Վարչապետի այցով կլուծվի՞ ջավախահայերին հուզող խնդիրը

Վարչապետի այցով կլուծվի՞ ջավախահայերին հուզող խնդիրը

Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու օր առաջ պաշտոնական այցով մեկնել էր հարեւան Վրաստան, որտեղ հանդիպել էր իր պաշտոնակցի՝ Իրակլի Ղարիբաշվիլու, ինչպես նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ:



Մինչ մեկնումը, մի խումբ ջավախահայեր բաց նամակ էին հղել վարչապետին՝ խնդրելով վրաց իշխանությունների մոտ բարձրացնել իրենց հուզող մի շատ կարեւոր խնդրի մասին: Խոսքը ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու արգելքի մասին է, որի հետ կապված՝ լուրջ խնդիրներ են առաջացել:



Նշենք, որ այս խնդրի մասին բարձրաձայնվել էր նաեւ այս տարվա աշնանն ԱԺ նախագահի Վրաստան կատարած այցի ժամանակ, եւ խոստացել էին լուծում տալ, սակայն որեւէ լուծում չտրվեց, միայն լուծվեց ՀՀ երկու ջավախահայ պատգամավորների Վրաստանի տարածք մուտքի արգելքը հանելու հարցը: Հուսահատ ջավախահայերն այս անգամ էլ որոշեցին «ուժերը փորձել» վարչապետի միջոցով, որ գուցե այս անգամ հարցին լուծում տրվի: Կառավարության պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ խնդրի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձրաձայնել է իր վրացի պաշտոնակցի մոտ:



Վերջինս տեղեկացրել է, որ Վրաստանի միգրացիոն քաղաքականության օրենսդրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ, վրացական կողմը բանակցությունների ընթացքում խոստացել է, որ մինչեւ 2015թ. առաջին եռամսյակի ավարտը բարձրացված բոլոր խնդիրներին լուծում կտրվի օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Նկատենք, սակայն, որ մինչեւ այդ Վրաստան մուտք ու ելք անող ՀՀ քաղաքացիները կշարունակեն զրկանքներ կրել՝ մեծ տուգանքների ու Վրաստանի տարածք մի քանի ամսով մուտք գործելու հնարավորությունից զրկվելու տեսքով:



ԱԺ ջավախայ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը, ով եւս ԱԺ նախագահի պատվիրակության կազմում էր, այցից հետո հույսով էր խոսում, որ արդյունքներ կլինեն, եւ ջավախահայերի խնդիրները կլուծվեն: Բայց, ինչպես տեսնում ենք, սայլը տեղից չշարժվեց, եւ շահագրգիռ անձինք հիմա էլ հույսը դրել են վարչապետի այցի վրա:



«Գալուստ Սահակյանի այցի ժամանակ խոստացան, բայց կոնկրետ ժամկետ չի ֆիքսվել, ես կարծում եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցի ընթացքում նույնպես խորությամբ քննարկվել է հարցը, եւ ակնկալվում է, որ լուծում կտրվի այդ խնդրին»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝ հաստատելով մեր մտահոգությունը, որ մինչեւ հաջորդ տարվա առաջին եռամսյակը ՀՀ քաղաքացիները կշարունակեն այդ զրկանքները կրել, ուստի ցանկալի է արագացնել հարցի լուծումը. «Յուրաքանչյուր օրվա ուշացումն անցանկալի է մեզ համար եւ Վրաստանի այն ազգաբնակչության համար, որոնք ունեն այդ երկրի քաղաքացիություն: Դա գերխնդիր է, եւ ես էլի եմ ասել, որ դա համարվում է թիվ մեկ խնդիրը կոնկրետ ջավախահայության համար»:



Վարդապետյանը, սակայն, նշեց, որ ինքը վրացական իշխանությունների կողմից բարի կամքի դրսեւորում է նկատում այս խնդիրների լուծման հարցում եւ հուսով է, որ նրանք հայերի օգտին լուծումներ կտան:



Քաղաքագետ, ծնունդով կրկին Ջավախքից Լեւոն Շիրինյանը, սակայն, այդքան էլ լիահույս չէ, որ խոստացված ժամկետում Վրաստանի իշխանություններն այս հարցը կլուծեն: Նրա կարծիքով՝ պետք է ճնշում գործադրվի Վրաստանի իշխանությունների վրա, որ նոր նրանք ստիպված ինչ-որ դրական քայլեր կատարեն նման լուրջ հարցերում: «Եթե ճնշում չլինի Վրաստանի վրա Հայաստանի կողմից՝ համագործակցաբար Ռուսաստանի հետ, ոչ մի հարց չի լուծվի, ներսից էլ, ես ինչքան տեղյակ եմ, տեղի ժողովուրդն ի վիճակի չէ ճնշում գործադրել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այսպիսի բարիդրացիական հանդիպումներն ընդամենը «բաժակաճառային» հանդիպումներ են, եւ դրանց մեջ ոչ մի բարիդրացիական բան չկա: