Վեհափա՛ռ, Ձեր գրություններեն զգալի է, որ Աթոռներուն կը վերաբերիք որպես թեմեր

Վեհափա՛ռ, Ձեր գրություններեն զգալի է, որ Աթոռներուն կը վերաբերիք որպես թեմեր

Հազիվ որեւէ մեկը կարող է հիշել դեպք, երբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Երուսաղեմի կամ Կոստանդնուպոլսի Հայոց Նվիրապետական Աթոռների միջեւ տարաձայնությունները հրապարակային բնույթ ստացած լինեն: Անցյալ դարի կեսերին, երբ 1956-ի Անթիլիասի դեպքերից հետո տարիներ շարունակ բացարձակապես խզված էին հարաբերությունները Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների միջեւ, Երուսաղեմի Հայոց Եղիշե Տերտերյան պատրիարքն է կամրջել անդունդը եւ կազմակերպել կաթողիկոսների խորհրդանշական ձեռքսեղմումը 1963-ին: Աթեիստական ԽՍՀՄ-ի հալածանքերի տարիներին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանն է հոգեւորականներ կրթել ու մեծապես կանգուն պահել էջմիածնական թեմերը սփյուռքում:



Հետեւաբար, ի՜նչ քայլ պետք է կատարած լինեին Մայր Աթոռի միաբանները, ինչպե՜ս պետք է հատեր Երուսաղեմի Հայոց Պատրիարքի համբերությունը, որ նա իր հայտնի նամակը գրեր Վեհափառին: Մի կողմ թողնելով անհարգալից ոճի հանգամանքը, արդյո՞ք իրականությանը համապատասխանում է նամակի առանցքային ամբաստանությունը, այն է` Մայր Աթոռը փորձել եւ փորձում է Երուսաղեմի եւ Պոլիսի Հայոց պատրիարքություների ինքնավարությունը կրճատել, գույները փոքր-ինչ խտացնելիս` Նվիրապետական Աթոռները թեմերի հավասարեցնել:



Հատկապես այս հարցի պատասխանը ստանալու համար հարցազրույց խնդրեցինք Սբ. Հակոբյանց Միաբանությունից: Նուրհան Պատրիարքը արտերկրում էր եւ մեր հարցերին սիրահոժար պատասխանեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետը` Գերաշնորհ Տեր Արիս Արքեպիսկոպոս Շիրվանյանը:



Ինչպես պարզվեց, այսօրվա դիմակայությունից դեռ մեկեւկես տասնամյակ առաջ, 2000թ-ին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը` Մեսրոպ Արք. Մութաֆյանը պաշտոնապես հետեւյալն է գրել Գարեգին Երկրորդ Վեհափառին. «Մի քանի կէտեր կան սակայն, զորս պիտի փափաքէինք յանձնել Ձերդ Սրբութեան նկատառման: Ձեր Հմր. 1002 եւ 1669 գրութիւններէն զգալի է, որ Պատրիարքական Աթոռներուն կը վերաբերիք որպէս թեմական առաջնորդութիւններ, ինչ որ ներհակ է Հայ առաքելական Եկեղեցւոյ աւանդութիւններուն…»: Ո՞վ ի Հայաստան կամ ի սփյուռս աշխարհի կկասկածի Մութաֆյան Պատրիարքի ընկալման ճշգրտությանը:



Հարցազրույցը Արիս Արքեպիսկոպոսի հետ կհրապարակվի «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում: