Ռուսական բանակում դաժան բարքեր են տիրում

Ռուսական բանակում դաժան բարքեր են տիրում

Ռուսական քարոզչամիջոցներում ընդունված է բացասական կարծիքներ տարածել ուկրաինական զինուժի, այդ երկրում լայնորեն տարածված դասալիքության մասին, պատմել, որ ուկրաինական բանակը համալրված է բացառապես հարբեցողներով, հանցագործներով եւ թմրամոլներով: Գյումրվա ողբերգությունն ապացուցեց, որ սա ռուսական բանակում տիրող իրավիճակի ճշգրիտ նկարագրությունն է, եւ այս մասին արդեն մի քանի տարի է, ինչ թմբկահարում են ՌԴ իրավապաշտպաններն ու ռազմական փորձագետները: Ըստ ՌԴ իրավապահ մարմինների վիճակագրության, տարեկան բանակային ծառայությունից հրաժարվում է մոտ 300 հազար երիտասարդ, եւ մոտ 10 հազար մարդ չի գնում զինկոմիսարիատներ՝ անգամ համապատասխան ծանուցում ստանալուց հետո:



Մինչդեռ հենց այս 200-300 հազարն են անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանն ունենա Պուտինի երազած մեկ միլիոնանոց բանակը: Նախագահ Պուտինը փորձում է պայքարել դասալիքների եւ բանակից խուսափողների դեմ, որոնց համար նույնիսկ հատուկ տերմին կա՝ «ուկլոնիստներ»: Անցյալ տարի, օրինակ, նա օրենք ստորագրեց, որով մի շարք սահմանափակումներ սահմանվեցին նման անձանց համար: Օրինակ, արգելվեց պետական մարմիններում աշխատանքի ընդունել մինչեւ 27 տարեկան այն տղամարդկանց, ովքեր չեն ծառայել բանակում, : Բայց նման միջոցառումները սպասված արդյունքը չեն տալիս: Այդ նույն բանակում, ըստ ՌԴ դատախազության պաշտոնական տվյալների, մեծ կոռուպցիա կա: Անցյալ տարեսկզբին, օրինակ, ՌԴ գլխավոր դատախազությունը սենսացիոն թիվ հրապարակեց, որը տիրաժավորեցին Ռուսաստանի եվրոպամետ գործիչները. ըստ դատախազության տվյալների, 2013 թվականի վեց ամիսներին ռուսական տնտեսությունը 4,4 մլրդ դոլարի վնաս է կրել բանակային կոռուպցիայի արդյունքում:



Ինչպես տեսնում ենք, մեր եւ ռուսական զինուժն այս իմաստով երկվորյակներ են: Մի տարբերությամբ՝ եթե ռուսները գոնե հազվադեպ ինչ-որ անկեղծ թվաբանություն են ներկայացնում, ապա մերոնք դա էլ չեն անում: Ուկրաինական դեպքերից հետո դասալիքությունը ՌԴ բանակում ավելացավ: Զինվորականներից շատերը, նույնիսկ պայմանագրայիններից, այսպես ասած, «կոնտրակտնիկներից», խուսափելով ուղարկվել Ուկրաինա, փախչում էին բանակից տուն: Այս մասին իր ՖԲ էջում դեռեւս աշնանը գրել էր քաղաքագետ Դմիտրի Բավիրինը: Ժամկետային զինվորական ծառայության է մեկնում ամենաչքավոր խավը՝ նրանք, ովքեր չունեն կապեր, ծանոթ-բարեկամ, անգամ հացի փող եւ բանակի եւ բանտի միջեւ գերադասում են բանակը: Ինչպես հայտնի է, սոցիալական այս շերտից էր նաեւ Վալերի Պերմյակովը:



«Ռուսաստանում միայն անտերներն են ծառայում, ինչպես եւ այստեղ,- ասաց բանակային հանցագործությունների մեջ մասնագիտացած Ռուբեն Մարտիրոսյանը,- բայց եթե ռուսները զորք են պահում Հայաստանում, պետք է լինեն արհեստավարժ, ոչ թե ժամկետային զինծառայողներ: Չէ՞ որ նույն այդ Ռուսաստանի բանակի մեծ մասը պայմանագրային զինծառայողներ են, եւ հենց նրանց պետք է վստահվի ծառայությունն արտասահմանյան ռազմաբազաներում»: Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, ռուսական բանակում «դեդովշչինան», զինվորների ծեծն ու խոշտանգումները սարսափելի չափերի են հասել եւ շարունակում են խորանալ, քանի որ սպաների համար այդպես ավելի ձեռնտու է. «Իրենք ոչինչ չեն անում, ալկոհոլիզմով են զբաղվում, եւ «չաստ նայողները» կատարում են սպայի աշխատանքը: Նույնն էլ մեզ մոտ է: Քանի անգամ նկատել եմ, որ երբ զորամասում որեւէ դեպք է կատարվում, առաջինը հարց են բարձրացնում «չաստ նայող» զինվորների առաջ, թե բա դուք ո՞ւր էիք:



Սա հետեւանք է նաեւ այն բանի, որ արհեստավարժ սպաները դուրս բերվեցին բանակից, եւ այնտեղ մնացին «ճշտով առաջնորդվողները», որոնք միաժամանակ եւ պագոն ունեն, եւ գողական են»: Իր իրավական պրակտիկայից Ռուբեն Մարտիրոսյանը միայն մեկ դեպք հիշեց, որն իր դաժանությամբ համահունչ էր Գյումրիի դեպքերին. «96 թվականին մի սպա Մատաղիսի զորամասի Թալիշի բատալյոնում 6 զինվոր սպանեց: Հանցագործությունը չբացահայտվեց: Ես երկու տարի հետո միայն ծանոթացա այդ գործին, խառը ժամանակներ էին: Ենթադրյալ պատճառը խանդն էր կնոջ հանդեպ: Ամեն դեպքում, նման արարքի համար մարդը պետք է շատ ծանր հոգեվիճակում լինի»:



Իրավապաշտպանը չբացառեց, որ Պերմյակովը կարող է իրոք հոգեկան հիվանդ լինել, բայց այլ հանգամանքներ էլ կարող էին լինել: «Օրինակ, ատելությունը ծառայակիցների հանդեպ կարող է նրան այն վիճակի հասցնել, որ նա հայերից վրեժը լուծի: Ռուսական բանակում դաժան բարքեր են տիրում»,- ասաց Ռուբեն Մարտիրոսյանը, վերհիշելով դեռեւս խորհրդային շրջանում բացահայտված մի դեպք, երբ ռուսական նավատորմի նավերից մեկի վրա զինվորներին որպես ստրուկներ էին պահում: «Հիմա, կարծում եմ, նույնը կատարվում է ռուսական բանակում»,- ասաց Ռուբեն Մարտիրոսյանը: