Պերմյակովին կանացի խալաթ չեն հագցնի

Պերմյակովին կանացի խալաթ չեն հագցնի

Գյումրու սպանդի հեղինակը՝ 18-ամյա ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, նախորդ օրը, կեսգիշերին մոտ, վնասազերծվեց եւ ձերբակալվեց: Նա բռնվեց փախուստի ամենականխատեսելի վայրում՝ հայ-թուրքական սահմանից մոտ 2 կիլոմետրի վրա, Գյումրուց մոտ 16 կմ հեռու գտնվող Բայանդուր գյուղի մոտ: Բայանդուրցիները պատմում են, որ կալանավորելու պահին երիտասարդը մի 40 րոպե պառկած է եղել գետնին, ենթարկվելով սահմանապահների հրահանգներին, մինչեւ նրանք եկել-հասել են: Ապա «վիլիս» են նստեցրել եւ տարել: «Լավ է, որ մեր ձեռքը չի ընկել, թե չէ մարմնի մասերը կես-կես կանեինք, կասեինք՝ կեր մասերդ»,- ասում էին բորբոքված մարդիկ, իսկ ալեկոծված Գյումրվա փողոցներում, մարդաշատ վայրերում մարդիկ իրար հարցնում էին, թե այդ ոնց եղավ, որ Պերմյակովը, որն ընդամենը մեկ ամիս էր ծառայում ռուսական ռազմաբազայում, այդքան լավ գիտեր հայ-թուրքական սահման տանող ճանապարհը:



Եթե նա խելագար է, քանի որ, ինչպես ինքն է ասել ոստիկաններին, վերացրել է 6 հոգանոց ընտանիքը միայն այն պատճառով, որ իրեն ջուր չեն տվել, ապա ինչպե՞ս է գլխի ընկել, որ պետք է փոխի զինվորականի համազգեստը, քաղաքացիական հագուստ հագնի, մոտը երեք բջջային պահի եւ այլն: Հայտնի է, որ կատարվածի պատճառները հետաքննելու համար Հայաստան է ժամանել ռուսական պաշտպանական գերատեսչության հատուկ հանձնաժողովը՝ պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ Արկադի Բախտինի գլխավորությամբ:



Երեկ մեր փորձերն անհաջողության մատնվեցին՝ ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը ոչ մի կոնտակտի չի մտնում հայկական մամուլի հետ: Ոչ մի ինֆորմացիա ռուսական կողմից, միայն ցավակցական ուղերձներ են տարածում ՌԴ դեսպանատան, պաշտպանական գերատեսչության, արտակարգ իրավիճակների նախարարի եւ այլոց կողմից: Ռուսական զորամասից հաջողվել է տեղեկանալ միայն, որ Պերմյակովը հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը դիրքապահ է եղել, սակայն առավոտյան 6-ին նրան հերթապահության վայրում չեն հայտնաբերել: Նա ինքնակամ թողել է դիրքերը: Վալերի Պերմյակովը ձեւակերպված է եղել որպես վարորդ-մեխանիկ: Նրա ծառայակիցները պատմում են, որ երիտասարդն ագրեսիվ չէր, չէին հավատում, որ կարող էր նման արարք կատարել, քանի որ հանգիստ, ընկերասեր տղա էր: Գյումրու ռազմաբազա նա տեղափոխվել է իր ծննդավայր Չիտայից, որտեղ արդեն ծառայում էր մոտ կես տարի, իսկ մինչ այդ երեկոյան դպրոց է ավարտել:



Ռուս իրավապահների տեսադաշտում նա հայտնվել էր դեռ զորակոչվելուց առաջ, իսկ նրա եղբայրը նախկինում դատապարտված է եղել սպանության համար: Ըստ որոշ տեղեկությունների, նա նաեւ հոգեկան հիվանդություն է ունեցել: Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին ռուսական բանակից հայտնել են, որ նախկինում եւս Պերմյակովը փորձել է փախչել բանակից, քանի որ չի ցանկացել ծառայել: Փախուստից հետո հայտնվել է հիվանդանոցում, մտափոխվել է եւ զեկուցագիր գրել իրեն զորացրելու խնդրանքով: Դեկտեմբերի 3-ին նրան փոխադրել են Գյումրի, մեր տեղեկություններով, անբավարար վարքի համար: Փաստորեն, Հայաստանը յուրահատուկ աքսորավայր է ոմանց համար, որտեղ դասալիքներին տեղափոխում են վերադաստիարակելու մտադրությամբ: Եվ այսպես, դեկտեմբերի 3-ին Պերմյակովը եկել է Գյումրի, իսկ հունվարի 12-ին գազանաբար սպանել է վեց անձի՝ անհայտ, անհավանական դրդապատճառով:



Արտասահման մեկնելուց առաջ (իսկ Հայաստանն առայժմ պետք է որ արտասահման դիտվի Ռուսաստանի քաղաքացիների համար՝ Ս.Ս.) զինծառայողները հատուկ ստուգում են անցնում: Այս հոգեխախտ, անկայուն վարքի տեր, անպարտաճանաչ եւ հանցավոր հակումներ ունեցող անձնավորությունն ինչպե՞ս է հայտնվել արտասահմանյան բազայում, ի՞նչ նպատակով: Հարցերի պատասխանները պետք է տան ռուս իրավապահները, քանի որ ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունները որոշել են, որ մերոնք ընդամենը կարող են հետեւել ՌԴ իրավապահ մարմիների իրականացրած քննությանը, կամ, ինչպես Գլխավոր դատախազությունն է տարածում, «ակտիվ իրավական փոխգործակցությամբ» զբաղվել, քանի որ «Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է եւ գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության, նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո:



Հետեւաբար, Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»: Այնպես որ, Պերմյակովին կամ նրա արարքի համար պատասխանատու ռուս հրամանատարներին մերոնք ոչ միայն չեն պատժի, գոնե կանացի խալաթ էլ չեն հագցնի: