ԵՏՄ անդամակցության վերջնագիծ. Հետհաշվարկ՝ օր 3

ԵՏՄ անդամակցության վերջնագիծ. Հետհաշվարկ՝ օր 3

Թե ուր հասավ Հայաստանի` ԵՏՄ պայմանագրին միանալու գործընթացը, կարելի է վերջնականապես ու հաստատապես ասել դեկտեմբերի 19-ի կեսօրին: Եթե դեկտեմբերի 19-ի դրությամբ Բելառուսի խորհրդարանի թե Ներկայացուցիչների պալատը, թե Հանրապետության խորհուրդը, Ղազախստանի խորհրդարանում էլ առնվազն Մեջլիսը վավերացրած չլինեն պայմանագիրը, այնուհետ մինչեւ տարեվերջ ՌԴ իշխանությունները Լուսին էլ թռչեն` չեն կարող ոչինչ փոխել:



Երեկվա դրությամբ պայմանագիրը ներկայացված չէր Բելառուսի խորհրդարան: Ղազախստանի խորհրդարան էլ ներկայացվեց երեկ (ենթադրելի է` SOC-ի համաժողովի առթիվ Ղազախստան ժամանած ՌԴ վարչապետի կենաց-մահու ջանքերի գնով), բայց… ընդամենը ներկայացվել է, դեռ շրջանառության մեջ էլ դրված չէ: Եվ քանի որ մեզ դեկտեմբերի 19-ի վերջնագծից բաժանում են հաշված օրեր, մինչեւ ուրբաթ ամենօրյա ռեժիմով կհետեւենք, թե ինչ է կատարվում ՀՀ-ԵՏՄ պայմանագրի շուրջ Ղազախստանում եւ Բելառուսում` վարելով հետհաշվարկ:



ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՉԷՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵԴՎԵԴԵՎԻ ԼՈՒՐԸ



Ինչպես հայտնի է, կիրակի օրը SOC-ի (Շանհայի համագործակցության կազմակերպության) համաժողովի առիթով Աստանա ժամանած Չինաստանի եւ Ռուսաստանի վարչապետներն առանձնազրույցներ էին ունեցել Նազարբաեւի հետ, ինչից հետո էլ ՌԴ վարչապետի կայքը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի, իբր Մեդվեդեւի հետ հանդիպմանը իր ողջույնի խոսքում Նազարբաեւն ասել է.



« И 23-го будет встреча в Москве, мы ратифицируем вход Армении. Может быть, Кыргызстан будет готов к этому времени ».
Մեդվեդեւը հորինե՞լ էր, թե՞ Նազարբաեւը նման ֆրազ իրոք ասել էր, հետո էլ վերանայել` հայտնի չէ: Փաստը միայն այն է, որ Նազարբաեւի կայքում նույն առանձնազրույցի մասին տրված պաշտոնական հաղորդագրությունում չկա ոչ նման ֆրազ, ոչ էլ դրա ակնարկ:
«С 1 января наши государства будут взаимодействовать в рамках Евразийского экономического союза. В настоящее время отмечается некоторое снижение торговли, однако это наблюдается в денежном выражении, тогда как физические объемы товарооборота растут, развиваются совместные предприятия. И когда произойдет улучшение конъюнктуры цен, показатели значительно изменятся в позитивную сторону. Общие таможенные границы, свобода передвижения людей и грузов представляет собой большое благо для населения наших стран, - сказал Глава государства»: Եվ վերջ:



Այնպես որ, Մեդվեդեւի լուրը մնաց չհաստատված տեղեկություն:
Երեկ նաեւ Մեջլիսում Բյուրոյի նիստ էր եղել, որտեղ տեղեկացվել էր, որ «Հայաստանի` ԵՏՄ պայմանագրին միանալու մասին պայմանագիրն» այժմ ստացվել է Մեջլիսում: Բյուրոն, համաձայն ռեգլամենտի, առաջարկել է, որ պատգամավորները որոշեն այդ պայմանագրի շուրջ եզրակացություն տալու ժամկետները: Հանձնարարությունը նշանակում է, որ Մեջլիսի հաջորդ նիստում պայմանագիրը «будет принят на работу », այսինքն` կդրվի խորհրդարանում շրջանառության մեջ: Իսկ թե երբ կքննարկվի հանձնաժողովում եւ երբ կհասնի Մեջլիսի նիստում քննարկման` Աստված գիտի: Դեռ մի կողմ թողած, թե քննարկման արդյունքն ինչ կլինի, երբ կուղարկվի Սենատ եւ այլն:



Ընդսմին, Մեջլիսի այն նիստը, որի ընթացքում սպասելի է, որ պայմանագիրն ընդամենը դրվի շրջանառության մեջ, հավանաբար, դեկտեմբերի 24-ին է, Մեջլիսի այս տարվա վերջին նիստին: Վաղը եւ մյուս օրը Ղազախստանում ոչ աշխատանքային օրեր են ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ, հինգշաբթի էլ Նազարբաեւի դուստրը 11:00-ին իշխող «Նոր Օթան» ֆրակցիայի նիստ է անցկացնում բնակֆոնդերի հարցով, ինչն առիթ է մտածելու, որ այդ օրը չկա Մեջլիսի նիստ, այլապես պատգամավորները Մեջլիսի նիստին կմասնակցեին:



ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ «ՔԱՐԿՈԾԵԼ» Է ՊՈՒՏԻՆԻՆ



Ինչպես արդեն ասվեց, Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը երեկվա դրությամբ դեռեւս չէր ներկայացվել Բելառուսի խորհրդարան: Դա այն դեպքում, երբ Ղազախստանի խորհրդարանը եթե աշխատանքներն ավարտելու է հաջորդ շաբաթ, ապա Բելառուսի խորհրդարանն աշխատանքներն ավարտում է ընթացիկ շաբաթ: Դրանից հետո որեւէ նիստ չի կարող գումարվել, քանի որ կլինի հակա-սահմանադրական:



Այսպիսով` ընդամենը 3 օր ժամանակ է մնացել մինչեւ վերջնաժամկետ, եւ այդ ընթացքում վաղը` դեկտեմբերի 17-ին, նշանակված է Ներկայացուցիչների պալատի նիստը, հաջորդ օրը` դեկտեմբերի 18-ին, վերին պալատի` Հանրապետության խորհրդի նիստը, եւ հավանական է, որ երկու պալատները նաեւ եզրափակիչ նիստեր կգումարեն դեկտեմբերի 19-ին: ՀՀ-ԵՏՄ պայմանագիրը դեռ խորհրդարան ներկայացված էլ չէ:
Ինքնաբերաբար, կներկայացվի պայմանագիրը թե ոչ, վճռորոշ կերպով կախված է ՌԴ-Բելառուս հարաբերությունների վայրիվերումներից: Լուկաշենկոն անցյալ շաբաթավերջին երկրի ԱԳ նախարարին հանձնարարել էր բելառուսական ապրանքների համար սպառման նոր շուկաներ փնտրել, եւ հետն էլ ձեռքն ընկած «քարերը» նետել է ՌԴ նախագահի ուղղությամբ.



«Мы не страдаем никакими амбициями на международной арене, мы не позиционируем себя глобальным игроком, не лезем в чужие проблемы и дела. Дай Бог, решить свои, - отметил Глава государства. - Мы не хотим создавать никаких проблем не только нашим соседям, но и любому государству в мире, да и не способны эти проблемы создавать. Мы не вспомним ни одного случая, чтобы кто-то из соседей нам предъявил претензии, что мы мешаем жить»: ԱԳ նախարարն էլ իր հերթին հանդիպել էր Բելառուսում ԵՄ դեսպաններին եւ հայտարարել, որ ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում շատ կարեւոր է Եվրամիություն-Բելառուս հարաբերությունների դերը: Իրոք, մեկնաբանություններից վեր է:



Այս լարված հարաբերություններում էլ երեկ լրացավ Լուկաշենկոյի` ՌԴ իշխանություններին տված ժամկետը` կարգավորելու բելառուսական մթերքների արտահանման հարցը: Մեծ հաշվով, ոչինչ էլ կարգավորված չէ: Россельхознадзор -ը երկու տասնյակ ընկերություններից միայն երկուսին երեկ թույլատրեց վերսկսել մսամթերքի մատակարարումը Ռուսաստան: