Համատեղ քննչական գործողությունների փորձ չկա

Համատեղ քննչական գործողությունների փորձ չկա

Երեկ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ որոշում է կայացվել 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ քրօր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այս որոշումը տարածվեց ռուսական ռազմաբազայի մոտ տեղի ունեցող բուռն ցույցի ամենաթեժ պահերին, երբ իրավապահներով շրջապատված բազմությունը պահանջում էր Պերմյակովի հանձնումը հայ իրավապահներին: Իսկ քիչ անց Շիրակի դատախազը, որը միակ պաշտոնյան էր, որ համարձակվել էր դուրս գալ ցուցարարների մոտ, խնդրում-աղաչում էր նրանց, որ հեռանան ռուսական ռազմաբազայից, պրովոկացիաների չգնան, «քայլեն դեպի դատախազություն», բարձրանան իր աշխատասենյակ՝ հարցը քննարկելու:



Ժողովուրդը չէր ենթարկվում եւ դատախազին խոստանում էր «ոտքով Երեւան գնալ եւ սաղին խփել», մինչեւ որ Կոստանյանն ասի, թե երբ են «տալու ռուսին»: Եվ ահա այդ ժամանակ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նաեւ առերեւույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաեւ բռնվելու հանգամանքները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու եւ հարցաքննելու ուղղությամբ»: Այս հայտարարությունը խառնաշփոթ ստեղծեց եւ հույսեր, թե հնարավոր է, որ իշխանությունները, ժողովրդական ցասումի ալիքից երկյուղած, այնուամենայնիվ, որոշել են հետ պահանջել Պերմյակովին ռուսական կողմից:



Պարզ չէր, թե ինչպես է ՀՀ քրեական օրենսգրքով որպես մեղադրյալ ներգրավվել մեկը, ով ըստ էության Հայաստանում չէ, եւ ում պետք է դատեն այլ պետության օրենքով: Կամ ի՞նչ է նշանակում պնդումը, թե «ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովումը, ինչպես նաեւ հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ», այն դեպքում, երբ մեղադրյալին նույնիսկ պարզ հարցեր ուղղելու հնարավորություն մեր իրավապահներն այս պահին չունեն:



Մեր հարցերին հակիրճ պարզաբանում տվեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Ըստ նրա, հայկական կողմը, Քննչական կոմիտեն իր մասով շարունակում է քննությունը: «Մենք սպանության հոդվածով հարուցել ենք քրեական գործ մեր երկրի տարածքում մեր քաղաքացիների հանդեպ կատարված հանցագործության փաստով, իսկ իրենք գործ են հարուցել՝ իրենց դասալիքի հետ կապված: Մեզ համար կարեւոր է, որ անձը դատվի օրենքի ողջ խստությամբ»,- ասաց նա: Ակնհայտ է, որ համատեղ քննչական գործողությունները, որոնց մասին նախօրեին հայտարարել էր Գլխավոր դատախազությունը, նաեւ ոստիկանապետի տեղակալ Հունանյանը, այնքան էլ «համատեղ» չեն, եւ նման գործողությունների պրակտիկա մեր իրավապահներն իրականում չունեն:



Ամեն մեկն իր քննությունն է կատարում: Մերոնք «ձեռքի տակ» չունեն մեղադրյալին, իսկ ռուսները՝ իրեղեն ապացույցները: Օրինակ, զենքը, որով ենթադրաբար կատարվել է հանցագործությունը, եւ որը մեր իրավապահներն են առգրավել: Վերադառնալով Քննչական կոմիտեի հույսեր առաջացրած հայտարարությանը՝ նշենք, որ այն կամ հանրությանն ապակողմնորոշելուն եւ ժամանակ շահելուն է ուղղված, կամ Աղվան Հովսեփյանը որոշել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել եւ ցույց տալ, որ ինքը, ի տարբերություն գործող դատախազի, ոչ թե անգրագետ ու իրավիճակը սրող հայտարարություններ է տարածում, այլ գործ է անում: