ԵՏՄ անդամակցության տապալումը․ վերջնագիծ

ԵՏՄ անդամակցության տապալումը․ վերջնագիծ

Այսօր դեկտեմբերի 19-ն է, վերջին օրը, երբ Բելառուսի խորհրդարանի վերին եւ ստորին պալատները եւ Ղազախստանի խորհրդարանի առնվազն ստորին պալատը պետք է վավերացրած լինեին Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, որպեսզի 2015-ի հունվարի 1-ից Հայաստանն անդամակցեր ԵՏՄ-ին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ էլ Հայաստանի պայմանագիրը չներկայացրեց խորհրդարան եւ գրեթե երաշխավորեց Հայաստանի ԵՏՄ պայմանագրի չվավերացվելը Բելառուսում:



Այդուհանդերձ, այդ մասին վերջնականապես եւ հաստատապես հնարավոր կլինի հայտարարել միայն այսօր, օրվա երկրորդ կեսին, երբ Բելառուսի խորհրդարանը պետական օրհներգի ներքո ավարտի նստաշրջանը: Դրանից հետո արդեն սահմանադրության ուժով մինչեւ տարեվերջ եւ դրանից հետո էլ դեռ երկար ժամանակ որեւէ նիստ չի լինելու:



Գործնականում, իհարկե, անհնար է նստաշրջանի վերջին օրը պայմանագիր ներկայացնել խորհրդարան եւ այն հասցնել թեկուզ ստորին պալատի նիստում քննարկելու, հաշվի առնելով կանոնակարգի անվերջ պահանջները: Անգամ, նկատի ունենալով, թե երեկ ինչ օրենսդրական ատրակցիոն խաղարկվեց Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատում` Մեջլիսում, երբ շրջանառության մեջ անգամ չդրված, ոչ մի հանձնաժողովում չքննարկված, գլխադասային հանձնաժողովի եզրակացություն չունեցող Հայաստանի ԵՏՄ պայմանագիրը, ռեգլամենտի բոլոր պահանջների բացահայտ ոտնահարմամբ, միանգամից Մեջլիսի նիստում շրջանառության մեջ էր դրվել եւ տեղում էլ վավերացվել:



Այսօր առավոտյան, ժամը 10:00-ին Բելառուսի Ազգային ժողովի ստորին եւ վերին պալատները կգումարեն համատեղ նիստ, որի ընթացքում կհնչի երկրի փոխվարչապետի ելույթը սոցիալ-տնտեսական զարգացման թեմաներով, եւ պատգամավորները հարցեր կտան կառավարությանը: Դրանից հետո, օրվա երկրորդ կեսին Ներկայացուցիչների պալատը կգումարի իր եզրափակիչ նիստը, որի օրակարգում, բնականաբար, չկա Հայաստանի ԵՏՄ պայմանագրի հարցը, քանի որ երեկ էլ պայմանագիրը չէր ներկայացվել խորհրդարան եւ չէր հասել համապատասխան հանձնաժողով: Օրվա երկրորդ կեսին` 15:00-ին, եզրափակիչ նիստ կգումարի նաեւ խորհրդարանի վերին պալատը` Հանրապետության խորհուրդը: Այս պալատի օրակարգում նույնպես ինքնաբերաբար չկա Հայաստանի ԵՏՄ պայմանագիրը:



Այսօրվա եզրափակիչ նիստերով ավարտվում է Բելառուսի խորհրդարանի նստաշրջանը, եւ Հայաստանի ԵՏՄ պայմանագիրն այսօր չվավերացվելու դեպքում այլեւս մինչեւ տարեվերջ եւ դրանից հետո էլ դեռ շատ երկար կմնա չվավերացված՝ Բելառուսի սահմանադրության ուժով: Իսկ հունվարի 1-ի դրությամբ չվավերացված եւ գործողության մեջ չդրված Հայաստանի պայմանագիրն այդ ժամկետից հետո այլեւս կհակասի ԵՏՄ բուն պայմանագրին եւ ենթակա չի լինի վավերացման:



Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, որ այսօր, խորհրդարանի նստաշրջանի վերջին օրը, Հայաստանի ԵՏՄ պայմանագիրը Բելառուսը քննարկի: Երեկվա եւ ընդհանրապես Լուկաշենկոյի վերջին օրերի հայտարարություններից դատելով` ոչ: Երեկ էլ, տնտեսական մի խորհրդակցության առիթն օգտագործելով, Լուկաշենկոն դարձյալ մտքին եկածն ասաց Ռուսաստանի հասցեին, կառավարությանը հանձնարարեց, որ Ռուսաստանից պահանջեն բոլոր մատակարարումների դիմաց վճարել ոչ թե արժեզրկված ռուբլով, այլ կայուն արժույթով` դոլարով կամ եվրոյով, նաեւ բոլորին արգելեց Ռուսաստանի ֆինանսական համակարգին հետեւել, քանի որ այդ երկիրը գնում է դեպի փլուզում, ռուսական տնտեսության վիճակից սատանան էլ գլուխ չի հանի, եւ այլն:
Այսպիսով, սպասենք մինչեւ այսօր երեկո՝ Բելառուս-Ռուսաստան եզրափոկիչ մարտի ելքին: