Աստանան այսօր տապալեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը

Աստանան այսօր տապալեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը

Դժվար է կռահել, այս Ամանորին` իր ավանդական հեռուստատեսային ուղերձում ինչ է ճառելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց այդ պահին իմաստ կունենա մտովի շնորհակալություն հայտնել եւ արեւշատություն մաղթել Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւին, որովհետեւ ակնհայտորեն, ոչ թե Սարգսյանը, այլ Նազարբաեւն է Հայաստանը փրկում Եվրասիական թյուրիմացությունից:



Ի՞նչ է այսօր արել Նազարբաեւը: Մի ֆրազով` այսօր գործնականում վերջնաժամկետն էր, երբ Հայաստանի` ԵՏՄ պայմանագրի միանալու մասին պայմանագիրը կարող էր ներկայացվել Ղազախստանի խորհրդարանին, որպեսզի թեկուզ տիեզերական արագություն զարգացնելու գնով, հնարավոր լիներ մինչեւ տարեվերջ պայմանագիրը վավերացնել: Առավոտյան պարզ դարձավ, որ վերջնագիծը հատվել է, պայմանագիրը չի ներկայացվել Ղազախստանի խորհրդարան:



Իհարկե, պայմանագիրը ներկայացնելը դեռ չէր էլ նշանակում, թե այն անմիջապես շրջանառության մեջ կդրվեր, առավել եւս` Մեջլիսի առաջիկա նիստում կքննարկվեր, էլ ուր մնաց քննարկումները մի օրում ավարտվեին, վերպահումներ եւ առարկություններ չլինեին եւ պայմանագիրն էլ հաստատվեր, ուղարկվեր Սենատ: Նման հեքիաթ անգամ Գրիմ եղբայրների երկերում չի պատահում: Բայց հրաշալին այն է, որ Հայաստանի պայմանագիրը առհասարակ չի էլ ներկայացվել Մեջլիս, երբ դրանից հետո էլ դեռ կա Սենատ:
Ղազախստանի սահմանադրության համաձայն այդ երկրի խորհրդարանը կազմված է երկու պալատներից` Մեջլիս եւ Սենատ: Դարձյալ համաձայն սահմանադրության` Մեջլիսի նիստեր գումարվում են միայն չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին:



Ելնելով այդ դրվածքից ամեն ուրբաթ, բնականաբար նաեւ այսօր, Մեջլիսի կայքում հրապարակվում է օրինագծերի ցանկը, որոնք մուտք են արվել Մեջլիս եւ առաջիկա մի քանի ամսում քննարկվելու են: Հասկանալիորեն, եթե օրինագիծը ուրբաթ օրը հապարակված ցանկում չկա, այն չի կարող հաջորդ չորեքշաբթի կամ հինգշաբթի քննարկվել Մեջլիսի նիստերում: Ինչպես ասվեց, Հայաստանի` ԵՏՄ պայմանագրին միանալու մասին փաստաթուղթը արդեն չկա այսօր հրապարակված ցանկում:



Այժմ եթե նույնիսկ Հայաստանի պայմանագիրը հաջորդ ուրբաթ օրվա, այսինքն` դեկտեմբերի 19-ի ցանկով Մեջլիսում դրվի շրջանառության մեջ, դրան հաջորդող չորեքշաբթի-հինգշաբթի օրերին էլ` դեկտեմբերի 24-25-ին Մեջլիսում նիստեր լինեն, եւ մի անիրական, երեւակայական սցենարով պայմանագիրը քննարկվի, նույնիսկ ընդունվի, այն այլեւս չի հասնի Սենատում քննարկվելու: Սենատի վերջին նիստը դեկտեմբերի 25-ին է: Դրանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է պայմանագիրը վավերացված լիներ Մեջլիսում, որպեսզի ուղարկվեր Սենատ, այնտեղ ստացվեր, Սենատի բյուրոյի նիստով անցներ եւ հասներ Սենատի քննարկման:



Այժմ այդ ամենը անհնար է: Այդքանով էլ Հայաստանի` ԵՏՄ պայմանագրին միանալը գործնականում տապալված է:



Ի դեպ նույնպիսի իրադրություն էլ Բելառուսի խորհրդարանում է, որովհետեւ դա էլ երկպալատ խորհրդարան է եւ ստորին` Ներկայացուցիչների պալատի հաջորդ նիստը դեկտեմբերի 17-ին է, իսկ վերջին նիստերի սահմանադրական ժամկետը թե ստորին, թե վերին պալատների համար դեկտեմբերի 19-ն է: Վերջնաժամկետը սահմանադրական է, հաշվարկվում է «Խորհրադարանի աշնանային նստաշրջանը սկսվում է հոկտեմբերի 2-ից եւ չի կարող տեւել ավելի քան 80 օր» սահմանադրական կարգավորմամբ, ինչն ի դեպ երբեք չի խախտվել:



Այնպես որ բոլոր ժամկետները Բելառուսի մասով ավարտվում են հաջորդ շաբաթ, իսկ Ղազախստանն իր մասով, կարելի է արձանագրել, որ արդեն տապալեց Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի վավերացումը:



Ովքեր էլ ծանոթ են 2014-ի մայիսին Աստանայում կնքված ԵՏՄ պայմանագրին, հատկապես դրա 108 հոդվածին, գիտեն, որ ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը կամ պետք է բոլոր չորս երկրներում վավերացվեր մինչեւ 2015-ի հունվարի 1-ը, կամ էլ այն մի կողմ է շպրտվելու:



2015-ի հունվարի 1-ից ԵՏՄ-ն կսկսի գործել, այդքանով էլ ԵՏՄ պայմանագիրը կմտնի ուժի մեջ, եւ դրա 108 հոդվածի կարգավորումներին բացարձակապես չհամապատասխանող, գրեթե ԵՏՄ հիմնադիր անդամի կարգավիճակի հավակնող Հայաստանի պայմանագիրը ինքնաբերաբար կդառնա ԵՏՄ պայմանագրին հակասող` բոլոր հետեւանքներով: