Անպատվաբեր չէ՞ մեր պետության ու գլխավոր դատախազի համար, որ Հայաստանի դեմ վճիռներ են լինում ՄԻԵԴ-ում

Անպատվաբեր չէ՞ մեր պետության ու գլխավոր դատախազի համար, որ Հայաստանի դեմ վճիռներ են լինում ՄԻԵԴ-ում

Եվրոպական դատարանի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն` 2002 թվականից 2014 թվականի սեպտեմբերի դրոթյամբ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան երկու հազար գանգատ: 2014 թվականի նոյեմբերի մեկի դրությամբ ՀՀ վերաբերյալ կայացվել է 49 վճիռ:




Այս մասին այսօր ՄԻԵԴ-ում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման թեմայով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Կոստանյանն ասաց, որ եթե Հայաստանում քաղաքացին չի կարողանում իր ոտնահարված իրավունքները վերականգնել ու ստիպված դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, դա նշանակում է, որ մեր դատական համակարգը ի զորու չի եղել ներսում հարցը լուծել։




Hraparak.am-ի հարցին, թե անպատվաբեր չէ՞ մեր պետության ու անձամբ նաև իր համար՝ որպես գլխավոր դատախազ, որ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում իրենց հարցերը լուծել մեր դատական համակարգում՝ արդարադատության դեֆիցիտի կամ այլ պատճառով ու ստիպված դիմում եմ ՄԻԵԴ, ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ դա պետության պատվի և արժանապատվության հետ առնչություն չունի, որովհետև եթե անձը դիմում է Եվրոպական դատարան, դա դեռևս չի նշանակում, որ ներպետական ատյանները պատշաճ չեն քննել իր գործը։




Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյոք իր համար՝ որպես դատախաղ, նույնպե՞ս անպատվաբեր չէ, Գ․ Կոստանյանն ասաց․ «Որպես դատախազ՝ ինձ հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի, ու Դուք չեք կարող որևէ կապ ստեղծել, որովհետև կապը արդեն ասացի, որ խոսքը վերաբերում է օրենսդրությանը։ Եթե օրենսդրությունը դեռևս չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, որովհետև մենք 2002 թվականից անդամակցում ենք Եվրոպայի խորհրդին, և սա բավականին երկար ժամանակ և պրոցես է, որպեսզի մենք կարողանանք շտկել մեր օրենսդրությունը՝ առավելագույնս համապատասխանեցնելով եվրոպական նախադեպերին և կոնվենցիայի պահանջներին»։
Բացի այդ, պարոն Կոստանյանը նշեց, որ Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու զարգացած այլ ժողովրդավարական երկրների դեմ նույնպես վճիռներ են լինում, և ավելի մեծ քանակությամբ վճիռներ, քան Հայաստանի դեմ եղածներն են։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ