:



Այսինքն, այսօր մեր երկիր դեղերի ներկրման շուկայում որեւէ ընկերության կողմից մոնոպոլիա գոյություն չունի: Առողջապահության նախարարը պատասխանեց. «Ես նմանատիպ տվյալներ չունեմ, նախարարությունը չի տիրապետում, համենայնդեպս, լինելուն պես մենք միանգամից կներկայացնենք դա հակամենաշնորհային հանձնաժողովին»: