ԵԽԽՎ-ի բանաձևով մեր «խուլիգանները» քաղբանտարկյա՞լ են

ԵԽԽՎ-ի բանաձևով մեր «խուլիգանները» քաղբանտարկյա՞լ են

Ազգային ժողովում երեկ՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» 1900 բանաձեւի կատարման թեմայով: Լսումներին առանձնապես շատ մարդ չկար՝ մի երկու ոչ իշխանական պատգամավոր ու դրսից մի երկու մարդ, այդ թվում՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Ներկա չէր նույնիսկ Գագիկ Ջհանգիրյանը, ով ակտիվ է այս թեմաներով:



Ըստ վերոնշյալ բանաձեւում տեղ գտած սահմանման՝ այն անձը, ում անձնական ազատությունը սահմանափակվել է, համարվում է քաղաքական բանտարկյալ: Թե ինչ կտա այդ բանաձեւը մեզ, առանձնապես որեւէ լուրջ ակնկալիքներ չկան, բայց դե, թեմա էր, եկել քննարկում էին՝ ինչ-որ հույսեր ունենալով:



Բնականաբար, քաղբանտարկյալ ունենալը ոչ մի երկրի պատիվ չի բերում, ու նույնիսկ ակնհայտ փաստի դեպքում էլ ոչ մի պետություն, այդ թվում՝ մասնավորապես Հայաստանը, երբեւէ չի ընդունի, որ քաղբանտարկյալներ ունի: Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման ենթարկվածները երբեք չեն համարվել քաղբանտարկյալներ, այլ՝ «խուլիգաններ»: Այդպես է եղել եւ ՀՀՇ-ի թվերից, երբ դաշնակցականներին էին նստեցնում, կամ մարտի 1-ի գործերով դատապարտյալների դեպքում, վերջացրած Սերժ Սարգսյանի օրոք Շանթ Հարությունյանի եւ մյուսների դեպքերով:



Ժամանակին «քաղբանտարկյալի» կարգավիճակում եղած ու դրա «քաղցրությունը» ճաշակած անկախ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում նշեց հենց դա, որ բոլոր երեք նախագահների օրոք՝ սկսած 1994 թվականից, քաղբանտարկյալներ եղել են: «Վերջերս ֆեյսբուքյան ասուլիսում արդարադատության նախարարն ընդունեց, որ մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ: Մենք տարիներ շարունակ կարդում էինք «քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մարդիկ» եզրույթը: Բայց սա ընդամենը եզրույթ է: Հիմա այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Կան մարդիկ, որ տարբեր գնահատականներ են տալիս, բայց չափորոշիչները տրված չեն, որ մենք ամբողջության մեջ դիտարկենք, եւ եթե համապատասխանի դրանց, ասենք, որ այդ մարդը քաղբանտարկյալ է»,-ասաց Արզումանյանն ու հիշեց Շանթ Հարությունյանի գործը, որով, ըստ նրա, տեղի է ունեցել մի բան, որը երբեք չէր եղել մեր պատմության ընթացքում: Այն, որ Շանթի որդուն եւս դատապարտել են:



Արզումանյանը, սակայն, քաղբանտարկյալների հարցում որոշակի փոփոխություններ նկատում է: Նախ՝ որ քաղբանտարկյալների թիվն է պակասել: Բայց, ըստ նրա, քանի դեռ կա մեկ քաղբանտարկյալ, չենք կարող ասել, թե առաջընթաց ունենք. «Եթե հասարակության ինչ-որ շերտի մոտ կա կասկած, որ որեւէ մեկը քաղբանտարկյալ է, ուրեմն քաղբանտարկյալներ կան»:



Արզումանյանը նաեւ որոշակի դրական միտում է նկատում արդարադատության նախարարի մոտեցումներում, հատկապես, երբ նա հայտարարել է, թե ՀՀ-ում եղել են քաղբանտարկյալներ, այն էլ ոչ թե ՀՀՇ-ի ժամանակ, այլ Սերժ Սարգսյանի օրոք՝ մարտի 1-ի դեպքերից հետո: Թեպետ՝ ո՞վ գիտե, չի բացառվում, որ այսպիսի անկեղծության համար մի օր էլ ինքը՝ նախարար Մանուկյանը, քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնվի, բայց, օրինակ, Խաչիկյանի նման ինչ-որ «թեթեւ» կոռուպցիոն մեղադրանքով: Բայց քանի դեռ բանը դրան չի հասել, արդարադատության նոր՝ կրեատիվ մոտեցումներով աչքի ընկնող նախարարի տարբերությունը նախորդի համեմատ ակնհայտ է, ինչը նկատեց նաեւ հենց ինքը՝ ընդդիմադիր պատգամավորը, բայց վերապահումով՝ կապրենք, կտեսնենք:
Ըստ Ալեքսանդր Արզումանյանի՝ ոչ մի երկիր չի կարող ընդունել, որ քաղբանտարկյալ ունի, եւ այստեղ անձն ինքը պետք է հայտարարի, որ քաղբանտարկյալ է: Իսկ մարդուն կարող են դատել լրիվ այլ հոդվածով: Օրինակ՝ Շանթ Հարությունյանին դատեցին խուլիգանության հոդվածով: Տնտեսական՝ խարդախության հոդվածով էլ դատապարտեցին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, բայց նրա «հանցանքը» բացահայտվեց միայն այն ժամանակ, երբ ազատամարտիկն սկսեց ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալել:



Արզումանյանից հետո փորձեց ելույթ ունենալ նաեւ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ով իր պաշտոնեական դիրքից բխող ինչ-որ իրավական բաներ ասաց՝ խոսելով ԵԽԽՎ այդ բանաձեւի մասին, սակայն, ըստ էության, ոչինչ էլ չասաց:
Փոխնախարարի խոսքին փորձեց բովանդակություն հաղորդել Զարուհի Փոստանջյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպես է նա գնահատում այսօր ՀՀ-ում քաղբանտարկյալների վիճակը, ինչ պայմաններում են պահվում նրանք, եւ որոնք են լինելու նախարարության հետագա քայլերը, որպեսզի ՀՀ-ում բացառվի քաղբանտարկյալների առկայությունը: Արման Թաթոյանն ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցերին եւ գնահատականներ տալ, որովհետեւ իրավական հիմքեր չունի, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան:



Քննարկմանը ներկա միակ ՀՀԿ-ականը նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն էր, ով իր հարցում ընդամենը նշեց, որ այնքան էլ համաձայն չէ Արզումանյանի հայտնած տեսակետին, թե քաղբանտարկյալն այն անձն է, ով իրեն հայտարարում է քաղբանտարկյալ, ու ներողություն խնդրեց, որ ստիպված է լքել քննարկումը, քանզի մեկ այլ՝ շատ կարեւոր հանդիպման պետք է գնա:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ