ՀԾԿՀ-ի կամայական որոշումները կարող են առանց ջեռուցման թողնել Ավանի բնակիչներին

ՀԾԿՀ-ի կամայական որոշումները կարող են առանց ջեռուցման թողնել Ավանի բնակիչներին

Երեւանի Ավան վարչական շրջանում տեղակայված ջերմաէլեկտրակայանի մասին մենք ժամանակին գրել էինք: Այն շահագործում է «ՀայՌուսկոգեներացիա» ՓԲԸ-ն:Ջերմաէլեկտրակայանը տարածաշրջանում եզակի կառույց է, որը ռուսաստանցի խոշոր ներդրողների ջանքերով Հայաստանում ստեղծվել եւ 2009-ից՝ մասամբ, իսկ 2012-ից լիարժեք գործում է: Կայանն էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրություն է իրականացնում՝ Ավան համայնքի 39 բազմաբնակարան շենքերի մոտ 3 հազար բնակչի ապահովելով կենտրոնացված ջեռուցում եւ տաք ջուր: Նաեւ ջերմային էներգիայի փոխակերպմամբ էլեկտրաէներգիա է արտադրում՝ վաճառելով այն ՀԷՑ-ին, որպեսզի ստացված գումարով փակի իր սպառած գազի եւ մյուս ծախսերը:



Այս ընկերության մասին դրվատանքի խոսքերով ու բարձր գնահատականով անդրադարձ է եղել նույնիսկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում: Նաեւ բազմաթիվ փորձագետներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, այցելելով Հայաստանում գտնվող այս կայան, իրենց հիացմունքն են արտահայտել՝ 100 տոկոսանոց արդյունավետությամբ գնահատելով ժամանակակից տեխնոլոգիաների այսպիսի գործարկումը: Կայանի գործունեությունը, սակայն, լավագույնս գնահատում են Ավանի բնակիչները՝ իրենց գոհունակությունը հայտնելով ընկերությանը, որ տարին կլոր մատչելի ու անվտանգ պայմաններով շուրջօրյա տաք ջուր ունեն իրենց բնակարաններում, իսկ ձմեռներն էլ՝ կենտրոնացված ջեռուցում: Մի քանի բնակիչների շրջանում կատարած մեր հարցումները հաստատեցին նրանց գոհունակությունը, որ այս կայանով իրենց տները ջեռուցելը գազի համեմատ ավելի էժան ու որակյալ է ստացվում:



Այսպիսի կայանների գործարկումն ամբողջ աշխարհում այսօր արդեն հրամայական է, այս կայանը, փաստորեն, տարածաշրջանում առաջինն է հասել Հայաստան: Դեռ 2000-ականների սկզբներին այս նախագծին իր հավանությունն էր տվել լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Այսօր, սակայն, «ՀայՌուսկոգեներացիայի» առաջ ինչ-որ անհասկանալի, տարօրինակ խոչընդոտներ են ստեղծվում: Ամիսներ առաջ Մաքսային կոմիտեն էր 1.5 միլիոն դոլարանոց նոր գեներատորի մաքսազերծման հետ կապված խնդիրներ առաջացրել՝ մաքսավորների ոչ պրոֆեսիոնալ, փնթի աշխատանքի արդյունքում, որն այդպես էլ լիարժեք չլուծվեց: Այսօր էլ Ռոբերտ Նազարյանի գլխավորած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է (ՀԾԿՀ) ինչ-որ արհեստական բարդություններ ստեղծում:



Բանն այն է, որ կառավարությունից ու այլ պետական մարմիններից այս նախագծին միշտ էլ աջակցություն եղել է, որեւէ խնդիր չեն ունեցել նրանք, նորմալ աշխատել են, քանզի պետական մակարդակով գիտակցել են այս ամենի կարեւորությունն ու ժողովրդին օգտակարությունը: Արդյունքում՝ ՀԾԿՀ-ն 15 տարի ժամկետով պայմանագիր է կնքել՝ մինչեւ 2026 թվականը գործունեության լիցենզիա տրամադրելով «ՀայՌուսկոգեներացիա» ՓԲԸ-ին: Մյուս կողմից էլ, ընկերությունը 2011 թվականին կառավարության N509Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) 5 տարի ժամկետով էլեկտրաէներգիա վաճառելու երաշխիք է ստացել: Այդ վաճառքով նա վճարում էր իր սպառած գազի դիմաց, քանի որ բնակիչներից ստացված գումարներն այդ ծախսերը չեն փակում: Այսօր, սակայն, ՀԾԿՀ-ից որոշել են, որ այդ երաշխիքի պայմանագրի ժամկետը լրացել է, եւ պետք է նոր պայմանագիր կնքեն, սակայն նորի կնքումը թողել են ՀԷՑ-ի հայեցողությանը՝ կնքել կամ հրաժարվել էլէներգիա գնելուց:



ՀԾԿՀ-ն, սակայն, այդ 5 տարին հաշվարկել է 2009 թվականից, երբ ընկերությունը դեռ լիարժեք չէր գործում, մինչդեռ երաշխիքը, ինչպես նշվեց վերեւում, տրվել էր ավելի ուշ, եւ դեռ ժամկետը չի լրացել: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ պայմանագրի երկարացման խնդիր, ըստ էության, իրենք չեն տեսնում, գլխավոր խնդիրն այն է, որ դա կարող է ձգձգվել, եւ մինչ նոր առքուվաճառքի պայմանագրի կնքումը ջերմակայանը կարող է կանգնել, քանի որ, չվաճառելով իր էլեկտրաէներգիան եւ դրանից գումար չստանալով, չի կարողանա նաեւ վճարել ծախսած գազի դիմաց: Արդյունքում՝ կայանը կկանգնի, եւ բնակիչներն այս ցրտին կմնան առանց ջեռուցման: Բացի դա, ընկերությունն այդ ընթացքում կկրի հսկայական ֆինանսական վնաս:



Այս ամենը, իհարկե, ՀԾԿՀ-ում կարծես թե չեն հաշվարկել, ու իրենց դա չի էլ մտահոգում: Ուշագրավ է, որ այդ որոշման մասին «ՀայՌուսկոգեներացիայում» պատահական են իմացել՝ բանավոր խոսակցությունների արդյունքում:



Մեկ այլ տարօրինակ հանգամանք եւս: Դեկտեմբերի 5-ին ՀԾԿՀ-ից ծանուցագիր է ուղարկվել «ՀայՌուսկոգեներացիա» ՓԲԸ (ծանուցագրի պատճենը մեր տրամադրության տակ է), որով խնդրում են հնգօրյա ժամկետում ներկայացնել ընկերության վերջին երեք տարիների ֆինանսական հաշվետվությունը, քանի որ Վերահսկիչ պալատն ստուգումներ է անցկացնելու իրենց մոտ, ու հենց «ՀայՌուսկոգեներացիա» ՓԲԸ-ն են ստուգելու ՀԾԿՀ-ի շրջանակներում:
ՀԾԿՀ լրատվական բաժնից մեզ մի քանի «պրոֆեսիոնալ» մասնագիտական խորհուրդներ տալուց հետո հորդորեցին գրավոր դիմել: Վերահսկիչ պալատից էլ պատրաստակամությամբ ճշտեցին ու մեզ բանավոր ասացին, որ իրենց մոտ նման ստուգումների որոշում չկա, նույնիսկ զարմացան մեր հարցից` նշելով, որ իրենք առաջիկայում չեն պատրաստվում որեւէ տեսակի ստուգում իրականացնել ո՛չ ՀԾԿՀ-ում, ո՛չ, առավել եւս, «ՀայՌուսկոգեներացիա»-ում: ՀԾԿՀ-ում ստուգումների պլաններ, սակայն, կան, բայց դա դեռ պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից, ու հնարավոր է, որ տեղի ունենա 2015 թվականին:



Մինչ երեկ կփորձեինք գլուխ հանել այս ամենից, թե ինչու է ՀԾԿՀ-ն ինքնագլուխ որոշել, որ Վերահսկիչ պալատը պետք է ստուգի իրենց ու տվյալ ընկերությանը, եթե ՎՊ-ից կտրականապես հերքում են դա, «ՀայՌուսկոգեներացիա» ՓԲԸ է զանգահարում Վերահսկիչ պալատի 9-րդ վարչությունից Աշոտ Գեւորգյանը: Վերջինս հաշվետվության վերաբերյալ ինչ-որ պարզաբանումներ է տալիս, թե ստուգման համար հատկապես ինչ հաշիվներ են իրենց անհրաժեշտ: Փաստորեն, Վերահսկիչ պալատից մեզ տված պատասխանը, թե որեւէ ստուգում չկա, հակասում է իրենց իսկ աշխատակցի զանգին տվյալ ընկերություն:



ՀԳ. Մի բան հստակ է. ցանկացած բյուրոկրատական քաշքշուկ, ի վերջո, հանգեցնում է հիասթափության պետական ապարատից, բացի այդ, իր հետ կարող է բերել նաեւ լուրջ վնասներ: Այս դեպքում գլխավոր վնաս կրողը լինելու է հասարակ քաղաքացին, Ավան համայնքի այն 3 հազար բնակիչները, որոնք մի քանի տարի շարունակ օգտվել են այս ընկերության ծառայություններից, ստացել շուրջօրյա անխափան տաք ջուր եւ ջեռուցում, ու այսօր, եթե հանկարծ կայանը կանգնի առժամանակ, ձմռան ցրտին առանց ջեռուցման մնացած այդ բնակիչներին հնարավոր չէ բացատրել, որ ՀԾԿՀ-ն ինչ-որ անհասկանալի որոշումներ է կայացրել, դրա համար է կայանը կանգնել:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ