Գյումրիի դեպքը խոր վերք բացեց

Գյումրիի դեպքը խոր վերք բացեց

Գյումրիի դեպքը խոր վերք բացեց: Սա ավելի սահմռկեցուցիչ է, քան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը, քան Մոսկվայի մարզում ՙԿամազի՚ անսարքության պատճառով տեղի ունեցած ողբերգությունը: Աշխարհի ոչ մի նախագահ չի գա մեր նախագահի հետ Երևանում քայլարշավ անի, թե պայքարում եմ այսինչ բանի դեմ: Այս բանի անունը դեռ չկա` մտնել տուն և կոտորել բոլորին` մեծից փոքր:



Ժամկետային զինծառայողը զենքով հանդերձ դուրս է գալիս զորամասից: Միայն դդումը կմտածի, որ պատահականություն է: Սա ՙԿամազի՚ արգելակ չէ, որ չի աշխատել այդ պահին: Այդ ռուս զինվորին խալաթ չես հագցնի:



Խորապես ցավակցում եմ Ավետիսյանների ընտանիքին, սգում մեծ վիշտը, որ բոլորինս է:



Այս պահի մտորումները լավ տեղ չեն տանում: Խոր վերք բացվեց հայ-ռուսական հարաբերություններում: Ինչ-որ մեկին խանգարում է Հայաստանում տեղակայված ռազմաբազան: Այս իմաստով էլ պետք է ամեն գնով բռնել վիժվածքին, պարզել տեղի ունեցածի մասին ողջ ճշմարտությունը: Այլապես նրան սատկացնելու է այս ոճրագործության իսկական կազմակերպիչը, որպեսզի թաքցնի դեպի իր տուն բերող հետքը: Այս դեպքի բացահայտման հարցում մեզնից ավելի շահագրգռված պետք է լինի ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը` մինչև Պուտին: