Եթե հակառակորդ լիներ, մեծ սիրով կպայքարեի, կհաղթեինք, կշնորհավորեին․ Չարենցավանի քաղաքապետ

Եթե հակառակորդ լիներ, մեծ սիրով կպայքարեի, կհաղթեինք, կշնորհավորեին․ Չարենցավանի քաղաքապետ

Չարենցավանի գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը այսօր քաղաքում ընթացող համայնքի ղեկավարի ընտրությունենրում միակ թեկնածուն է։ Վերջինս երրորդ անգամ է ցանկանում ստանձնել Կոտայքի մարզի այս ոչ մեծ քաղաքի ղեկավարի պաշտոնը։ Նա Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի որդին է։ Կ․ Շահգալդյանը շուրջ 14 տարի ղեկավարել է այս մարզը, իսկ մինչ մարզպետ դառնալը, հասցրել է նաև կարճ ժամանակով Չարենցավանի քաղաքապետ լինել։ Դրանից հետո Ռուդոլֆ Մնացականյանն է զբաղեցրել քաղաքապետի աթոռը, իսկ 2007 թվականից առ այսօր Չարենցավանի քաղաքապետը Հակոբ Շահգալդյանն է, ով մինչ այդ եղել է «Արմավտո» ԲԲԸ գլխավոր տնօրեն։ Հակոբ Շահգալդյանի դեմ այս անգամ որևէ մեկը չցանկացավ թեկնածություն առաջադրել՝ նրան թողնելով միայնակ պայքարում։ Անցյալ անգամ նրա դեմ անկուսակցական մի թեկնածու կար պայքարող, ով, սակայն, զգալի տարբերությամբ պարտվեց։ Այս անգամ էլ կրկին անկուսակցական մի երիտասարդ «մրցակից» կարճ ժամանակով հայտնվեց՝ ինքնառաջադրվելով, սակայն շատ շուտ ինքնաբացարկ հայտարարեց։ Նա 25-ամյա Արտավազդ Ալեքսանյանն էր, ով Շահգալդյանների բարեկամներից է և աշխատում է մասնավոր ընկերությունում՝ որպես հերթափոխի պետ։ Մի պահ խոսակցություններ տարածվեցին նաև, որ իր թեկնածությունը կարող է առաջադրել ՀՀԿ-ական պատգամավոր, Չարենցավանի նախկին քաղաքապետ Վարդան Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը։ Սակայն այս ամենը մնաց սոսկ խոսակցություն։



Հակոբ Շահգալդյանի նախընտրական շտաբում այսօր ցերեկը բավականին բազմամարդ էր․ բացի քաղաքապետից ու նրա անմիջական թիմակիցներից, այնտեղ էին նաև նրա հայրը՝ Կովալնեկո Շահգալդյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը և Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը։ Հարևան քաղաքների քաղաքապետերը եկել էին սատար կանգնելու իրենց 8-ամյա քաղաքապետությամբ գործընկերոջը, ով նորից է ուզում շարունակել իր գործը նույն պաշտոնում։
Վերջինիս մի քանի հարց ուղղեցինք իր թեկնածության, պայքարում միայնակ մնալու և հետագա հավակնություննեի շուրջ։ Նա նշեց, որ չի պատրաստվում մշտապես ստանձնել այս պաշտոնը, բայց այս անգամ մտադիր է դեռևս պահպանել քաղաքապետի իր աթոռը։



-Պարո՛ն Շահգալդյան, տարօրինակ չէ՞, որ միայնակ մնացիք պայքարում։



-Ի՞նչ ասեմ, թող ժողովուրդը, բնակիչները ասեն, ես էդտեղ տարօրինակություն չեմ տեսնում, որովհետև բնակիչներն իմ աշխատանքը գնահատեցին։



-Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն, որ մի թեկնածու կար, ով, սակայն, հրաժարվեց պայքարից՝ ինքնաբացարկ հայտարարելով։



-Ես չեմ կարող ասել․․․ համոզվեց, որ ինքը չի կարող տվյալ պարագայում հաղթել ինձ։



-Մամուլը գրեց, որ նա Ձեր բարեկամն է, և ուղղակի ձևական բնույթ էր կրում նրա առաջադրումը։



-Իմաստը ո՞րն է ձևական լինելու։



-Որպեսզի պայքարի ու մրցակցության իմիտացիա ստեղծվեր։



-Պայքարի իմտացիա ստեղծելու համար կմնար, էլի, մինչև վերջ։



-Որպես նախկինում արդեն երկու անգամ հաղթած թեկնածու՝ Ձեզ համար անսովոր կամ անհարմար չէ՞, որ չեղած հակառակորդին եք հաղթելու։



-Եթե հակառակորդ լիներ, մեծ սիրով կպայքարեի, կհաղթեինք, կշնորհավորեին․․․ ի՞նչ անեմ, հիմա, ինձանից կախված չի։



-Ըստ էության՝ պայքարում եք ոչ մեկի դեմ։



-Ես ընդհանրապես պայքար չեմ անում, ես ուղղակի ընտրության եմ մասնակցում և փորձում եմ ընտրվել մի համայնքի ղեկավար, որտեղ արդեն 8 տարի հանդիսանում եմ համայնքի ղեկավար։



-Այս անգամ հատկապես ինչի՞ համար պետք է Ձեզ ընտրի չարենցավանցին։



-Դա չարենցավանցին թող ասի՝ ինչի համար պիտի ընտրի, ես որտեղի՞ց ասեմ։



-Անկախ նրանից՝ ինչպիսի քաղաքապետե եք եղել, այդուհանդերձ ժողովրդի շրջանում տարածված է այն գաղափարը, որ այս պաշտոնը կարծես սերնդե սերունդ փոխանցվում է Ձեր ընտանիքին։



-Այսինքն՝ ո՞նց սերնդե սերունդ։ Ինձանից առաջ հայրս չի եղել, այլ եղել է Ռուդոլֆ Մնացականյանը, իմ հայրն ընդամենը մի տարի է եղել քաղաքապետ։



-Ասածս այն է, որ Ձեր հայրն էլ է եղել Չարնեցավանի քաղաքապետ, հիմա էլ Դուք եք՝ իր որդին, և Դուք էլ արդեն երրորդ անգամ եք ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը։



-Հիմա Դուք չէի՞ք ուզենա, որ Ձեր տղան էլ Ձեր գործը շարունակեր։



-Եթե իմ տղան կարողանա իմ գործը լավ շարունակել, միգուցե․․․



-Նույնն էլ իմ հայրն է երևի ցանկացել։



-Իշխող Հանրապետական կուսակցության աջակցությունը, ըստ Ձեզ, իր հերթին գործոն չի՞ հանդիսացել, որ Դուք կրկին առաջադրվեք՝ վստահ լինելով, որ կանցնեք։



-Նախևառաջ ինձ թվում է, որ համայնքի ղեկավար պետք է նախ աշխատել, իսկ աջակցությունը երկրորդական հարց է։ Պետք է դու՝ որպես համայնքի ղեկավար, կայանաս ու փորձես աշխատել։



-Հաջորդ ընտրություններին և՞ս կառաջադրեք Ձեր թեկնածությունը՝ այս պաշտոնը մշտապես ստանձնելու ցանկությամբ։



-Ես մշտապես չեմ պատրաստվում ստանձնել այս պաշտոնը, ժամանակը կգա, բարին էլ հետը։



-Այսինքն՝ հնարավոր է, որ մյուս ընտրություններին հրաժարվե՞ք առաջադրվելուց։



-Չեմ կարող ասել, հնարավոր է և հրաժարվեմ։



-Դա կարո՞ղ է կախված լինել քաղաքական գործընթացների փոփոխությունից։



-Ժամանակը ցույց կտա ամեն ինչ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ