Դեպի ապահով Հայաստան կամ լիքը «լայք» ԵՏՄ-ին

Դեպի ապահով Հայաստան կամ լիքը «լայք» ԵՏՄ-ին

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ամենաշատը և առաջին հերթին բացատրվում է Հայաստանի անվտանգությամբ: Սրա մեջ, անշուշտ կա ճշմարտություն: Բայց սրանից հետևում է նաև, որ անվտանգության մեր ակնկալիքը ԵՏՄ մտնելուց հետո չպետք է մոռացվի: Հասարակ մի օրինակ բերեմ: Պատկերացրեք, թե ինչ կաներ Ռուսաստանը կամ ԵՏՄ-ն, եթե Լեհաստանը կամ մերձբալթյան երկրները ռմբակոծեին Բելառուսի բնակավայրերը: Բերեմ մեկ ուրիշ, արդեն կատարված փաստ: Այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, տեղի չէր ունենա, եթե ԵՏՄ-ն ստեղծվեր ոչ թե այս, այլ նախորդ տարվա հունվարի 1-ին: Ռուսաստանը կարողացավ ՙփրկել՚ միայն փշրանքները` Ղրիմը և Դոնբասի մի հատվածը:



Հայաստանը հրաշքով խուսափեց Ուկրաինայի ճակատագրից: Ճիշտ է, Հայաստանում խիստ ընդգծված և մեծ ազդեցություն վայելող արևմտամետ ուժեր չկային, բայց այնպես էլ չէր, որ Ուկրաինայում բոլորը մայդանի մասնագետ էին: Հարցերը լուծողը Արևմուտքի ձեռքն էր, արևմտյան ֆինանսները, էմիսարները, զինվորական գործի մասնագետները: Այս ամենի առկայությամբ այսօր հնարավոր է աշխարհի ամենահետամնաց գյուղում անգամ մայդան ու հեղաշրջում առաջ բերել: Մենք այսօր ԵՏՄ անդամ ենք և, իբր, ավելի պաշտպանված Արևմուտքի վարած արտաքին քաղաքականությունից: Այսինքն` ապահով: Բայց այդպե՞ս է արդյոք:



ԵՏՄ անդամակցությունից ի վեր Հայաստանի արևելյան սահմաններում և հայ-ադրբեջանական շփման գիծի ղարաբաղյան հատվածում անհանգիստ է: Ի՞նչ է մտմտում Ադրբեջանը: Մի՞թե Ալիևը չի գիտակցում, որ մենք հիմա ապահով ենք: ՀՀ իշխանությունները որևէ բացատրություն ունե՞ն այն մասին, թե ինչու է ԵՏՄ անդամ Հայաստանում ավելի վտանգավոր, քան 2013 թվականի սեպտեմբերի 3-ից առաջ, երբ Մինսկի խումբը ոչ թե դիտորդ էր, այլ հայ-ադրբեջանական երկխոսության հարթակ: Թող որ անպտուղ, բայց, այնուամենայնիվ, երկխոսության հարթակ և ոչ թե պատերազմի:



Մեր տնտեսագետները սկսել են խոսել ԵՏՄ կազմում մեզ սպասվող տնտեսական առաջընթացից: Անշուշտ տնտեսական առաջընթացի հնարավորությունները չի կարելի բացառել: Բայց, կրկնում եմ, եկեք չմոռանանանք, որ մենք ԵՏՄ մտել ենք առաջին հերթին անվտանգության նկատառումներով: Հետևաբար, ի՞նչ տնտեսական առաջադիմության մասին կարող է խոսք լինել, քնի դեռ հարևան երկիրը ռմբակոծում է քո գյուղերը, լոկալ պատերազմներ մղում առաջնագծի առանձին հատվածներում, սպառնում մասշտաբային պատերազմով:



Ադրբեջանը ոչ միայն ԵՏՄ, այլև ՀԱՊԿ անդամ չէ: Սակայն Ադրբեջանը ռմբակոծում է ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքը: Ո՞վ կարող է ասել, թե այսքանից հետո որ տեղում է հայտնվում մեր անվտանգության խնդիրը, ինչի պատճառով, իբր, մտել ենք ԵՏՄ: Մենք առանց ԵՏՄ մտնելու էլ թշնամու պակաս չունեինք: Հիմա մեր թշնամիների թիվը կրկնապատկվել, եռապատկվել է ի հաշիվ ԵՏՄ հակառակորդների ու թշնամիների: Ահա, թե որտեղ ենք առաջընթաց գրանցել:



Մեր ասածն այն է, որ հայրենի իշխանությունները դադարեն խոնջանալ ԵՏՄ-ում հայտնվելու գիտակցությունից ու վերհիշեն, որ ժողովրդին ապահովություն են խոստացել ԵՏՄ մտնելուց առաջ: