Մեջլիսը հավանություն է տվել Հայաստանի ԵՏՄ պայմանագրին

Մեջլիսը հավանություն է տվել Հայաստանի ԵՏՄ պայմանագրին

Իրոք որ միայն դեկտեմբերի 19-ի կեսօրին հաստատապես եւ վերջնականապես պարզ կդառնա Հայաստանի` ԵՏՄ պայմանագրի ճակատագիրը: Ինչ-որ բան այսօր փոխվեց, որն իհարկե դեկտեմբերի 19-ի վերջնաժամկետը չի փոխում, բայց ԵՏՄ պայմանագրի ոդիսականին լրացուցիչ դրամատիզմ է հաղորդում: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը` Մեջլիսը այսօր նիստ է գումարել եւ վավերացրել է Եվրազես-ի գործունեության դադարեցման եւ Հայաստանի ԵՏՄ պայմանագրին միանալու մասին պայմանագրերը:



Կատարվածը բացառիկ դեպք է եւ պատկերացում է տալիս այն ահռելի ջանքերի եւ ճնշման մասին, որ Ռուսաստանը գործադրել է Աստանայի նրա, որպեսզի խախտելով գործող բոլոր ժամկետներն ու ընթացակարգերը, ամեն գնով Մեջլիսն այս շաբաթ վավերացնի Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը: Ռուսաստանում էլ հրաշալի հասկանում են, որ եթե Մեջլիսում այս շաբաթ չվավերացվեր այդ պայմանագիրը, հաջորդ շաբաթ դրա վավերացումը Մեջլիսում հնարավորություն չէր թողնի փաստաթուղթը նաեւ Սենատում վավերացնելու մինչեւ տարեվերջ:



Մեջլիսի նստաշրջաններում այդպես չի պատահում, որ ուրբաթ օրվա օրինագծերի հրապարակումից հետո, հանկարծ երկուշաբթի օրը լրացուցիչ ցանկ հրապարակվի, ինչն այս դեպքում պատահեց: Ավելին, ընթացիկ նստաշրջանում Միջազգային հարաբերությունների հանձնաժողովով անցած շուրջ վեց տասնյակ համաձայնագրերի շարքում չկա գեթ մեկ դեպք, երբ օրինագիծը շրջանառության մեջ դրվելու օրվանից մինչեւ քննարկում չանցնի ժամանակ: Ընդսմին երեք-չորս դեպք հազիվ գտնվի, երբ այդ ժամանակը տեւել է մեկ շաբաթ, բոլոր մյուս դեպքերում դա տեւել է շաբաթներ եւ ամիսներ: Իսկ որ օրինագծի շրջանառության մեջ դրվելուց (принят на работу) մինչեւ քննարկումը բացարձակապես չանցնի ժամանակ… նստաշրջանում շրջանառված բոլոր օրինագծերի տվյալները կայքում դրված են` այդպես երբեք չէր եղել:



Ի դեպ Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովում էլ այսօր քննարկվել են Եվրազեսի եւ Հայաստանի պայմանագրերը եւ եզրակացությունն ուղարկվել է գլխադասային` “Միջազգային հարաբերությունների, պաշտապանության եւ անվտանգության” հանձնաժողով: Այդ հանձնաժողով է գնալու նաեւ Մեջլիսում այսօր հավանության արժանացած Հայաստանի ԵՏՄ պայմանագիրը:



Ինչեւէ, այսօր կատարվածի բացառիկությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու է Հայաստանի ԵՏՄ պայմանագրի վավերացման համար պարտադիր, որ դա կատարվի մինչեւ տարեվերջ: Մնում է հետեւել, թե Ղազախստանի եւ Բելառուսի դեմ կենաց-մահու պայքարում ՌԴ իշխանություններին ինչ կհաջողվի եւ չի հաջողվի մինչեւ վերջնաժամկետ: